Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն առաջարկել է ԱԳՆ-ին՝ հիմնել Արման Կիրակոսյանի անվան տարեկան մրցանակ հայ երիտասարդ դիվանագետների համար

Հուլիս 23,2019 17:49

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Նախագահական նստավայրում այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագետներ, գիտնականներ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Արման Կիրակոսյանը մեծ գիտնական ու փայլուն դիվանագետ էր, իր լավագույն գործընկերն ու ընկերը: «Իհարկե, թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ: Սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականն Արմանին՝ մեծ մարդուն, գիտնականի և դիվանագետի նրա գործունեությանը շարունակվելու է: Ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք՝ գնահատելու մեր ընկերոջ, գործընկերոջ փայլուն կյանքը: Վստահ եմ, որ նրա անտիպ գործերը կհրապարակվեն, որ նրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունենալու նաև դիվանագիտության, հայկական հարցի, Հայոց ցեղասպանության հետ կապված, և ընդհանրապես, շատ հաճախ ենք հիշելու մեր ընկերոջը»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա առաջարկել է արտաքին գործերի նախարարությանը՝ հիմնել Արման Կիրակոսյանի անվան տարեկան մրցանակ հայ երիտասարդ դիվանագետների համար, որը, նախագահի խոսքով, կտրվի ամեն տարի դիվանագիտության ասպարեզում երիտասարդ տաղանդավոր մեր դիվանագետներից լավագույնին, ով տարվա ընթացքում փայլուն հաջողությունների կհասնի՝ դրանով և՛ իր ներդրումն ունենալով մեր դիվանագիտության մեջ, և՛ շարունակելով այն փայլուն կյանքը, որն ունեցել է Արման Կիրակոսյանը:

Շնորհակալություն հայտնելով պարգևի և ուշադրության համար՝ Արման Կիրակոսյանի այրին՝ Սուսաննա Կիրակոսյանը, նշել է, որ իր ամուսինը կյանքի ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վերջին օրը, նվիրված է եղել հայագիտությանը, դիվանագիտությանը, պետությանը: «Թեպետ նա մեզնից, ավաղ, շատ շուտ հեռացավ, բայց իր հետքը թողեց նորանկախ Հայաստանի պատմության և հատկապես դիվանագիտության մեջ: Ես վստահ եմ, որ Արմանը շատ ուրախ կլիներ ընդունել այս բարձր պարգևը, որ նրա գործը կշարունակվի, նրա հիշատակը միշտ վառ կմնա այն անձանց մեջ, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու և աշխատել իր հետ»,- նշել է նա:

«Արման Կիրակոսյանը կատարել է իր առաքելությունը, ստեղծել է ավանդույթ, մշակույթ Հայաստանի պետականության, Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման և զարգացման համար,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:-Եվ դրանով Արման Կիրակոսյանը ուղեցույց է յուրաքանչյուր դիվանագետի համար, ուղեցույց, թե ինչ է նշանակում պարկեշտություն, նվիրվածություն ժողովրդին և պետությանը, աշխատանքին»:

Արման Կիրակոսյանի մասին խոսել և նրա անցած ուղին, վաստակն ու մարդկային կերպարը բարձր են գնահատել նաև նրա գործընկերներն ու ընկերները՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, պատմաբան Արամ Սիմոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031