Սեւանում արգելված է ձուկ որսալ, սիգի որսն արգելված է, բայց մամուլում տեղեկությունների համաձայն, նախկին ոստիկանապետի զոքանչն էլ է ձուկ որսացող, արտահանող, արդյունահանող ընկերություններից մեկի սեփականատեր է, ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը ձկնագողության դեմ պայքարի շրջանակներում: Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին այս հարցն ուղղեցին: Նա պատասխանեց, որ ոչ մի փաստ չունեն նախկին ոստիկանապետի առնչության մասով. «Մենք համապատասխան ուսումնասիրություններ անում ենք, տեղեկացված ենք, որ նախաքննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով: Ապօրինի սիգը բռնելը ու նրա վաճառքը մտահոգում է բոլորիս: Տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղել, մենք նույնպես շարունակում ենք պայքարը, բայց այստեղ միայն ոստիկանությունով չի: Մենք պատրաստակամ ենք պայքարել, որովհետեւ Սեւանը համարում ենք մեր ազգային հարստությունը»:
Հարցին՝ դուք այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում՝ տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղում, բայց ոստիկանապետի զոքանչը սիգ որսացող խոշոր ընկերության սեփականատերն է, հնարավո՞ր է զոքանչը զանգահարեր նախկին ոստիկանապետին, ասեր՝ «էս տարի մի քիչ թույլ պայքարեք»՝ Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, տեղեկացված չեմ եղել նախկինում ինչ է եղել, ոնց է եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ