Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով. հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը
«Իսկ ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին եւ Հայաստանին` ռազմավարական գործընկերության հարաբերություններ ձեւավորելուն»,- այս հարցադրումն Aravot.am-ի հետ զրույցում հնչեցրեց նախկին վարչապետ, ԱԺ նախագահ եւ պատգամավոր, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:
Մեր զրուցակիցը շնորհակալություն է հայտնում Ֆրանք Փալլոնին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին`իրենց հայանպաստ, իսկ ավելի ճիշտ հայ-ամերիկյան հարաբերություններին նպաստ բերող գործունեության համար:
«Արդյոք ԱՄՆ-նն, ունենալով ամենատարբեր երկրների հետ ռազմավարական գործընկերային հարաբերություններ, երրորդ երկրներին ընդգրկում է կամ այլոց ընդգրկում են այդ հարաբերություններում: Իհարկե`ոչ»,- նկատում է Խոսրով Հարությունյանը`համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ որեւէ արգելք` ռազմավարական բնույթի եւ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու տեսանկյունից, չկա: ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության հանգամանքը, Խոսրով Հարությունյանը արգելք չի համարում եւ եթե կան կոնգրեսականներ, ովքեր այդ հարթությունում հարցը կդիտարկեն`հստակեցնում է. «Մեր գործընկերները պետք է մի բան հստակ գիտակցեն`երբեւէ եւ որեւէ պարագայում, ՀՀ-ն չի կարող ինքն իրեն դնել ընտրության առջեւ: Ընդ որում, մեզ ընտրություն պարտադրել չեն էլ կարող, որովհետեւ դա արդյունավետ չի լինի: Ճիշտ հակառակը, ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ձեւավորվել է այն սկզբունքի հիման վրա, որ Հայաստանի տարածքում ազդեցիկ խաղացողները ոչ թե հակամարտեն, հակադրվեն, այլ մտնեն կառուցողական դաշտ: Ես համոզված եմ, որ այդ կոնցեպտը արդարացված է»: Խոսրով Հարությունյանը նաեւ գտնում է, որ եթե կոնգրեսականները լավ տեղեկացված լինեն այն խնդիրներից, որոնց առջեւ Հայաստանը կանգնած է, այդ թվում նաեւ ռազմական սպառնալիքների`կապված Մերձավոր Արեւելքում եւ աշխարհաքաղաքական այլ զարգացումներից, ապա մտայնությունը, որ ՀՀ-ն պետք է կանգնի ընտրության առջեւ, կչեզոքանա: Նա ՀՀ իշխանություններին, ՀՀ ԱԺ պատգամավորական խմբի անդամներին կոչ է անում` պարզ իրողությունը, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը երրորդ կողմի դեմ ուղղված չէ, հասկանալի եւ մատչելի ձեւով հասցնել բոլորին:
Կարդացեք նաև
Այս համատեքստում, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ երբ 2011 թվականին Հայաստանի նախաձեռնությունը`հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ձախողվեց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանը եւ ՌԴ-ն վերանորոգեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիրը`ներառելով կետ, որով ՌԴ-ն ստանձնում է ՀՀ-ի անվտանգության երաշխավորի իր դերակատարումը եւ դա պայմանավորված էր Թուրքիայի`այդ կարեւոր քաղաքական նախաձեռնությունը տապալելու հանգամանքով, ինչը, ըստ Խոսրով Հարությունյանի, ուղղակի նշանակում է, որ Թուրքիան շարունակում է մնալ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու դիրքորոշմանը: Նաեւ, այդ փաստաթղթի գործունեության ժամկետը երկարաձգվեց`մինչեւ 2043 թվականը: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այդ համաձայնագրի ստորագրումից օրեր անց, ԱՄՆ Պետդեպի խոսնակը`ադրբեջանցի կամ թուրք լրագրողի հարցին`ինչպե՞ս են վերաբերվում այդ ռազմավարական-գործընկերային պայմանագրի նոր բովանդակությանը, պատասխանել էր շատ սթափ`աշխարհաքաղաքական ըմբռնման տեսանկյունից` ասելով, որ ԱՄՆ-ն այդ պայմանագիրը դիտում է իբրեւ երկկողմ հարաբերություններ, որն ուղղված չէ երրորդ պետության շահերի դեմ եւ նպաստում է տարածաշրջանի կայունությանը: ՀՀ-ԱՄՆ ռազմավարական բնույթի հարաբերություններով շահագրգիռ գործիչներն, ըստ մեր զրուցակցի, պետք է առաջնորդվեն այդ թեզով:
Որ ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Հայաստանն, ըստ Խոսրով Հարությունյանի, ապացուցել է նաեւ ԵՄ-ի հետ իր հարաբերությունների կարգավորմամբ: «Արեւելյան գործընկերության քաղաքականության նախնական մեկնաբանությունը հիշում եք`կամ-կամ: Հետո եվրոպացիները տեսան, որ այդ քաղաքականությունը կործանարար է հենց իրենց համար`Արեւելյան գործընկերության քաղաքականության համատեքստում: Եվ Հայաստանի քաղաքական ղեկավարության համառության, համոզված հետեւողականությամբ, մենք հասանք նրան, որ ստեղծվեց, իհարկե, մի փոքր տարբերվեղ, բայց այնուհանդերձ, ռազմավարական բնույթի համագործակցության պայմանագիր ԵՄ-ի հետ`հաշվի առնելով ԵԱՏՄ-ի հետ մեր համագործակցության ողջ ներկապնակը: Սերժ Սարգսյանի հավատացած հետեողականությունը, ըստ էության փրկեց եվրոպական Արեւելյան գործընկերության քաղաքականությունը փակուղուց»,-ասում է Խոսրով Հարությունյանը`հավելելով. «Ի ՞նչն է խանգարում ԱՄՆ-ի հետ մանրամասն քննարկել, մեր ռազմական կարեւորության`թե քաղաքական, թե տնտեսական, թե անվտագային հարցերը»: Ըստ նրա, մեր ռուսական գործընկերներն էլ պետք է հասկանան, որ այստեղ խանդի տեսարաններ չեն կարող լինել, մանավանդ, որ երբ ՌԴ-ն իր հարաբերություններն ինտենսիվ զարգացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հայկական կողմը միշտ ըմբռնումով է մոտենում եւ խանդի տեսարաններ չի ստեղծում: Ավելին, այն համոզմունքին ենք, որ ՌԴ-Թուրքա, ՌԴ-Ադրբեջան լավ հարաբերություններն ավելի նպաստավոր են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար, բայց, հաշվի առնելով պատմական անցյալն արձանագրում ենք, որ ՌԴ-Թուրքա, ՌԴ-Ադրբեջան լավ հարաբերությունները չեն կարող լինել ի հաշիվ ՀՀ-ի անվտանգության: Նույնը մենք ասում ենք բոլոր գործընկերներին`չենք կարող հարաբերություններ ձեւավորել`ի վնաս մեր անվտանգության, իսկ մեր անվտանգությունը ենթադրում է բազմակողմ, բազմավեկտոր, հավասարակշռված քաղաքականություն`փոքրիկ Հայաստանը դարձնելով խոշոր խաղացողների մրցակցության եւ ոչ թե հակամարտության հարթակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ