Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի կրթության փորձագետ Արմեն Քթոյանը հուլիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում ներկայացրեց «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները 2019 թ. երկրորդ եռամսյակին» մշտադիտարկման արդյունքները;
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթությունը մարդու հետագա կյանքի ողջ ընթացքում կրթության արդյունավետությունը պայմանավորող գործոն է հանդիսանում: Մեզ մոտ նախադպրոցական կրթության մասնակցության աստիճանը 40 տոկոսը չի անցնում: Դա նշանակում է, որ երեխաների 2/3-ը մինչեւ դպրոց գնալը նախադպրոցական կրթություն չի ստանում: Իսկ դա հնարավորություն չի տալիս, որ նրանք հետագայում առավելագույնս բացահայտեն իրեն պոտենցիալը»,-նշեց կրթության փորձագետը:
Հավելեց, որ համաշխարհային բանկի դրամաշնորհով գյուղական բնակավայրերում նախակրթարաններ են ստեղծվում. «Կրթության բարելավման ծրագրով» նախատեսվում էր մինչև 2019թ․ սեպտեմբեր ստեղծել 120 նախադպրոցական հաստատություն, որտեղ պետք է հաճախեր 4-6 տարեկան 2400 երեխա, սակայն 2019-ի սկզբին այդ թիվը 97-ն է»:
Խոսելով ավագ դպրոցների մասին, բանախոսը նշեց, որ 5 տարվա ընթացքում 17 ավագ դպրոց պետք է հիմնանորոգվեր, 107 ավագ դպրոց էլ նորագույն տեխնիկական միջոցներով, լաբորատորիաներով պետք է զինված լինեին, որոնց արդյունքում սովորողների ընդգրկվածությունը կմեծանար:
Կարդացեք նաև
«Այս պահի դրությամբ 5 ավագ դպրոց է հիմնանորոգվել, թեեւ ծրագրով 17-ն էր նախատեսված»,-փաստեց Քթոյանը, ապա անդրադարձավ պատճառներին:
«Ինչպես մեզ մոտ ընդունված է, սկզբում հաշվում ես մի բան, վերջում ուրիշ բան է դուրս գալիս: 2014 թ, երբ ծրագիրը նախատեսվում էր, իսկ 2015-ից սկսվեց, ավագ դպրոցների վերակառուցման սկզբնական բյուջեն 11,7 միլիոն դոլար էր: Վերահաշվարկ կատարվեց եւ պարզվեց, որ այդ գումարն իրականում 30 մլն է: Վերագնահատումը խնդրահարույց է, որովհետեւ հաստատապես այնպես չի եղել, որ 5 տարվա ընթացքում դու ստիպված լինես մոտ 3 անգամ ավելացնել քո նախահաշվային ծախսերը: Դրա արդյունքում կառավարությունը 2017թ հունիսին որոշում կայացրեց, որ պետք է ունենանք, ոչ թե 17 ավագ դպրոց, այլ 6-7 դպրոց պետք է հիմնանորոգվեն»,- նշեց կրթության փորձագետը:
«Մենք ունենք 107 ավագ դպրոց, եւ Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ պայմանագիր էր կնքել, որ բոլոր 107 դպրոցները 5 տարվա ընթացքում պետք է ունենային լաբորատորիաներ, ինչի համար համապատասխան հատկացումներ են արվել: 2019թ սեպտեմբերի դրությամբ վերանայվեց այդ թիրախը մինչեւ 2021թ սեպտեմբեր, բայց կրկին 107 թիվը մնաց, եւ փաստացի արդյունքը այս պահին զրո է: Այստեղ արդյունավետության մասին անիմաստ է խոսելը»,-ընդգծեց բանախոսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի