Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր. Ֆրանք Փալլոն

Հուլիս 24,2019 00:43

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձեւավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլեւ՝ տնտեսական առումով, առեւտրի ոլորտներում»։

Համագործակցության մեկ այլ ոլորտ՝ Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձեւավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունն է: Կոնգրեսական Փալլոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ եւ ամերիկյան օրենսդիրների միջեւ 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել:

Ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարեւորագույն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականի խոսքով, ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը.

«Արեւմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա եւ ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մեջ է: Ես դրան չեմ հավատում եւ մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները, գիտեն, որ նոր Հայաստանն արեւմտամետ երկիր է իր արժեքներով, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վաղեմի բարեկամ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:

– Դուք նախաձեռնել եք հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության հռչակումը: Որո՞նք են այն ոլորտները, որտեղ տեսնում եք ռազմավարական գործընկերություն զարգացնելու հեռանկարներ:

– Կարծում եմ, մեր ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը հավանության կարժանանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից մոտ ապագայում: Այն իրականում «Թավշյա հեղափոխության» շարունակական զարգացումն է: Գաղափարն այն է, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ ավելի լավ է գործում օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձեւավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլեւ՝ տնտեսական առումով, առեւտրի ոլորտներում։ Այս համագործակցությունը առանձնակի կարեւոր է նաեւ ռազմավարական տեսանկյունից, քանզի Հայաստանն ունի ռազմավարական կարեւոր դիրքեր Կովկասում նաեւ մոտ է գտնվելով Մերձավոր Արեւելքին:

Բացի այդ, Հայաստանը միշտ մնացել է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի գործընկեր: Իրականում, Արեւմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա եւ ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մեջ է: Ես դրան չեմ հավատում եւ մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում: Սակայն, Հայաստանն ինքը շատ արեւմտամետ երկիր է եւ հավատում է ժողովրդավարությանը եւ շուկայական տնտեսությանը: Ուստի, մենք ցանկանում ենք հիմնվելով դրա վրա հայտարարել, որ պետք է լինեն ավելի լավ ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ:

– Հայ խորհրդարանականների այցի ընթացքում, ո՞ր հարցերն եք քննարկել, ինչպիսի՞ նոր հնարավորություններ են բացվում:

– Խորհրդարանի նախագահն այստեղ է ժողովրդավարության համաժողովին մասնակցելու համար: Նրա այստեղ ներկայությունը կարեւոր էր, քանի որ այն հնարավորություն տվեց մեզ ծանոթանալ «Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած զարգացումներին: Հայաստանի նոր ղեկավարությունը քաղաքականապես մեզ շատ մոտ է ժողովրդավարության, օրենքի գերակայության տեսակետից, ուստի մենք պետք է այդ արժեքների վրա կառուցենք մեր ռազմավարական գործընկերությունը՝ չմոռանալով առեւտրատնտեսական հարաբերությունների մասին:

– Վերջին հարցը՝ Հայաստանի խորհրդարանի անդամները նշեցին, որ կցանկանային ստանալ ամերիկյան օգնություն Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի զարգացման հարցում:

– Այո՛, դա նույնպես: Ինչպես գիտեք, «Թավշյա հեղափոխությունից» առաջ Հայաստանի բարեկամության խմբի անդամ կոնգրեսականները այցելել էին Հայաստան, որից հետո հայ խորհրդարանականներն եկան այստեղ: Բայց դա «Թավշյա հեղափոխությունից» առաջ էր: Այժմ մենք կցանկանայինք նույնպես Հայաստան այցելել, որից հետո հրավիրել Հայաստանի պատգամավորներին այստեղ: Դա մեզ թույլ կտար փորձի փոխանակում ապահովել նաեւ պառլամենտարիզմի հարցում:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    «Հայաստանը պետք է…»՝ իսկապես, ինչքան շատ դեմոկրատիա և ազատություն կա այս բառերում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031