Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առանց որեւէ պատճառի մեքենաները կողաշրջվում են ու ընկնում ձորը». Օսիպյանը՝ վթարների, հնամաշ մեքենաների ու տեխզննում չանցնելու մասին

Հուլիս 24,2019 15:24

«Ասում եք ճանապարհային ոստիկանները վատ են աշխատում, կարո՞ղ եք ասել՝ վատ աշխատելու պայմաններում ո՞նց եղավ, որ այս տարի ավելի շատ խախտում ենք հայտնաբերել, քան թե նախորդ տարի: Գումարած այս ամենին, թող որեւէ մեկը ինձ հակառակը չհամոզի, այստեղ կապ ունի նաեւ աննախադեպ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ»:

«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ճանապարհային երթեւեկության ավտանգության ապահովման վիճակը: 377 դեպքով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվել է 156, մարմնական վնասվածք ստացել 3021 քաղաքացի, զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 18-ով, վիրավորների թիվը՝ 304-ով»,- այսօր ոստիկանությունում հրավիրված ասուլիսում այսպիսի տխուր վիճակագրություն ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Լրագրողները հիշեցրին, որ վարչապետը հրահանգել էր խիստ լինել օրինազանց վարորդների նկատմամբ, ուստի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրին՝ կարո՞ղ եք մի քանի քայլ նշել, որոնք գործնականում արել եք, եւ այն վթարները, որոնք տեղի են ունենում, նույն Վրաստանի վթարի դեպքը, չե՞ք համարում, որ դրանք ճանապարհային ոստիկանության վատ աշխատանքի արդյունքն են: Օսիպյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Այսինքն, դուք համարում եք, որ Վրաստանում է՞լ են վատ աշխատում: Լավ, Հայաստանի ոստիկանությունը վատ է աշխատում, Վրաստանի ոստիկանությունն է՞լ է վատ աշխատում: Մենք թվային տվյալներ ենք ստանում, ՌԴ-ում էլ է լինում, Երեւան-Մոսկվա ուղղությամբ մեկնող տրանսպորտային միջոցների հետ կապված էլ են վթարներ լինում: Վարչապետի հանձնարարականից հետո, այո, խստացվելեն: Իմկողմիցկահանձնարարական, ճանապարհային ոստիկանության ծառայողները բացառել են հանդուրժողականությունը, նաեւ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վեր կհանեն խնդիրները: Բայց այստեղ միայն ոստիկանությունից չի կախված, կան գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն սրա հետ, միայն ոստիկանությունով չի: Մի քանիսը նշեմ՝ վատ լուսավորությունը, ճանապարհների վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերեւալը, գծանշումները, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների՝  տեխնիկական պահանջներին ոչ համապատասխան լինելը: Այսինքն, «տեխասմոտր» ասածը մեր ժողովրդի մեջ կրում է ոչ թե ձեւական բնույթ, այլ ընդհանրապես որեւէ տեսակի բնույթ չի կրում: Մեքենան պետք է ամեն տարի զննվի եւ համապատասխանեցվի նրա տեխնիկական գործարանային տվյալներին»:
Օսիպյանը նաեւ ընդգծեց, որ սահմանում, անցակետերի վրա ոստիկանությունը վթարի հետ կապված գործառույթ չունի. «Ասում եք ճանապարհային ոստիկանները վատ են աշխատում, կարո՞ղ եք ասել, վատ աշխատելու պայմաններում ո՞նց եղավ, որ այս տարի ավելի շատ խախտում ենք հայտնաբերել, քան թե նախորդ տարի: Գումարած այս ամենին, թող որեւէ մեկը ինձ հակառակը չհամոզի, այստեղ կապ ունի նաեւ աննախադեպ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ: Լուրերով տեսա, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրաձայնեց, որ մեկ օրվա ընթացքում մինչեւ 300 տրանսպորտային միջոց է ներմուծվում՝ իր հաշվարկով: Պատկերացնո՞ւմ եք, նախադեպ չունեցող…Հարգելիներս, ունենք բաժակ սեղանին դրված, որը տանում է 200 գրամ, դրանից ավելի լցնենք, պարզ տրամաբանություն է, մեր ճանապարհները ի վիճակի չեն»:

Դիտարկմանը, որ վթարներից զոհերը շատ են այս տարի, Օսիպյանը դա բացատրեց մեքենաների հնամաշ լինելով. «Վստահեցնում եմ, բալային համակարգը կյանքի կոչելու պարագայում լուրջ ձեռքբերում կունենանք: Ամեն օր տվյալ ենք ստանում՝ մեքենան ուղիղ երթեւեկելիս կողաշրջվել է ու ձորն է ընկել: Բարձր արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում՝ առանց որեւէ պատճառի կողաշրջվում են ու ընկնում ձորը: 70-80-ականների արտադրության մեքենաներ ունենք մենք, որոնք տեխզննում չեն անցնում, մեկնաբանությունը թողնում եմ ձեզ»:

Վերջում Օսիպյանն ասաց. «Ես չեմ ասում, որ մենք չենք թերանում, բայց ամբողջ խնդիրը հասցեագրել ոստիկանությանը՝ ճիշտ չի: Այո, մենք ունենք բացթողումներ, բայց միայն ոստիկանությունով չի: Վարչապետի հանձնարարականը կա, այստեղ ներգրաված են նաեւ ՀԿ-ներն ու քաղաքացիները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031