Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Հիմնադրամի պատասխանատուները Հանրապետության նախագահին են ներկայացրել գործունեության անցած հինգ տարիների ընթացքում իրականացված նախագծերը՝ նշելով, որ դրանք միտված են Հայաստանի երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնմանն ու զարգացմանը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով որակյալ կրթության անհրաժեշտությունը երկրի զարգացման համար: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա պետք է հասկանանք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, որակյալ ու կրթված մասնագետները»,-ընդգծել է նա:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, անդրադառնալով կազմակերպության հետագա ծրագրերին, մասնավորապես տեղեկացրել է, որ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի հետ համագործակցությամբ աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «Ինչպես նախապատրաստել երիտասարդներին հարափոփոխ աշխարհը կերտելու համար» խորագրով միջազգային համաժողով, և ներկայացրել համաժողովի ծրագրի մանրամասները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր մասնակցությունը բերել:
Կարդացեք նաև
Լարիսա Հովհաննիսյանը խոսել է նաև իրենց նոր նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին՝ նշելով, այն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների և գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Նախագահ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել ՝ նշելով, որ այն շատ ճիշտ ու տեղին գաղափար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ