«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել, եւ որոշում է կայացվել նախարարի աշխատակազմը կազմաքանդել. փոխարենը ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։
Հուլիսի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու։ Տեղեկացանք, որ ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու. գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծելու է գլխավոր քարտուղարություն։
Այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, քանի որ նախարարության կառուցվածքային փոփոխությունները ունենալու են ոչ հաճելի անակնկալներ՝ կրճատումներ։ Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախարարության ղեկավար կազմը հասկացրել է նախարարության հնաբնակ աշխատակիցներին, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին, ասել է թե՝ նախարարության հնաբնակներին բացատրել են, որ նրանք կամաց-կամաց հավաքեն իրենց իրերը։ Ու նախարարության որոշ պաշտոնատար անձինք այս օրերին շունչները պահած սպասում են, թե փոփոխությունների արդյունքում իրենց ինչ առաջարկ է արվելու։ Շատերն արդեն ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել՝ եթե իրենց այդքան էլ նորմալ աշխատանք չառաջարկեն, ապա իրենք համակարգում չեն մնա։ Նկատենք, որ մինչ ՊՆ-ում սպասում են կառուցվածքային փոփոխությունների, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները շարունակում են լարվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում