Լյուսի Քոչարյանը «Բռնության ձայնը» շարքով ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սեռական բռնության ենթարկված անձանց պատմությունները: Այսօր լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրին՝ հրապարակված 200 դեպքերով ոստիկանությունը զբաղվո՞ւմ է, ընթացք տրվե՞լ է: Օսիպյանը պատասխանեց. «Մենք բռնաբարության մասով նվազում ունենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ աղմկահարույց գործերով՝ Գոնսալեսի, Միհրան Պողոսյանի: Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանությունը նրանց հայտնաբերել է՝ համագործակցելով դրսի գործընկերների հետ, մնացածն իրենց խնդիրը չէ. «Ես տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ»: Երբ ճշտեցին՝ ոստիկանությունը պարզե՞լ է, թե ոնց է Նարեկ Սարգսյանը դարձել Գոնսալես՝ փաստաթղթերով, Օսիպյանը պատասխանեց. «Ինքը, գտնվելով ՀՀ-ում, անցակետերը հատել է որպես Սարգսյան: Թե հետագայում ոնց է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել, մինչեւ նախաքննությունը կպարզի»:
Օսիպյանը նաեւ պատմեց ասֆալտին փռելու գործընթացից. «Ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը: Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը: Այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները եւ դադարել ենք հանդուրժող լինել հանցագործների, իրավախախտների նկատմամբ, մարդիկ կան, որ հասկացել են ու ՀՀ-ում է՛լ ավելի օրինապաշտ են դարձել»:
Հարցրին՝ վերջին անգամ ո՞ւմ եք «ասֆալտին փռել», մինչ Օսիպյանը կպատասխաներ՝ Գագիկ Շամշյանը միջամտեց. «Ալիկ Սերգեյիչի ախպոր տղուն են փռել՝ Նիվայով ու չեն ասել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ