Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի խիստ պատիժներ ընտրական հանցագործությունների համար

Հուլիս 24,2019 18:40

Հայաստանում ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները պետք է որակվեն որպես սահմանադրական կարգի հիմունքների, ժողովրդավարության և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։

Այս համոզմանն են «Ընտրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական խնդիրները» ուսումնասիրության հեղինակները։

Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, ազատ ընտրությունների իրավունքը քաղաքական իշխանության չարաշահման դեմ ուղղված ժողովրդավարական բոլոր երաշխիքներից ամենահիմնարարն է: Այսինքն, միայն ազատ ընտրությունների շնորհիվ քաղաքացիները կարող են ապահովված լինել իշխանությունների կամայականություններից և ապօրինություններից։

Հայաստանում մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը ընտրությունները բազմիցս կեղծվել են, սակայն ՀՀ նախկին և գործող օրենսդրությունը ընտրական հանցագործությունների համար սահմանում է մեղմ պատիժներ, որոնք չեն համապատասխանում հանցագործության իրական ծանրությանը։

Ուսումնասիրության հեղինակները, ըստ այդմ, հետազոտելով մի շարք եվրոպական երկրների քրեական օրենսդրությունները և կուտակված փորձը, առաջարկում են որոշակի փոփոխություններ իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքում, որոնցով ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատիժները էականորեն կխստացվեն։

Մասնավորապես, առաջարկվում է ընտրական իրավունքների իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար որպես պատիժ սահմանել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկումը՝ ներկայում սահմանված 6 ամսից 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն։ Իսկ, օրինակ, նախընտրական քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են սահմանել 4-6 տարի ժամկետով ազատազրկում՝ միաժամանակ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որպես թեկնածու առաջադրվելու իրավունքից։

Բացի սա, առաջարկվում է 3-5 տարի ազատազրկում սահմանել ընտրողների ցուցակներ կազմելու համար կեղծիքներ կատարելու համար, այնինչ գործող օրենսդրությամբ այս հանցանքը պատժվում է ընդամենը տուգանքով։

Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ գործող քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածում ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են ավելացնել հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարվելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարվելու մասին կետեր, իսկ որպես պատիժ սահմանել 4-6 տարի ժամկետով ազատազրկումը՝ միաժամանակ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որպես թեկնածու առաջադրվելու իրավունքից։ Գործող ՔՕ-ով այս հանցանքի համար նախատեսված է ընդամենը 3-5 տարի ժամկետով ազատազրկում։

Ուշագրավ է, որ ուսումնասիրությունում առաջարկվում է կատարել լրացումներ գործող ՔՕ որոշ հոդվածներում։ Մասնավորապես, գործող ՔՕ 153 հոդվածով պատիժ է սահմանվում մեկից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն քվեարկած անձանց համար, իսկ ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են պատիժ սահմանել նաև ընտրական հանձնաժողովի համար՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով քաղաքացուն քվեաթերթիկներ տալու համար։

Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում անել նաև ՔՕ 154-րդ հոդվածում և պատիժ սահմանել ընտրական հանձնաժողովի համար՝ քաղաքացու ընտրության գաղտնիությունը խախտելու համար՝ որպես պատիժ սահմանելով 2-4 տարվա ազատազրկումը։ Հանձնաժողովի անդամների վերաբերյալ կետ է առաջարկվում ավելացնել նաև ՔՕ 154․2 հոդվածում՝ ընտրակաշառքների համար։

Ինչ վերաբերում է կեղծ ընտրական քվեաթերթիկներ, ծրարներ, դրոշմանիշեր, կնիքներ պատրաստելուն և օգտագործելուն, ապա ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են նույն ՔՕ 154-րդ հոդվածում ավելացնել նաև «ընտրական փաստաթղթերի ապօրինի ոչնչացում» բովանդակությունը։

Ամփոփելով՝  արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանության կազմակերպման ընդհանուր իրավական սկզբունքներից է հանդիսանում ընտրական իրավունքի ազատ և արդար իրականացման վրա հիմնված ժողովրդաիշխանությունը: Ընտրական հանցագործությունները, ըստ այդմ, ուղղված են սահմանադրական կարգի հիմունքների, ժողովրդավարության և պետության անվտանգության դեմ, և ընտրական հանցագործությունների համար սահմանված պատժաչափերը և հանցակազմի տարրերը պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով վերոշարադրյալ, ինչպես նաև ուսումնասիրությունում տեղ գտած մյուս առաջարկությունները։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031