Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Գրպանահատների համար պատիժները խստացվելու են, նրանց հետ համագործակցող ոստիկանին դավաճան ու մեջքից հարվածող են համարելու. Օսիպյան

Հուլիս 24,2019 17:45

Aravot.am-ը այսօր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ինչ-որ դավադիր ուժերի մասին, հրահանգել էր Արթուր Վանեցյանին, նաեւ ձեզ, որ գտնեք սեւազգեստ շրջողներին ու ծաղկավոր բաբոչկա կապեք, այնպես անեք, որ նրանք մայթերով քայլեն, մասկիրովկաներով, այդ հրահանգից հետո քանի՞ հոգու եք ծաղկավոր «բաբոչկա» կապել ու ստիպել մասկիրովկաներով շրջել: Օսիպյանը պատասխանեց. «Այստեղ կան լրագրողներ, որոնք սեւազգեստ են: Վարչապետը հրահանգել է սեւազգեստ, ես, այդ թվում, վստահ եմ, իմ գործընկերը՝ Վանեցյանը, հասկացել ենք, թե այդ սեւազգեստի տակ ի՞նչ նկատի ուներ պարոն վարչապետը: Մենք դա հասկացել ենք»:

Հարցրեցին՝ բռնե՞լ եք՝ նա պատասխանեց. «Բռնել ենք, բռնում ենք եւ շարունակում ենք բռնել»: Թե քանի հոգու են բռնել, նա չկարողացավ ասել. «Ոստիկանության թիվ մեկ գործառույթը կանխարգելիչ աշխատանքն է: Այնպես չի, որ մենք թույլ տանք դեպք տեղի ունենա, բռնենք էդ անձին: Մեր խնդիրը չի, որ նրան անպայման դատապարտենք, մեր խնդիրն է, որ այդ ամենը կանխարգելենք»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ գրպանահատության դեպքի բացահայտման հետ կապված ֆեյսբուքյան գրառման տակ օգտատերերը մեկնաբանություններ էին թողել, որոնցից պարզ է դառնում, որ մարդիկ գրպանահատների նկարներով, փաստերով դիմում են ոստիկաններին, բայց քայլեր չեն ձեռնարկվում, կասկած է առաջանում, որ ոստիկանները համագործակցում են գրպանահատների հետ, դուք կարո՞ղ եք հանրության այդ մտահոգությունը, կասկածները չեզոքացնել: Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Անթույլատրելի եմ համարում այն գաղափարը, որ կարող է որեւէ մեկի մտքով անցնի, թե ոստիկանները համագործակցում են գրպանահատների հետ, ցանկացած հանցանք կատարողների հետ: Այդ ոստիկանին մենք համարում ենք դավաճան, համարում ենք մեր մեջքի հետեւից մեզ հարվածող, բառ չեմ գտնում: Վստահ եմ՝ չկա այդպիսի ոստիկան, լինելու դեպքում խստագույնս կպատժվի: Եթե ունեք կոնկրետ փաստ, խնդրեմ, ներկայացրեք, ամենախիստ պատիժը կլինի: Բայց ասեմ՝ մենք տեսադաշտում ունենք, տիրապետում ենք, թե ովքեր են ՀՀ-ում գրպանահատություն իրականացնողները, մենք ունենք նրանց բոլոր տվյալները: Չենք բացառում, որ կան նորերը, որոնք ի հայտ են գալիս, բայց այն հանգամանքը, որ տրամադրում են ոստիկանությանը, հատկապես վերջին օրերի հետ կապված, որ տրամադրել են՝ ես հանձնարարել եմ, կուսումնասիրենք, բայց վստահեցնում եմ ձեզ, նույն հաջողությամբ մենք բազմաթիվ դեպքեր ենք բացահայտում, երբ կատարողները կատարելուց հետո շարունակում են լինել դրսում: Այսինքն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը: Չկա մի գրպանահատ, որ վերջին ժամանակահատվածում խափանման միջոցը նրա նկատամբ կիրառվի կալանքը, շատ քիչ դեպքեր են լինում: Այստեղ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական փոփոխություն անել: Կա նախագիծ, որը կխստացնի եւ վերջ կդրվի սրան»:

Վերջերս շատ է խոսվում Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին: Լրագրողները Վալերիյ Օսիպյանին հարցրին՝ որպես համակարգի ղեկավար, ի՞նչ է մտածում այս մասին: Նա պատասխանեց, որ չի մտածել. «Կարելի է մտածել՝ գնահատելով արարքը»: Ճշտեցին՝ մտածելու եք ինչի՞ շուրջ, որ նրան բերեք Հայաստա՞ն, փնտրելո՞ւ եք Սիրադեղյանին, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է…Մենք հիմա էլ ենք փնտրում»:

Օսիպյանը նաեւ հայտարարեց, որ այսօր ՀՀ ոստիկանությունը շատ ավելի դուխով է, պատրաստակամ է, բայց անպաշտպան է. «Բայց ոստիկանները չեն վախենում, վախեցող ոստիկանը սահման կպահի՞, մեկ տարվա ընթացքում ոչ մի դեպք չի եղել: Բա վախկոտ ոստիկանը 41 տոկոսի բացահայտումները կբերի՞ հասցնի 60%-ի: Չեմ ուզում ասել՝ նախկին ոստիկանապետերը վատն են եղել, ամենապուպուշը ես եմ, ո՛չ: Բոլոր ժամանակներում եղել է եւ լինելու է, ինչի նախկինում ոստիկանի գլուխ չե՞ն ջարդել, օրը ցերեկով ոստիկան չե՞ն սպանել, միշտ եղել է: Բայց այս մեկ տարվա ընթացքում ոստիկանությունն ունի համապատասխան կամք՝ արդյունավետ պայքար մղել հանցավորության դեմ, հասարակակական կարգը պահել հավուր պատշաճի եւ թույլ չտալ, որ որեւէ մեկը սահմանադրական կարգին նկատմամբ ոտնձգություն կատարի, տեղում խստագույնս կպատժվի: Ընտրություններին պարապ էիք մնացել բոլորդ, բողոքում էիք, բա դա ուժեղ ոստիկանի կատարած աշխատանքի արդյունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031