Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել բանաձևին, որն առաջարկում է պաշտոնապես բարեկամ քաղաքների հարաբերություններ ձևավորել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ: Այս մասին ասվում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:
Նախաձեռնությունը պաշտպանել են խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, ինչպես նաև քաղաքապետ Ջերոմ Լաքսալը:
Այդ որոշումը նշանակում է, որ ստեղծվելու է «Ռայդ-Ստեփանակերտ բարեկամության քաղաքային կոմիտե»՝ երկու քաղաքների միջև բարեկամությունը և փոխըմբռնումն ամրապնդելու, քաղաքների սոցիալական, մշակութային և տնտեսական նպատակներն իրականացնելու համար:
Քաղաքային կոմիտեի համանախագահներ են նշանակվել Ջերոմ Լաքսալը և Սարգիս Եդելյանը, նրանք էլ լիազորվել են նշանակելու մյուս անդամներին:
Կարդացեք նաև
Ռայդը Արցախի հանրապետությունը ճանաչել է 2018թ.: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը Ավստրալիայի առաջին միավորն էր, որը 2012թ. ճանաչել է Արցախի անկախությունը: Ընդ որում, Ռայդը միանում է Հայաստանից դուրս 21 քաղաքներին, որոնք պաշտոնապես գործակցություն են սկսում Արցախի քաղաքների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ