Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործարանը ո՛չ Փաշինյանինն է, ո՛չ էլ լրագրողներինը»․ Խորհրդավոր ժողով Գյումրու «Սաստեքս»-ում

Հուլիս 23,2019 20:22

Այսօր Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի սփյուռքահայ սեփականատեր Քրիստիան Գելեջին, որը երկու ամիս շարունակ աշխատավարձից ու պայմաններից դժգոհող աշխատակիցների բողոքի ցույցերի ժամանակ չէր գալիս ու հանդիպում նրանց հետ, հրավիրել է բոլորին ու ժողով է անցկացրել։ Թե ինչ է քննարկվել ժողովում, բավական դժվար էր տեղեկություն ստանալը, քանի որ աշխատակիցները ժողովից դուրս էին գալիս առանձին-առանձին՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Դեմքերի լարված արտահայտությունից զգալի էր, որ նրանից շատերն այնքան էլ գոհ չէին առաջարկված նոր պայմաններից։ Մեզ միայն հայտնի դարձավ, որ խոստացել են հուլիս ամսվա համար վճարովի արձակուրդ հատկացնել աշխատակիցներին, օգոստոսին ուղարկել հարկադիր արձակուրդ, իսկ սեպտեմբերին պատվիրատու լինելուն պես կանչել աշխատանքի։

Քրիստիան Գելիջին ցանկություն չհայտնեց պարզաբանումներ ներկայացնել լրագրողներին, փոխարենը նորից խոսեց գործարանի շինարարության գծով պատասխանատու Ներսես Տաշչյանը։ Մեր հարցին՝ ի՞նչ նոր պայմաններ եք առաջարկել, վերջինս ասաց․ «Մեծ հույսեր ունենք, փառք Աստծո, շեֆը եկավ, ամեն ինչ խոսեց, ամեն ինչ հասկացավ։ Ոչ մի բան չփոխեցինք, կարգավորեցինք տեխնոլոգ-վարպետներով»։

Նա նաև նշեց, որ կան մարդիկ համաձայն են գործարքայինով աշխատելուն, կան մարդիկ, որոնք համաձայն չեն։

Հարցին՝ ինչո՞ւ չեն ստորագրում այն մարդկանց դիմումները, որոնք չեն ուզում աշխատել, Ներսես Տաշչյանը պարզաբանեց, որ աշխատանքի պայմանագրի մեջ պայման կա․ իրենք երեք ամիս ուսումնարան են ուղարկել սովորելու, հետևաբար նրանք մեկ տարի պարտավոր են աշխատել։

Ժողովից հետո աշխատակիցներից ոմանք գաղտնազերծեցին խոսակցությունը։ Նրանք, մասնավորապես ասացին, որ Քրիստիան Գելիջին խոստացել է 27 հազար դրամ աշխատավարձ, որին կավելանա գործարքային աշխատավարձը։ Նա ասել է, որ մյուս քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում աշխատակիցները մինչև 130 հազար դրամ են ստանում։

«Գելիջին ասեց, թե Երևանում ամենավատ աշխատողը մինչև 80 հազար դրամ աշխատավարձ է հասցնում, գոնե դուք էլ հասցրեք։ Ասեց՝ ինձ պետք չէ, որ դուք 55 հազար դրամ ուզեք, ինձ պետք է, որ դուք ավելի բարձր վարձատրվեք։ Պիտի աշխատեք, քրտինք թափեք, ոչ մեկին էլ փողն ինքն իրեն չի ընկնում։ Նաև ասեց, թե իր ծանոթները զանգել ու ասել են՝ Քրիստիան, ինչպե՞ս ես գնում Գյումրի, դու այդքան բան արեցիր, բայց Գյումրին քո դեմ ելավ, ամբողջ աշխարհով խայտառակ արեցին քեզ, ինքն էլ իբրև թե պատասխանել է, թե ընտանիքն են, ամեն ընտանիքում էլ անախորժություններ կան, կհարթենք, կգնա։ Նրա մեղմացած տոնից զգացվում էր, որ իր հետ խոսել են իշխանավորները, միայն թե չգիտենք՝ հետագայում ինչ կլինի, շատ անորոշ է մեր ապագան․․․

Քրիստիանը նաև ասաց, որ գործարանը ո՛չ իրենն է, ո՛չ Փաշինյանը, ո՛չ մարզպետին, ո՛չ էլ լրագրողներինը, դա գյումրեցիներին է։ Նախազգուշացրեց՝ եթե խոսակցությունը դուրս գա, իր խոսքի տերը չի լինի էլ։

Մեկ էլ ցույց տալով գերմանացուն՝ ասեց՝ բերել եմ իրեն, որ գերմանական կարգ ու կանոն սովորեցնի ձեզ։ Քրիստիանը նաև նշեց, որ լավ մեքենաներ կբերի, ասեց, որ ոչ մի իշխանավոր էլ չի կարող իրեն թելադրել, ասեց, որ իրեն կանչել էին մարզպետարան, չի եկել, բայց, իր պատմելով, հեռախոսով փոխանցել է՝ ընկեր մարզպետ, ես գալի՞ս, միջամտում եմ քո մարզպետարանի գործերին, որ դու միջամտում ես իմ հիմնարկի գործերին, իմ աշխատողներ են, ես կհարթեմ սաղ։

Ժողովի ընթացքում փորձում էին նաև պարզել, թե Նիկոլ Փաշինյանին գործարանի ո՞ր հարկից է եղել նամակ գրողը։ Մի խոսքով, եկավ, քաղցր լեզու թափեց, գնաց, տեսնենք ինչ է լինելու»,-ժողովից որոշ դրվագներ փոխանցեցին աշխատակիցները։

Աշխատակիցներին վաղը կանչել են, որ դիմում գրեն վճարովի արձակուրդ գնալու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031