Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ողջամիտ կասկածներ, որ Քոչարյանի անվամբ գույքը կարող է օտարվել». Դատախազ

Հուլիս 24,2019 12:42

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն  Նիկողոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը: Դատախազությունն էլ վերաքննիչ բողոք է հղել այդ որոշման դեմ:

Ներկայացնելով բողոքը՝ այս գործով մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ գույքի վրա կալանք դնելու նախաքննական մարմնի որոշումը պայմանավորված է եղել բացառապես արդարադատության շահի գերակայությամբ եւ ունեցել է դատավարական հիմքեր եւ անհրաժեշտություններ, մասնավորապես՝ դատական ծախսերի փոխհատուցում: Դոլմազյանը շեշտեց, որ քննիչի տրամադրության տակ հստակ եւ ամբողջական տեղեկություններ չեն եղել Քոչարյանի անվամբ գրանցված  գույքի եւ դրամական միջոցների վերաբերյալ. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակից խուզարկությամբ առգրավված գումարին եւ զենքերին, նույնականացման քարտերին, ապա դրանց  վերաբերյալ առաջին ատյանի դատարանի գնահատականները հիմնավոր չեն: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մյուս՝ կաշառքի մասով մեղադրանքը ենթադրում է գույքի բռնագրավում: Գտնում ենք, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր չէ: Պահանջում ենք բեկանել այն»:

Գործով մյուս մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել՝ հաշվի առնելով հնարավոր քաղաքացիական հայցը եւ դատական ծախսը. «Բացի այդ, կան ողջամիտ կասկածներ, որ այդ գույքը կարող է օտարվել կասկածելի ճանապարհներով»: Դատախազության բողոքի քննությունը շարունակվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031