Լրահոս
Օրվա լրահոսը

Օրական 616 ավտոմեքենա է ներմուծվում միայն Բագրատաշենով. ավտոներկրողները շտապում են հասցնել մինչեւ ԵԱՏՄ-ի թանկացումը

Հուլիս 23,2019 17:17

Բագրատաշենի անցակետում եւ մաքսային գոտում այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էին: Այստեղ գլխավոր դերում Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էր. նա շրջում էր տարածքում, հարցեր տալիս աշխատակիցներին, որոշում՝ որ խնդիրը ոնց պետք է լուծվի:

Մելքումյանն ու Փամբուխչյանն այսօր այցելել են «դեպքի վայր» այն բանից հետո, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում Բագրատաշենի մաքսակետի հերթերի ու կուտակումների մասին լուսանկարներ էր հրապարակել: Եղիազարյանը նշել էր, որ Վրաստանից ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարների հերթեր են, ընդամենը 4 աշխատակից է սպասարկում իրականացնում։

Մելքումյանն այսօր տարածքն ուսումնասիրելուց հետո արձանագրեց՝ սպասարկման համար 6 հոսքուղի է, սահմանապահները 10-ն են. «Բայց բոլոր դեպքերում մաքսայինում աշխատողների ավելացումը անհրաժեշտություն է պիկ սեզոնին, պիկ ժամին, մոտ 7 տեսուչ պետք է ավելանա»:

Մաքսակետի պետ Գեղամ Վանունին էլ ասաց՝ տեսուչները գերծանրաբեռնված են աշխատում:

Մելքումյանը նաեւ պարզեց՝ 1 «թրայլերի»՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարների անցումը տեւում է 100 րոպե, Վանունին էլ ավելացրեց՝ 100-ից 150 րոպե, իսկ մեկ նման բեռնատար 10 ավտոմեքենա է տեղափոխում, սա նշանակում է՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի փաստաթղթերը մանրակրկիտ պետք է ստուգվեն: Վանունին ասաց, որ 24 ժամում 616 ավտոմեքենա է մաքսազերծվում, սա նշանակում է 10-ից ավելի «թրայլեր» է անցնում Բագրատաշենի մաքսակետով:

Միքայել Մելքումյանը մեքենաների մաքսազերծման կետում էլ շրջելուց հետո էլ որոշեց՝ մեկ պատուհան էլ պետք է ավելացվի:

Մելքումյանը հենց տեղում խոստացավ՝ արձանագրած խնդիրներով անմիջապես եւ անձամբ կզբաղվի, հենց Երեւան վերադառնալու ճանապարհին էլ կզանգի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, գումարն էլ գիտի որտեղից գտնել՝ ՊԵԿ-ի արտաբյուջեից, բայց շրջայցի ավարտից հետո այլ տարբերակ գտավ:

Լրագրողների հետ զրույցում Մելքումյանն ասաց, այս օրերին ավտոներկրողները մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրում. «Երեւանից Բագրատաշեն ճանապարհին հանդիպեցին մոտ 10 թրայլեր, դա անում է մոտ 100 ավտոմեքենա, այստեղ կանգնած են 5-6-ը, օրական մոտ 300-400 ավտոմեքենա է մտնում Հայաստան: Այս տարի 70 հազարը հատել է, եթե այսպես գնա՝ մենք 140-150 հազար մեքենա կունենանք: Հունվարի 1-ին պետք է լուծում գտնենք, թե ինչ պետք է լինի այդ բիզնեսով զբաղվողների հետ: Հաջորդ տարվա բյուջեի մեջ տող մտցվի, որպեսզի մի տաղավար էլ կառուցվի՝ 6-7 աշխատակցի համար: Մենք պետք է հնարավորինս հարմարավետ ու ճիշտ լուծումներ տանք առեւտրաշրջանառության եւ զբոսաշրջիկների համար: Օրինակ՝ դրսից եկած շատ շատերը դժգոհեցին էկոլոգիական վճարի համար, որը 3500 դրամ է, իրենք չգիտեն՝ ինչի համար պետք է վճարեն: Միգուցե օրենսդրական կարգով այս հարցերը քննարկենք: Անանյանին առաջարկելու եմ մշտական մոնիտորինգի ինստիտուտ լինի: Մենք օգոստոս-սեպտեմբերին այստեղով կանցնենք դեպի Լարս, որպեսզի հասկանանք մեր հայրենակիցների բիզնեսը ինչ վիճակում է»:

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ օրենսդրությամբ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման գները զգալի աճելու են, ուստի, քաղաքացիները, ավտոներկրողները շտապում են այս տարի ով որքան հնարավոր է՝ ներմուծի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031