Այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստից հետո Aravot.am -ը նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին հարցրեց՝ համացանցում տարածվեց շղթայակապ երիտասարդի նկարը, որին, ըստ մեկնաբանության, կտտանքների էր ենթարկել Մանվել Գրիգորյանը, դուք այդ երիտասարդին ճանաչո՞ւմ եք, գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Ոչ, ընդհանրապես»:
Մենք ճշտեցինք՝ նրան չե՞ք տեսել ձեր տան բակում, որեւէ տարածքում՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, մի հատ վերցրեք ժամանակագրականը, թե տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը որտե՞ղ է եղել՝ մարտի դաշտում է եղել: Դրա համար մի ալարեք, վերցրեք ժամանակահատվածը նայեք՝ էդ մարդը էդ ժամանակում որտեղ է գտնվել: Գնացեք վերցրեք նայեք»:
Թե ինչո՞ւ են այդ դեպքում այլ կերպ տարածում այդ նկարի մեկնաբանությունը՝ Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Էդպես է հարմար»: Թե ո՞ւմ է հարմար, ուղղորդվա՞ծ է սա, քաղաքակա՞ն հարց են լուծում, ո՞վ է դրա հետեւում կանգնած՝ այս հարցերին ի պատասխան՝ Նազիկ Ամիրյանն ասաց. «Չեմ կարող ասել»:
Հարցին՝ ձեզ վերագրվող մեղադրանքների մասին ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Դատական պրոցեսը գնում է: Եթե մեղադրող կողմն էդքան վստահ է, ր այդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարանում ապացուցեն»:
Կարդացեք նաև
Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործում շրջանառվում է Մանվել Գրիգորյանի անունը: Այս առնչությամբ էլ Նազիկ Ամիրյանն ասաց. «Մենք հարաբերություններ չունենք իրենց հետ բավականին երկար տարիներ: Ընդհանրապես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ այն, ինչ լրատվամիջոցները գրում են, 99 տոկոսը սուտ է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ