Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի անակնկալ այցը Գյումրի․ նա ճանապարհաշինարարներին հիշեցրեց սև ցուցակի մասին (Ֆոտոշարք)

Հուլիս 24,2019 19:15

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անակնկալ այց կատարեց Գյումրի՝ վերահսկելով փողոցաշինության ընթացքը։ Նախարարը նախ եղավ կայարանամերձ Տիգրան Մեծ փողոցում, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր  նախավերջին այցի ժամանակ քայլել էր ոտքով ու դիտողություններ արել։ Վարչապետին բարկացրել էր այն, որ փողոցաշինության ընթացքում չեն պահպանվում շինարարական նորմերը․ միաժամանակ քանդված է և՛ մայթը, և՛ փողոցը։ Նա քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրել էր՝ ասենք, կաբլուկով կին պիտի անցնի, ո՞նց անցնի։

Նախարար Պապիկյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ոտքով քայլեց փողոցով,  հետաքրքրվեց՝ արդյո՞ք ասֆալտն անցել է փորձաքննություն, նկատեց, որ մայթերը լավ են ստացվել  և որ լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ։ Նա նաև նշեց, որ շինարարներն էլ աշխատելու կարողություն պիտի ձեռք բերեն։ «Քաղաքը պիտի սիրունացնենք, դեռ սիրուն չէ»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանը նաև այցելեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ և նկատողություն արեց շինարարին․ «Լուծմանը մի քիչ արագ հասեք, չի կարող էսպես մնալ»։ Նախարարը նաև ասաց, որ ժամկետների խախտման դեպքում խիստ միջոցների պիտի դիմել, ընդհուպ մինչև սև ցուցակի մեջ գցել։ Քաղաքապետ Բալասանյանն ասաց, որ հապաղելու համար նաև օբյեկտիվ պատճառներ կան։

«Ինչը օբյեկտիվ խնդիր է, կարելի է  հասկանալ, հիմա էս մարդիկ մեր թշնամին չեն, մենք էլ՝ իրենց», -ասաց նախարարը։ Սամվել Բալասանյանն էլ շեշտեց՝ «Միայն որակով անեն, ես իրենց առաջին օրվանից եմ ասել, հետագայում չքանդվի»։ «Որակ գումարած արագություն», -հակադարձեց նախարարը։ Սամվել Բալասանյանը հավելեց, որ օգոստոսի 25-ին՝ Գյումրու օրն, այս փողոցը պիտի հանձնած լինեն։

Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Եթե որևէ շինարար մտածում է՝ պետական բյուջեի միջոցները փոշիացնել, մենք ընդամենը բարեկամաբար պետք է իրենց խնդրենք, որ այլևս նման մոլորություններ չունենա, դա ընդհուպ տանելու է տվյալ ընկերության սնանկացման։ Մենք շահագրգռված ենք, որ հայաստանյան ընկերությունները լինեն շատ ուժեղ՝ իրենց կարողություններով, ունակություններով, որ մեն կարիք չունենանք որևէ տեղից նոր շինարար հրավիրելու։ Մենք  պատրաստ ենք այդ հարցում բոլորին աջակցելու, աջակցության ամենակարևոր երաշխիքն այն է․ որ կառավարությունն այս տարի և մյուս տարվա համար մեծ միջոցներ է դնում ճանապարհաշինության մեջ։

Այսինքն` սա հնարավորություն է տալիս, որ պարտաճանաչ ընկերությունը կարողանա իր կարողությունը մեծացնի, իր հնարավորությունները մեծացնի, ուժեղանա, հարստանա և մեզ որակով ճանապարհներ ապահովի։ Հիմա դրան զուգահեռ մենք պահանջում ենք որակ և պահանջում ենք, որ լինի ժամկետի մեջ, որովհետև այդ ժամկետը մեզ համար կարևոր ու էական է»։

Նախարարը նշեց, որ որևէ մեկը թող չկասկածի իրենց հետևողականությանը, լավ աշխատողը պիտի խրախուսվի,արժանանա գոհունակության, իսկ վատ աշխատողը պիտի պատժվի։

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ամենամեծ «ատկատները» սովորաբար նկատվում են ճանապարհաշինարարության ոլորտում, շինարարի ախորժակը ո՞նց են փակելու, նախարարն ասաց․ «Աչք չփակելով, աչք փակելը ենթադրում է, որ դրա տակ կա որևէ կոռուպցիոն հնարավոր ռիսկ։ Մենք հետևողական ենք և, բնականաբար,  բոլոր թերացողներին ըստ արժանվույն կպատժենք»։

Թե ինչպե՞ս կպատժեն, նախարարը թվարկեց՝ սև ցուցակ, չվճարել։

«Որևէ շինարար աշխատանք անի ու դրա համար չվճարվի, դա որևէ մեկին ձեռնտո՞ւ է, կարծում եմ՝ ոչ, դրա համար խնդրում ու  հորդորում եմ, ես  ամենամսյա ռեժիմով հանդիպելու եմ բոլոր շինարարների հետ։ Ես գործընկերային, բարիդրացիական միջավայր եմ ուզում ստեղծենք, մարդիկ աշխատեն պարտաճանաչ, մենք էլ պարտաճանաչ վճարենք, ու գոհ լինեն բոլորը՝ թե՛ քաղաքացին, թե՛ գործարարը, թե՛ մենք, սա՛ է մեր սկզբունքը»։

Դիտարկմանը, թե որոշ շինարարական ընկերություններ դրսից Գյումրի էին եկել՝ կարծելով, որ Գյումրին այսպես ասած «ռայոն» է ու փող կլվացնեն այստեղ, նախարարն ասաց․ «Մեզ համար յուրաքանչյուր ճանապարհ ունի իր հավասարազոր կարողությունը, չգիտեմ ով, երբ ինչ մտայնությամբ, երազանքով ուր է գնացել, ես ուղղակի ասում եմ՝ այդ երազանքները հօդս կցնդեն։ Ես ուղղակի կխնդրեմ՝ նորից անցնել հետևողական և ուշադիր աշխատանքի»։

Գյումրու ճանապարհաշինությունը երկարացված ժամկետներում ավարտին չհասցնելու հետ կապված էլ նա նկատեց, որ հետերկրաշարժյան այս քաղաքում իրոք կան օբյեկտիվ պատճառներ, քանի որ, երբեմն, շինարարը չունի  այն պատկերը, ինչը կա գետնի, ասֆալտի ներքևում։

Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ ասֆալտը կուղարկեն լաբորատորիա՝ ստուգման։

Նա իր այցն ամփոփեց՝ Գյումրու պատմական հատվածում շրջելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի և Aravot.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031