Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանի տրանսպորտից ուղեւորները դժգոհ են. «Չենք ուզում 300 դրամ վճարենք՝ կաթ ու մածունը գլխավերեւում երթեւեկենք»

Հուլիս 24,2019 20:25

Երկու տարի առաջ գործարկվեց դեպի «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ երթուղագիծ, որը սպասարկում են բարվոք վիճակում գտնվող միկրոավտոբուսներ: Այն պետք է գործեր ճեպընթացի տրամաբանությամբ, այսինքն՝ ուղեւորներին մի կետից՝ Հանրապետության հրապարակից, առանց կանգառների, պետք է տեղափոխեր օդանավակայան եւ հետ բերեր: Ուղեւորների հարմարավետության համար կանգառներ սահմանեցին միայն Փակ շուկայի մոտ ու Կենտրոնական ավտոկայանի տարածքում: Նշյալ տրանսպորտը հիմա էլ է գործում. ուղեվարձը 300 դրամով քաղաքացիները հասնում են օդանավակայան,ինչը, ուղեւորների խոսքով, ձեռնտու տարբերակ է: Ճեպընթացն աշխատում է 24-ժամյա ռեժիմով: Մինչ այդ, օդանավակայանը սպասարկող հասարակական տրանսպորտ չկար, որը կերթեւեկեր այդ գրաֆիկով եւ առանց կանգառների: Այս երթուղագիծը 2017-ին բացվեց հասարակական պահանջի արդյունքում:

Այն նկատելիորեն թեթեւացրեց ուղեւորների բեռը, քանի որ մեր քաղաքացիները նաեւ զբոսաշրջիկները ստիպված չեն լինում օդանավակայան հասնելու կամ օդանավակայանից գնալու համար 2500-3000 դրամ տաքսուն վճարել:

Մինչ այդ, օդանավակայան հասնող միակ տրանսպորտը թիվ 18 միկրոավտոբուսն էր, որը սակայն օդանավակայանին հարակից բնակավայրերի համար էր նախատեսված եւ կոնկրետ օդանավակայան գնացողների համար այդքան էլ հարմար տարբերակ չէր: Զբոսաշրջիկների հոսքով պայմանավորված, այսպես ասած, ճեպընթացի սկզբնակետը Հանրապետության հրապարակն էր: Բացի այդ Հրապարակին մոտ մետրոյի կայարան կա:

Aravot.am-ը օրերս օդանավակայան գնացող ուղեւորներից դժգոհություն է ստացել, որ օդանավակայանի ճեպընթացը դարձել է սովորական միկրոավտոբուս, որն ամեն քայլափոխի կանգնում է ու ուղեւոր վերցնում ու իջեցնում: Սա նաեւ անհարմարություններ է առաջացնում այն ուղեւորների համար, որոնք օդանավակայան են գնում ճամպրուկներով: Նրանց խոսքով, առանց այդ էլ միկրոավտոբուսում ճամպրուկների քիչ տեղ կա, ուղեւորներից մեկի խոսքով էլ, օդանավակայանի ճանապարհի հարակից բնակավայրերում ապրողներն էլ դարձել են այս միկրոավտոբուսի մշտական ուղեւորները. «Ես 300 դրամ վճարում եմ, որպեսզի հանգիստ հասնեմ օդանավակայան, սակայն ճանապարհին այնքան ուղեւոր է վերցնում, որ եղել է դեպք՝ մարդիկ ուղղակի կախված էին գնում:

Ես չեմ ուզում 300 դրամ վճարենք՝ կաթ ու մածունը գլխավերեւում երթեւեկենք: Արգավանդում ամեն թփի տակ կանգնում է: Ճեպընթացի իմաստն այն է, որ արագ տեղ հասցնի, առանց ամեն րոպե կանգնելու, հակառակ դեպքում՝ քաղաքային տրանսպորտից կօգտվենք»:

Ըստ մեր զրուցակցի՝ «Ստացվում է սուս ու փուս տրանսպորտը թանկացրին: 150 դրամին էին դեմ, բայց հիմա 300 դրամից ոչ ոք չի բողոքում»:

Aravot.am-ը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որը, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում համակարգում է նաեւ տրանսպորտի ոլորտը, հետաքրքրվեց՝ արդյոք օդանավակայան գնացող նշյալ միկրոավտոբուսների սպասարկման պայմաններում փոփոխություններ են տեղի ունեցել եւ փոխադրամիջոցը, բացի  մայրաքաղաքում նախատեսված երկու կանգառից այլ վայրերում էլ կարող է կանգառ կատարել:

Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը մեր հարցին ի պատասխան, ասաց, որ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, ներկայումս նախարարությունը միայն երթուղու սպասարկման իրավունքն է տալիս՝ մրցույթի արդյունքում: Իսկ վերահսկողությունը՝ արդյոք տվյալ երթուղին սահմանված չվացուցակով է իրականացնում իր աշխատանքը եւ այլ հարցեր, հետեւում է կառավարության ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
«Զվարթնոց» Օդանավակայանի երթուղագծի սպասարկումն իրականացնում է «Էլիտ Բաս» ընկերությունը, որը գծի սպասարկող է դարձել մրցույթի արդյունքում:
Ամեն դեպքում, նախարարության պատասխանատուից տեղեկացանք, որ կանգառների մասով երթուղու սպասարկման պայմաններում փոփոխություններ տեղի չեն ունեցել, ինչպես որ ընկերությունը մրցույթը շահել է, այդ պայմաններն էլ ուժի մեջ են: Իսկ թե իր չվացուցակից ու սահմանված կանգառներից շեղվում է թե՝ ոչ՝ տեսչական մարմինը պետք է ուսումնասիրի ու պարզի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    10 օր է Հայաստանում եմ։ Բառացիօրէն ամէն տեղ կատարեալ քաոս է՝ խելագարութեան աստիճան։ Ուղեղս կախում է։ 🙁

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031