Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ-ն խախտում է տարածաշրջանում սպառազինության բալանսը և անտեսում ՀՀ շահերը

Հուլիս 24,2019 17:07

Հուլիսի 12-ից Թուրքիան, ի հեճուկս ՆԱՏՕ-ի և մասնավորապես ԱՄՆ-ի դժգոհությանը, սկսել է ստանալ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Փաստացի, Թուրքիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի միակ երկիրը, որը ձեռք է բերել ռուսական արտադրության այդքան կարևոր և առանցքային ռազմատեխնիկա։

Մոսկվայի և Անկարայի միջև ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ գործարքը, սակայն, բացի գլոբալ աշխարհքաղաքական նշանակությունից և բացառիկությունից, ունի նաև տարածաշրջանային բավական հետաքրքիր համատեքստ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտությունը և դրանում Թուրքիայի դիրքորոշումը, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը և Ռուսաստանը 2015 թվականի դեկտեմբերին ստորագրված պայմանագրով ստեղծել են միասնական տարածաշրջանային հակաօդային համակարգ։

Ի՞նչ է Ս-400-ը

Ռուսական «Ալմազ» գիտաարտադրական միավորման ստեղծած Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերն աշխարհում ամենաժամանակակից ու հզոր հակաօդային համակարգերից են։ Բացի Թուրքիայից, այս համակարգերը ձեռք են բերել նաև Չինաստանը և Բելառուսը, հերթում է նաև Հնդկաստանը։

Ս-400-ը նախատեսված է մինչև 400 կիլոմետր շառավիղով օդային աերոդինամիկ և բալիստիկ թիրախների հայտնաբերման և խոցման համար, սակայն Թուրքիայի ձեռք բերած՝ ոչ ամենահեռահար հրթիռների պարագայում համակարգի շառավիղը կազմում է 250 կմ։ Այսինքն, այս համակարգերը նախատեսված են ոչնչացնելու հակառակորդի ինչպես ինքնաթիռները, այնպես էլ հրթիռները։ Համակարգի ծածկույթի շառավիղն այս սպառազինությունը դարձնում է ազդեցիկ տարածաշրջանային ռազմական գործոն։ Այլ կերպ ասած՝ եթե, օրինակ, թուրքական Ս-400-ը տեղակայվի Հայաստանի հետ սահմանից ոչ շատ հեռու տարածության վրա, ապա կարող է, այսպես ասած, ծածկել Հայաստանի ողջ երկինքը և խոցել օդային թիրախներ Հայաստանի ու Արցախի տարածքում։

Ինչու՞ էր ԱՄՆ-ն դեմ այս գործարքին

Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմական դաշնակիցներ են Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Նախքան ռուսական Ս-400-ների ձեռք բերումը, Թուրքիան կարող էր գնել նաև ամերիկյան համանման «Պատրիոտ» համակարգերը, սակայն այդ գործարքը չեղարկվեց այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց Ս-400-ներ ձեռք բերելու մտադրության մասին։ Բացի սա, Թուրքիան և ԱՄՆ-ն համագործակցում էին ամերիկյան նորագույն Ֆ-35 կործանիչների հարցում, և այդ գործարքը նույնպես չեղարկվել է, ու Թուրքիան չի ստանա ամերիկյան ամենաարդիական կործանիչները ու չի մասնակցի դրանց արտադրությանը։ Ուշագրավ է, որ չնայած այս ամենին, և հաշվի առնելով նաև ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցները և Վաշինգթոնի հետ դաշնակցային հարաբերություններին հասցված վնասները, Անկարան, այնուամենայնիվ, որոշում է կայացրել ձեռք բերել ռուսական Ս-400-ները։

Ընդ որում, հարկ է արձանագրել, որ չնայած Թուրքիա-ԱՄՆ լարվածության աճին, Անկարայից չեն հնչել ՆԱՏՕ-ից դուրս գալու և անվտանգային համակարգն արմատապես փոխելու հայտարարություններ։

Բացի սա, Ս-400-ների հետ կապված կան այլ մտավախություններ ևս։ Նախ, ԱՄՆ-ն անհանգստանում է, որ միանալով Թուրքիայի ու հետևաբար նաև ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգին՝ ռուսական արտադրության Ս-400-ները (դրանց հետ կապված ռուսաստանցի մասնագետների հետ միասին) կարող են որոշակի նրբություններ բացահայտել ռուսական կողմի համար ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգի և Ֆ-35 կործանիչների կառուցվածքի մասին։ Թուրքիան այս կապակցությամբ հայտարարել է, որ պատրաստ է ճշգրտումների ենթարկել իր ձեռք բերած համակարգերը՝ հնարավոր խնդրից խուսափելու համար։ Ռուսական կողմից, իրենց հերթին, հնչում են մտահոգություններ, որ անցնելով Թուրքիայի ու հետևաբար նաև ՆԱՏՕ-ի ենթակայության տակ՝ Ս-400-ները կարող են իրենք բացահայտել որոշ նրբություններ ռուսական տեխնոլոգիաների վերաբերյալ։ Այս տեսակետը, սակայն, չեն կիսում ռուսաստանցի մի շարք ռազմական փորձագետներ։

Իսկ Հայաստա՞նը

Վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստանի ձեռք բերած, թերևս, ամենանշանակալի սպառազինությունները հրթիռային «Իսկանդեր» համակարգերն ու Սու-30 կործանիչներն են (վերջիններս, սակայն, դեռ չեն մատակարարվել)։ «Իսկանդերը», լինելով տակտիկական հրթիռային համակարգ, ավելի շատ ունի զսպող նշանակություն։ Շնորհիվ այս սպառազինության Հայաստանը կարողանում է պահպանել հավասարակշռությունը Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում։ Սու-30 կործանիչների շնորհիվ էլ Հայաստանը պետք է ստանա այն հարվածային օդուժը, որով անհրաժեշտության դեպքում կկարողանա խոցել հակառակորդի թիրախները լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում։

Թուրքիային Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելով՝ Ռուսաստանը, փաստացի, խոցելի է դարձնում իր դաշնակից Հայաստանին վաճառած առանցքային ռազմատեխնիկան։ Ընդ որում, հարկ է նշել, որ ավելի վաղ՝ 2010 թվականին, Ռուսաստանն Ադրբեջանին էր վաճառել Ս-300ՊՄՈւ-2 հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք թեև նույնպես կարող են ծածկել Հայաստանի տարածքի մեծ մասը, այնուամենայնիվ, անզոր են «Իսկանդերների» դեմ՝ ի տարբերություն Ս-400-ների։ Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները և Ղարաբաղյան հարցում Անկարայի պրոադրբեջանական դիրքորոշումը, թուրքական Ս-400-ները կարող են խախտել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքում։

Եվ Ռուսաստանը

Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները թեև այս պահին բարձր մակարդակի վրա են, սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ դրանք կարող են նաև կտրուկ փոխվել։ Միաժամանակ, Թուրքիան, ինչպես նշեցինք, ՆԱՏՕ-ի անդամ է և դեռևս չի էլ ակնարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն ունենալու մասին։

Ըստ այդմ, առնվազն տարօրինակ է, որ Ռուսաստանը Թուրքիային է վաճառում հակաօդային պաշտպանության մի համակարգ, որը Հայաստանի տարածքի հետ միասին ծածկում է այնտեղ գտնվող իր ռազմաբազան և սպառնում Հայաստանի, այսինքն՝ Ռուսաստանի հետ միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգին։ Թե ի՞նչ հաշվարկներ են կատարել Մոսկվայում այս կապակցությամբ և ի՞նչ երաշխիքներ ստացել թուրքական կողմից՝ մնում է միայն կռահել։ Սակայն տեղի ունեցածը ցուցադրում է, որ Ռուսաստանում հերթական անգամ հաշվի չեն առնում Հայաստանի շահերը, դե իսկ դաշնակցի հակառակորդներին սպառազինություններ տրամադրելուն Մոսկվայում առհասարակ լավ են վերաբերվում։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Եթե ասենք Ս-400 -ի փոխարեն Թուրքիան պետթրիոտ առնում ու էլի նույն ձև Հայաստանի տարածքը ծածկում եր և այլն: Դրանից ինչ էր փոխվում:
    Միայն էն որ ՀՕՊ համակարգի գումարը Ռուսաստանի փոխարեն գնալու էր ԱՄՆ:

    Դուք ընդամենը ձեր տերերի շահն եք պաշտպանում, ովքեր ուզում են զենքի շուկայում մոնոպալիա ունենան, բոլորի վրա վաճառեն ռուսականին որակով քիչ գերազանցող բայց գնով անգամներ գերազանցող սպառազինությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031