«Ձեր բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ նախկինում ամեն ինչ էնքան լավ է եղել, հեղափոխությունից հետո էդ բացերը միանգամից դուք նկատում եք»,- այսօր հրավիրած ասուլիսում լրագրողների դժգոհություն պարունակող հարցերից հետո ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա ասաց, որ ինքն էլ, որպես ոստիկանապետ, ունի սխալներ ու բացթողումներ, բայց աշխատող մարդն է սխալվում. «Մենք սովորում ենք մեր սխալների վրա: Դար ապրիր՝ դար սովորիր: Հեղափոխությունից հետո ուղղակի քաղաքացին ավելի պահանջատեր է դարձել»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե վարորդական իրավունքի տրամադրման հարցում իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչ է փոխվել: Օսիպյանը պատասխանեց. «Մեծ դերակատարում ունեն նախկինում տրամադրված վարորդական իրավունքները: Ես փաստ չունեմ, բայց ես նույնպես այս երկրի բնակիչ եմ եղել եւ տեղեկացված եմ եղել, խոսակցություններ եմ լսել, կար ժամանակ, որ վարորդական իրավունքները ձեռք էին բերում այլ ճանապարհներով: Մարդ, չունենալով համապատասխան գիտելիք, ինքը կոչվում է վարորդ ու այսօր ղեկին նստած է: Այսօր ուղղակի վստահեցնում եմ ձեզ, եթե ունեք փաստ, ներկայացրեք, անձամբ ձեռնաշղթաները կհագցնեմ ծառայողների ձեռքերին եւ անձամբ խցի դուռը կփակեմ իր վրա: Չկա այդպիսի բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ