Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի անգամ Ամերիկայում

Հուլիս 24,2019 12:00

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման օրակարգ ունե՞նք

Անցյալ շաբաթ հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ իրադարձություններ տեղի ունեցան. ՀՀ ԱԺ նախագահն ու արտգործնախարարը մեկնել էին Միացյալ Նահանգներ: Առհասարակ, հայ-ամերիկյան հարաբերությունների չօգտագործված ներուժի մասին մշտապես խոսվել է, սակայն սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ կարծես «սայլը տեղից» առանձնապես չի շարժվում:

Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվել արդեն մեկ տարուց ավելի, սակայն հայ-ամերիկյան օրակարգի, նպատակների, ծրագրերի մասին առայժմ առավել հստակ չի խոսվում:

Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, եւ Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում անցյալ շաբաթ հայտարարել էր հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը: Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր. «Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ՝ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ եւ ամուր հարաբերությունների»: Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց»: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, նշել էր կոնգրեսականը:

Գործնականում Միացյալ Նահանգներ ժամանած Հայաստանի իշխանությունների անցյալ շաբաթ կայացած այցերն ի՞նչ հավելեցին գոյություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերություններին, թերեւս, ցույց կտա ժամանակը:

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Atlantic Council կենտրոնում հանդես էր եկել ելույթով՝ նվիրված Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին եւ զարգացման հեռանկարներին: Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել էր քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման եւ այլ հարցերի շուրջ:

Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել էր քաղհասարակությանը եւ մեդիային աջակցության տրամադրման հարցը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանն Արարատ Միրզոյանն ընդունել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսթիքին, որի հետ քննարկել էին Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը:

Հուլիսի 16-ին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել էր House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում նա ելույթ էր ունեցել «Օրենսդիր մարմնի անկախության ամրապնդումն ընդդեմ աճող ավտորիտարիզմի» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները: Նա, մասնավորապես, նկատել էր, որ 2018թ. Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ եւ արդար ընտրություններում. «Այս փաստը ճանաչվել է ոչ միայն մեր միջազգային գործընկերների, այլ նաեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից: Քանի դեռ ազատ եւ արդար ընտրությունները ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման են, շատ աշխատանք պետք է տարվի մեդիսոնյան ընկալմամբ հանրապետություն հաստատելու համար: Ժողովրդավարության ինստիտուցիոնալացումը եւ օրենսդիր մարմնի դերն այս գործընթացում առաջնային է՝ թույլ չտալու «խմբավորումներին» վնասել ժողովրդավարական կառավարմանը: Այս նպատակով Հայաստանում այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման եւ հզորացման գործընթաց, որի դեպքում ժողովրդավարության առաջխաղացումն անշրջելի կլինի», -նշել է Միրզոյանը:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: Նա գործընկերոջը ներկայացրել է հայաստանյան քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարեւորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը եւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Ազգային ժողովրդավարական եւ Միջազգային հանրապետական ինստիտուտների կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ ծրագրերի կարեւորությանը, որոնք ուղղված են խորհրդարանի կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների օրակարգին նպաստելուն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:

Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Վերջինս մեծապես կարեւորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ասվում էր ՀՀ ԱԺ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում են եղել՝ Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը եւ այլք: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: Նշյալ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարեւորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ:
Թե կոնկրետ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ինչ ծրագրեր ունի իշխանությունը, գոյություն ունի՞ արդյոք, ձեւավորված օրակարգ ու դրա շուրջ աշխատանքներ տարվո՞ւմ են՝ առայժմ հստակ չի կարելի պնդել: Ըստ երեւույթին ամերիկյան կողմն առայժմ շոշափում է հայաստանյան իշխանական վերնախավի մոտ առկա տրամադրությունները՝ մեր երկրի զարգացման եւ տարածաշրջանային հարցերում, իսկ մնացածը կախված է Հայաստանի իշխանությունների նախաձեռնողականության աստիճանից:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031