Ողջունում ենք Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար:
Հատկանշական է նաև, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա կատարելիք այցի նախօրեին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները:
Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում։
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն