Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր Էջմիածնի բնակիչ, գործարար Էդուարդ Պողոսյանի հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության դատավճռի դեմ զինդատախազի բողոքի քննությունը: Այս գործն ուշագրավ է նրանով, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին`դարձյալ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է մեղադրվում 25 տարի առաջ կատարված սպանության մեջ:
2018-ի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժնում Էդուարդ Պողոսյանը դիմում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ սպանել է իր հորը՝ Մհեր Պողոսյանին: Սակայն դեպքի իրական փաստերի խեղաթյուրման պատճառով վերջինս ենթարկվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման: Էդուարդ Պողոսյանը հավելել է, որ Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը՝ Մանվել Գրիգորյանը, եկել է իրենց տուն եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:
Նախաքննության ընթացքում Պաշտպանության նախարարության Զինծառայողների Սոցիալական Պաշտպանության վարչությունից առգրավվել է Մհեր Պողոսյանի արխիվային գործը, որի զննությամբ պարզվել է, որ նրան տրվել է զոհվածի կարգավիճակ՝ չնայած այն հանգամանքին, որ նա զինվորական ծառայության հետ բացարձակապես կապ չի ունեցել եւ մարտական գործողությունների մասնակից չի հանդիսացել:
Այդ գործում առկա է եղել նաեւ Մանվել Գրիգորյանից մի տեղեկանք, ըստ որի՝ Մհեր Պողոսյանը զոհվել է 1994-ի ապրիլի 16-ին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝ դատավճռին:
Կարդացեք նաև
Պարզվել է նաեւ, որ 2002 թվականի հունիսի 1-ին Հայաստանի 2-րդ նախագահի հրամանագրով` Մհեր Պողոսյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության եւ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով:
2018-ի դեկտեմբերի 10-ին զինդատախազ Վահե Հարությունյանի որոշմամբ ի հայտ եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ:
Այսօրվա նիստում տուժողի ներկայացուցիչ ճանաչվեց Մհեր Պողոսյանի որդին` Էդուարդ Պողոսյանը:
Էդուարդ Պողոսյանի`տուժողի իրավահաջորդ ճանաչվելու դիմումը դուր չեկավ Հրանտ Գրիգորյանի պաշտպանին: Նա հայտարարեց, որ գործի քննության այս փուլում տուժողի իրավահաջորդի ճանաչումը իրավական հիմնավորում չունի եւ դատարանը դատավարական նորմերի խախտումներ է թույլ տալիս: Հրանտ Գրիգորյանի պաշտպանը նաեւ հայտարարեց, որ գործի վերաբացումն էլ օրենքի խախտումով է եղել: Իրենք «աչք են փակել» դրա վրա միայն այն պատճառով, որ «հանրությունն իրականությունն իմանա»:
Նիստին ներկա էր նաեւ Հրանտ Գրիգորյանը: Վերջինս հստակ կարգավիճակ չունի, նա օգտվում է մեղադրյալի դատավարական կարգավիճակից բխող իրավունքներից, քանի որ սա հատուկ վարույթ է: Հրանտ Գրիգորյանը նիստի ավարտից հետո, չցանկացավ հարցերի պատասխանել:
Իսկ Էդուարդ Պողոսյանի ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանն առայժմ չի հակադարձում Հրանտ Գրիգորյանի պաշտպանի այն հայտարարությանը, թե վարույթը հիմքեր չունի: Դա կանի միայն գործի նյութերին ամբողջական ծանոթանալուց հետո. «Կողմը ներկայացրեց`մենք լավ էլ ծանոթ ենք գործի նյութերին եւ այլն, եւ այլն: Այն, ինչին ծանոթ ենք`դատախազության հայտարարությունն է, Էդվարդ Պողոսյանի դիմումը եւ մի քանի այլ դետալներ: Բայց գործը մեկ հատոր է կազմում»:
Նիստը հետաձգվեց`կողմերը պետք է նյութերին ծանոթանան: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին, քանի որ դատարանը ծանրաբեռնված է, նաեւ`դատավորներն են արձակուրդ մեկնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ