Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարծում եմ, Սամվել Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի համար է ճանապարհ հարթում. Լյուդմիլա Սարգսյան

Հուլիս 24,2019 15:35

ՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կասկածներ ունի, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցների նախաձեռնությունը`ստորագրահավաքը Արցախում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու`Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու համար պարտադիր տասը տարվա բնակության ցենզը վերացնելու համար, անցել է ամբողջովին թափանցիկ եւ օրենքի տառին համապատասխան:

Հիշեցնենք, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները ստորագրահավաք են նախաձեռնել` Արցախում սահմանադրական փոփոխություններ կատարելու: Նպատակը` Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու համար Արցախում վերջին տասը տարվա բնակության պարտադիր նորմը փոփոխելն է, որպեսզի Սամվել Բաբայանը հնարավորություն ունենա մասնակցել 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին: Ստորագրահավաքն արդեն ավարտվել է, մոտ 26 հազար ստորագրություն է հավաքվել եւ փաստաթղթերը հանձնվել են ԿԸՀ: Հետագա քննարկումները կշարունակվեն Արցախի գերագույն դատարանում, ապա` խորհրդարանում: Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` Սամվել Բաբայանի համակիրների նախաձեռնած ստորագրահավաքը, իրավական տեսանկյունից, խնդրահարույց էր համարել:

«Սամվել Բաբայանը սահմանադրորեն իրավունք ունի ստորագրահավաքը կազմակերպելու, բայց խնդիրն այն է, թե հարցումն ինչպե՞ս է անցկացվել, ի՞նչ է ասվել: Արդյոք մարդիկ իրականում տեղյա՞կ են, թե այդ հարցումը կամ դրամահավաքն ինչ բուն նպատակ են հետապնդում: Ես, օրինակ, վստահ չեմ, որ այդ ամենն ազնվորեն ներկայացվել է հանրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա այդպես էլ չի հասկանում առաջարկի էությունը`ՀՀ քաղաքացուն Արցախում տալ ընտրվելու իրավունք, բայց չտալ ընտրելու իրավունք: Այս մասով հնչած քննադատությունները նա միանգամայն տրամաբանական է համարում: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը հույս ունի, որ Արցախի խորհրդարանը չի ընդունի այդ որոշումը, քանի որ, իր գնահատմամբ, այդպիսով բազմաթիվ հակասություններ կառաջանան թե Արցախում, թե Հայաստանում`Սահմանադրության մասով, թե ՀՀ-Արցախ հարաբերություններում`բոլոր առումներով:

Լյուդմիլա Սարգսյանը հակված է կարծել, որ Սամվել Բաբայանի թիկունքում կան «այլ`հայտնի ուժեր»: Ինքը վտանգը նաեւ այստեղ է տեսնում: Մասնավորաբար, Լյուդմիլա Սարգսյանը մտավախություններ ունի, որ այդ հանրաքվեն նախաձեռնվել է մեկ այլ թեկնածուի առաջադրման համար, ում առաջադրումը կարող է հանգեցնել ՀՀ-Արցախ հակամարտության: «Խոսքը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասին է, ովքեր այլեւս մերժված են Հայաստանում եւ փորձեր են անում Արցախում իրենց իշխանությունը հաստատել: Ինձ համար այդ սցենարը տեսանելի է, եւ Սամվել Բաբայանի նախաձեռնության հիմնական նպատակը ես կապում եմ ոչ թե իր առաջադրման հետ, այլ`մյուսների առաջադրման համար ճանապարհ հարթելու մեջ: Իմ կարծիքով, այդ քայլը նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի համար է արվում, որովհետեւ, ըստ իս, անկախ իրենց նախկին հակասություններից, վերջին տարիներին Սամվել Բաբայանը հարում է Ռոբերտ Քոչարյանի թեւին»:

Իսկ եթե Սամվել Բաբայանի նպատակներն իրապես ազնիվ են, ապա Լյուդմիլա Սարգսյանը նրան որեւէ կերպ չի պատկերացնում Արցախի առաջին դեմքի դերում եւ տեղում. «Արցախի ժողովուրդն արժանի է լավ քաղաքական գործիչ, լավ դիվանագետ նախագահ ունենալուն: Շատ հարգելով Սամվել Բաբայանի անցած ճանապարհը, նրա ներդրումը պատերազմում, ես գտնում եմ, որ զինվորականը պետք է մնա զինվորական դաշտում եւ չփորձի ներխուժել քաղաքականություն: Դրա օրինակը մենք ունենք  նաեւ հայաստանյան քաղաքական դաշտում: Խոսքը Ժիրայր Սեֆիլյանի մասին է, ում նկատմամբ, իբրեւ ազատամարտիկի, բավական լավ վերաբերմունք ունեմ, բայց քաղաքական դաշտում նրա առաջ քաշած գաղափարները բացի նրանից, որ իրատեսական չեն, բավական վտանգավոր են մեր պետության եւ պետականության հետագա գոյության համար»:

Դիտարկմանը, որ «Սասնա ծռերը» վերջերս հայտարարել են, որ հրաժարվում են զենքի կիրառման իրենց նախկին բոլոր մտադրություն-հայտարարություն-ցանկություններից, մեր զրուցակիցը հակադարձեց. «Զենքի կիրառման հնարավորություններից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ նրանք ձեռք են բերում քաղաքական եւ դիվանագիտական հմտություններ, չի նշանակում մեր երկրի ապագային վերաբերվող իրենց մոտեցումների փոփոխություններ եւ Արցախն ու Հայաստանն արկածախնդրությունից զերծ պահել: Եվ ի վերջո, այդ հայտարարությունը բնավ չի նշանակում, որ անհրաժեշտ պահին նրանք նորից զենք չեն վերցնի»:

Արցախը` ՀՀ-ի մարզ հայտարարելու «Սասնա ծռերի» նախաձեռնությանն էլ մեր զրուցակիցը լավ չի վերաբերվում, անկախ այն հանգամանքից, որ յուրաքանչյուր հայաստանցի եւ յուրաքանչյուր արցախցի շատ լավ գիտակցում է ՀՀ-ի ու Արցախի միասնությունը: Միջազգային ասպարեզում Արցախին, իբրեւ սուբյեկտ, իրավականորեն վերացնելը, Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմամբ հակասում է եւ վնասում է թե Արցախի, թե ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը: Իր հետեւությունը մեկն է`քաղաքական գործունեություն ծավալելուն անպատրաստ մարդիկ պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ներեցեք, բայց պարզ չէ, թե ինչու Հայաստանում մերժված քաղաքական գործիչը պիտի իրավունք չունենա առաջադրվել Արցախում։ Քաղաքացու՝ առաջադրվելու, ընտրվելու անքակտելի իրավունքը ինչ կապ ունի նրա՝ մերժված կամ սիրված լինելու հետ։ Հենց այստեղից է գալիս Արցախի սուբյեկտությունը նվազեցնելու փորձը, երբ չգիտես ինչից մարդիկ ենթադրում են, որ եթե մենք այստեղ մերժեցինք այս մարդուն, ուրեմն Արցախն ով է, որ ինքը համարձակվի այդ նույն անձին ընտրել որպես նախագահ։ Եվ ինչու պիտի Արցախում ընտրված նախագահը մտածի, թե արդյոք իրեն սիրում են Երևանում , թե ոչ։ Իսկ եթե արցախցիները շատ սիրեն իրենց նախագահին, իսկ Երևանը՝ ոչ, ուրեմն պիտի Երևանից իրեն սկսեն նեղել?։ Պրագմատիկ քաղաքականությունն ու էմոցիաները ուղղակի անհամատեղելի են, իսկ Արցախի նկատմամբ վերամբարձ վերաբերմունքը՝ անարդյունավետ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031