Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը հեգնեց. «Քննիչը սեյֆը բացել ու շշմել է, որ ոչ թե 4 միլիարդ է, այլ ընդամենը 27 հազար դոլար» (տեսանյութ)

Հուլիս 24,2019 14:44

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ այսօր  շարունակվեց Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը: Դատավոր Արսեն Նիկողոսյանը Քոչարյանի աշխատասենյակում վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկության եւ առգրավված գույքի-գումարների առթիվ մի շարք հարցադրումներ արեց բողոքը ներկայացրած դատախազներին։ Դատավորը հետաքրքրվեց. «Ի՞նչ էիք փնտրում այդտեղ»: Բողոքաբեր դատախազ Վահե Դոլմազյանը պատասխանեց, որ գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ այլ առարկաներ։ «Ինչպես հասկանում եմ, քննիչը փնտրել է մեղսագրվող հանցագործությունը փաստող նյութեր։ 27 000 դոլարն ինչո՞վ էր առնչվում մեղսագրվող արարքին»,-հարցրեց դատավորը։ Դատախազը բացատրեց, որ այդ գումարի առգրավումը պայմանավորված է եղել հնարավոր քաղաքացիական հայցերով եւ դատական ծախսերով։ Դատավորն այնուհետև հարցրեց. «Եթե թանկարժեք նկար կամ ոսկի լիներ, դա էլ էր առգրավվելո՞ւ»: Դատախազ Դոլմազյանը հարցը չպարզաբանեց։

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը շեշտեց` քննիչի կողմից որեւէ հարցադրում չի արվել, թե ում է պատկանում չհրկիզվող պահարանից առգրավված այդ գումարը. «Նախապես որոշել են, թե այն պատկանում է պարոն Քոչարյանին, մինչդեռ այդ տանը մի քանի անձ է բնակվում»: Ապա Խուդոյանը հարցադրում արեց` տանը եղել է նաեւ ավելի քան 3000 եվրո, որն, ի դեպ, չի ագրավվել` ինչո՞ւ։ «Չեն հասկացել ինչ է»,-տեղից հեգնեց Ռոբերտ Քոչարյանը։

Ապա Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մեկ տարի լկտի ձեւով ոտնահարում են իր իրավունքները` գույքի վրա կալանք դնելով. «Հաճելի էր լսել դատավորի հարցերի վերաբերյալ դատախազների պատասխանների բացակայությունը։ Ինչպես կարելի է նման` սովորական կերպով օրենք խախտել, կալանքի տակ դնել հաշիվներս, որպեսզի չկարողանամ փաստաբանական ծառայություններից օգտվել։ Ինքս ունենալով այդ հնարավորությունը` բարեկամներիս աջակցությանն եմ դիմել, թեեւ դա ինձ համար պատիվ բերող չէ։ Ինձ զրկել են պաշտպանվելու իրավունքից` խեղճացնելու նպատակով։ Առգրավել են նաեւ այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ինձ պատկանող գույքի եւ գումարների օրինականությունը։ Իսկ հայտնաբերված եւ առգրավված զենքերը որեւէ կապ չունեն Մարտի 1-ի հետ, ինչպես իրենք են ենթադրել։ Դրանք օրինական զենքեր էին, այդ թվում` այլ երկրների ղեկավարների նվիրած անվանական ատրճանակներ»:

Ապա Քոչարյանն անդրադարձավ իր աշխատասենյակից չառգրավված եվրոներին. «Գիտե՞ք ինչի քննիչը չի առգրավել այն։ Որովհետեւ սեյֆը բացել է ու շշմել, որ ոչ թե 4 միլիարդ է, այլ ընդամենը 27 000 դոլար»: Դատավոր Նիկողոսյանը Ռոբերտ Քոչարյանին հորդորեց առանց հեգնանքի դիրքորոշում ներկայացնել։ Ապա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատախազության բողոքի առնչությամբ որոշում կայացնելու։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը: Դատախազությունն էլ վերաքննիչ բողոք է հղել այդ որոշման դեմ։

https://www.facebook.com/aravot.am/videos/1732512143559248/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031