Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ չափով, որ չափեք…»

Հուլիս 24,2019 10:00

Չքաղաքականացված մարդիկ միեւնույն երեւույթին տալիս են նույն գնահատականը: Օրինակ, ՀՀԿ-ական իշխանությունը ՍԴ նախագահ էր կարգել իր մարդուն, հիմա նույնն անում է «Իմքայլական» իշխանությունը: Քաղաքականացված մարդիկ ասում են՝ «առաջինը սխալ էր, երկրորդը՝ ճիշտ»: Կամ հակառակը:

Որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցող մարդիկ վստահ են, որ մինչեւ 2018 թվականի մայիսը ոստիկանների պահանջները չէին կատարում, նրանց հետ բախվում էին, միջպետական ճանապահներ էին փակում հպարտ քաղաքացիները, ռեժիմի դեմ պայքարողները, եւ եթե նրանք բերման էին ենթարկվում կամ ազատազրկվում էին, ապա նրանց անհրաժեշտ էր քաղբանտարկյալ ճանաչել: Նույն ուղղության ներկայացուցիչները համոզված են, որ, օրինակ, Իջեւանում մարդիկ խախտում էին օրենքը, զանգվածային անկարգությունների էին դիմում, կատարում էին ՀՀԿ-ականների եւ «փայտի մաֆիոզիների» պատվերը, եւ իշխանությունը շատ էլ ճիշտ է վարվել, որ կոշտ միջոցներ է կիրառել նրանց դեմ: Բայց այդպես չի լինում. կամ երկու դեպքերում իշխանությունները ճիշտ էին, կամ երկու դեպքերում էլ՝ սխալ:  «Ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, եւ ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»՝ Աստավածաշունչը տրամաբանական եւ պրագմատիկ բանաձեւեր է առաջարկում:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ իջեւանյան միտինգներն այնքան էլ ինքնաբուխ չէին, բացառված չէ, որ այնտեղ կային կազմակերպիչներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ունեին իրենց բիզնես շահերը: Բայց կարեւոր է ոչ միայն այս կամ այն իրադարձության առիթը կամ պատճառներից մեկը, կարեւոր է այն «ֆոնը», որը հնարավոր է դարձնում տվյալ իրադարձությունը: Իսկ այս դեպքում ֆոնը սոցիալական սուր խնդիրներն էին, որոնք եղել են մեկուկես տարի առաջ եւ որոնք մնացել են այսօր: Չլինեին այդ խնդիրները, ոչ մի «փայտային մաֆիոզի» չէր կարողանա ճանապարհի փակում եւ ոստիկանության հետ բախում կազմակերպել (անգամ եթե նման բան արել է):

Իսկ սոցիալական խնդիրների արմատը ոչ միայն «նախորդների» ագահությունն է, այլեւ սեփական կյանքի համար պատասխանատվություն վերցնելու, առանց գողանալու, առանց իշխանավորի, օլիգարխի, բարեգործի վրա հույս դնելու ապրել կարողանալն է: Եվ դարձյալ. ինձ թվում է, երբ դրա մասին խոսում էր նախորդ իշխանությունը, նա ճիշտ էր, երբ հիմա նույնն  ասում է ներկայիս իշխանությունը, նա նույնպես ճիշտ է: Դա իմ կարծիքն է, իհարկե: Գուցե երկուսն էլ սխալ են: Պարզապես պետք է նույն հարցի վերաբերյալ նույն դիրքորոշումն ունենալ: Ոչ թե տարբեր՝ կախված նախասիրություններից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    Առանց Աստվածաշնչի ու տոլստոյական «կարմայի» էլ պարզ է արդեն, որ «հեղափոխությունն» ընդամենը մի պարզունակ իշխանափոխություն էր. սեփականության հերթական վերաբաշխում, վերարտադրության առօրյա հոգսեր, թատերական էժանագին ներկայացումներ եւ իհարկե՝ անձնական մանր վրեժխնդրություն…

    Եւ եղեւ իբրեւ կատարեաց Նիկոլ զպատուէր պատգամաւորացն քայլարածացն իւրոց, գնաց անտի քարոզել եւ ուսուցանել ի քաղաքս նոցա: Իսկ Ռոբերթ իբրեւ լուաւ ի բանտին զգործսն Նիկոլի, ասէ ցնա. Դո՞ւ ես որ գալոցն ես, խլեա զբովանդակ գոյք մերոց, զի ո՛չ թողցես զանձն իմ ի դժոխս, զի ապրեցայ ես ի բերանոյ առիւծուն եւ սիրեցայ ես զընկեր իմ թանկագին զՊուտին ի կեանսն յաւիտենից: Մի՛ դատիք՝ եւ ո՛չ դատիցիք. մի՛ պատժէք՝ եւ ո՛չ պատժիցիք, արձակիցէ՛ք եւ արձակիցի՛ք:
    Պատասխանի ետ Նիկոլ՝ եւ ասէ. դարձուցիմ քեզ զբոմժ եւ վնգստացուցիմ ի վերայ աշտարակի: Եւ եկն ի քաղաք իւր Իջեւան եւ ասէ այսոց պղծոց. Ընդէ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր, ը՞նդեր յափշտակեք զանտառս, զի՞նչ բաժին կայ որ ի տանն իցեն դաւադիրք: Երանի հեզոց լֆիկաց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր, երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան ջհանգիրեան, զի նոցա է դատարանն վեթթինգացուցեալ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031