Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վաղը «լեժանկայով» գնալու ենք Նիկոլ Փաշինյանի տան մոտ ու մնանք այնքան՝մինչեւ մեր բնակարանների հարցը լուծեն». Եկմալյանի բնակիչներ

Հուլիս 23,2019 17:31

Այսօր առավոտից Եկմալյան փողոցի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարական ամառանոցների դիմաց՝ հույս ունենալով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գոնե տանից դուրս գալիս կբռնացնեն, սակայն, ինչպես պահակակետից են պատասխանել՝ վարչապետն արձակուրդում է եւ քաղաքում չէ:

Նրանք վրդովված են, որ քաղաքային իշխանությունների պատճառով կառուցապատողը, որը խոստացել էր 5-6 միլիոն դոլարի ներդրում անել եւ վերջնականապես լուծել իրենց բնակարանների խնդիրը, հրաժարվել է ու վիրավորված հեռանում է:

Խնդիրն այն է, որ քաղաքապետարանն, ի դեմս գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, չի թույլատրում այդ հատվածում կառուցապատում անել: Aravot.am-ի հետ զրույցում Եկմալյանի բնակիչ Անի Խուդավերդյանն ասաց, որ, քաղաքապետարանից պատճառաբանում են՝ տարածքը խիտ է բնակեցված եւ չեն կարող այդ հատվածում կառուցապատում թույլ տալ, բայց կառուցապատողին մեկ այլ տարածք չեն էլ առաջարկում:

Տիկին Խուդավերդյանի խոսքով, մեկ տարի առաջ կառավարությունից սկսած՝ երաշխավորել են, որ կառուցապատողը տարածքը գնի, նա էլ գնել է: Քաղաքապետարանից անգամ հորդորել են՝ հարեւան շենքերից ստորագրություններ հավաքել, որ դեմ չեն շենքի կառուցապատմանը. «Ընկա ստորագրությունները հավաքեցի, մարդիկ մի բան էլ ուրախ էին, որ վերջապես այդ աղբանոցը, կռիսանոցը վերանալու է իրենց շենքերի բակից ու տարածքը բարեկարգվելու է՝ ինչպես որ կառուցապատողն էր իր ներդրումային ծրագրում նշել, որ խաղահրապարակ է հիմնելու, տարածքը կանաչապատելու է, բայց վերջում մեզ էլ, կառուցապատողին էլ, կանգնեցրին փաստի առաջ»,-ասաց Անի Խուդավերդյանը:

Եկմալյանցիները պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը, քանի որ կառուցապատողը հրաժարվել է ներդրումային ծրագրից: Նրանք ասում են, որ վաղն էլ են իրենց իրերով գնալու Նիկոլ Փաշինյանի տան առաջ բողոքի ցույց անելու՝ մինչեւ որ իրենց բնակարանների հարցին լուծում չտան. «Լեժանկայով» գնալու ենք Նիկոլ Փաշինյանի տան մոտ ու մնանք այնքան՝ մինչեւ որ մեր բնակարանների հարցին լուծում չտան՞: Նրանց խոսքով, յոթ ամիս շարունակ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ են բանակցություններ մեջ եղել: Մերժելուց հետո, Անի Խուդավերդյանի խոսքով, քաղաքապետը եկմալյանցիներին ուղղորդել է կառավարություն, քանի որ ժամանակին կառավարության որոշումով է օտարվել տարածքը:

Հիշեցնենք, որ Եկմալյանի բնակիչներն արդեն 13-14 տարի է՝ անտուն են եւ ապրում են վարձով կամ հարազատների, ծանոթների տանը: Նրանք նույնպես, հանուն պետական շահի տները կորցրած քաղաքացիներ են:

ՀՀ կառավարության երաշխավորությամբ Եկմալյան 8, 12, 14 եւ եւս մի քանի տասնյակ հասցեների սեփականատերերի տներն իրացվել են` հանուն պետության կարիքների` պայմանով, որ նույն տարածքում կառուցվող բազմահարկ շենքում նրանց ապահովելու են բնակարաններով: Մինչ օրս այս ընտանիքները ոչ միայն տան տեր այդպես էլ չեն դարձել, այլ` բարոյական ու ֆինանսական վնասներ են կրում: Բնակիչներից ոմանք էլ, չհաշտվելով անտուն մնալու մտքին` սրտի կաթվածից մահացել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031