Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Հովհաննիսյան. «Մենք չենք կարող թելադրել հանդիսատեսին, թե ինչ մտածի»

Հուլիս 23,2019 15:39

Aravot.am-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանին խնդրեց ամփոփել այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, անդրադառնալ 16-րդ «Ոսկե ծիրան»-ի հաջողություններին, ձեռքբերումներին, կարևոր նախաձեռնություններին:

«Կարծում եմ, որպես փոփոխությունների տարի, ընդհանուր առմամբ, փառատոնը հաջողվեց: Իհարկե, շատ բաներ կան, որոնք հետագա տարիներին պետք կլինի շտկել, փոփոխել, բարելավել, ընդլայնել կամ հակառակը՝ կրճատել:

16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հագեցած էր բազում ինքնատիպ իրադարձություններով՝ մրցութային և արտամրցույթային ֆիլմեր, երևանյան պրեմիերաներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ, այլ իրադարձություններ: Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 740 ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից: «Երևանյան պրեմիերաներ» արտամրցույթային ծրագրի շրջանակներում հնարավոր եղավ դիտել միջազգային փառատոնների (Կանն, Բեռլին, Ռոտերդամ) ֆավորիտ ֆիլմերը ։

Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներն են կրթական հարթակը՝ Talent Lab-ը և բացօթյա ցուցադրությունները, որոնք անցկացվեցին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում, Ազգային ժողովի այգում և Կոնդ թաղամասում: Այս երեք իրարից շատ տարբեր վայրերում հանդիսատեսի ակտիվությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Երևանի հանդիսատեսն իսկապես սիրում է ամառային փառատոնների կարևոր բաղկացուցիչ կազմող բացօթյա դիտումները: Ինչ վերաբերում է կրթական նախաձեռնություններին, ապա պետք է ասեմ, որ Talent Lab-ը բաղկացած էր չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Talent Lab-ի շրջանակում վարպետության դասընթացները վարեցին ոլորտի առաջատարներ աշխարհի տարբեր երկրներից:

Հաճելիորեն զարմացա նաև այն հանգամանքից, որ մեր հանդիսատեսը սիրեց պատվավոր հյուրին՝ Կառլոս Ռեյգադասին, ում մինչ այս ծանոթ չէր:

Կարևորում եմ այն, որ մենք ունեցանք նոր կարգախոսներ, բոլորովին նոր դիզայն: 16 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել էր փառատոնի տարբերանշանը։ «Ծ» տառը խորհրդանշող գրաֆիկական նոր տարբերանշանի, ինչպես նաև փառատոնը ներկայացնող պաստառների հեղինակը դիզայներ Վիլյամ Կարապետյանն էր։

Մեկ այլ կարևոր հանգամանք: Այս տարի առաջին անգամ իրականացրինք «Ծուռ ծիրան» էքսպերիմենտալ ծրագիրը, որի համադրողը Վիգեն Գալստյանն էր: Այն, ինչպես և տեղեկացրել էինք, բաղկացած էր ռադիկալ, էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը

Հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում ֆիլմերի վերաբերյալ վերջին շահարկումներին: «Փառատոնը միշտ առաջնորդվում է մեկ հիմնական սկզբունքով՝ ընտրել լավ ֆիլմեր, որոնք արժանի են տեղ գտնել մեր ծրագրում: Իհարկե, չի բացառվում, որ կան թեմաներ, որ հանդիսատեսի որոշ մասը կարող է չհավանել, դա հասկանալի է, նորմալ: Մենք չենք կարող թելադրել հանդիսատեսին, թե ինչ մտածի, ինչպես վերաբերվի այս կամ այն երևույթին: Ոլորտի մասնագետների կողմից բացասական վերաբերմունքն այլ հարց է: Բայց նորից, չի եղել քննադատություն, որ այս կամ այն ֆիլմը վատն է, արժանի չի փառատոնի մաս լինելուն: Այդպիսի քննադատությունը կհասկանայինք, իհարկե»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է պաստառները քննադատողներին, այս մասին էլ պատասխանեց. «Ուրախ եմ, որ պաստառներն այս տարվա այնքան տեսանելի էին, քարոզարշավը ակտիվ, ազդեցիկ ու տպավորիչ, որ նաև բարձրացրին թե՛ քննադատությունների և թե՛ ոգևորության ալիք: Եթե ոչ ոք դրանց մասին չխոսեր, պարզ կլիներ, որ չէին էլ նկատել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Ոսկե ծիրանի» արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ճաշակ թելադրում են… Բայց Ձեր պաստառների մեջ կար ռաբիսություն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031