«Չկա հիմնավոր բացատրություն, թե ինչու է Երևանն այսօր այս վիճակում, մեր նամակի հիմնական նպատակն այն է, որ մարդիկ իմանան այս հարցի պատասխանները»,-լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Կուսակցության ներկայացուցիչները մայրաքաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին նամակը փոխանցեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, այնուհետև Երևանի քաղաքապետարանի առաջ իրականացրին խաղաղ ցույց:
Արման Ղուկասյանը վստահեցրեց՝ սա բողոքի ցույց չէ, քանի որ մեզ համար շատ բաներ հասկանալի չէ. «Մեզ համար կարևոր է հասկանալ՝ ինչու է նման իրավիճակ ձևավորվել: Բոլորն էլ գիտեն, որ աղբահանության խնդիրը շատ սուր է հիմա: Սանիթեքը մեղադրում է քաղաքապետարանին, որ անհիմն տուգանքներ է կիրառում, և ընկերությունը չի կարողանում կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ քաղաքապետարանն ամբողջ մեղքը բարդում է Սանիթեքի վրա»:
Կարդացեք նաև
Ըստ Արման Ղուկասյանի՝ այս հարաբերություններից տուժում է Երևանի քաղաքացին. «Սա նորմալ կառավարման արդյունք չէ, քանի որ մենք գիտենք, որ պարոն քաղաքապետն իր քարոզարշավի ժամանակ խոսում էր նրա մասին, որ աղբահանություն իրականացնող մեկ ընկերությունից բացի ունենալու ենք երկրորդը, երրորդը: Մեկ տարի է անցել, բայց չկա որևէ մեկը: Մենք ուզում ենք իմանալ՝ ինչ տուգանքների մասին է խոսքը, որ մի ընկերություն, որը միշտ կատարել էր վատ կամ լավ իր պարտականությունները, այսօր չի կարողանում կատարել»:
Ամփոփելով Արման Ղուկասյանն ասաց. «Մեր նամակի մեջ հստակ նշված է, եթե ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, պարոն քաղաքապետը չի՞ կարծում, որ այդ ընկերությունը պետք է փոխվի: Մենք հարցնում ենք ինչո՞ւ այսքան տարվա մեջ մեկ այլ օպերատոր չի մտել դաշտ»:
Նշենք, որ նամակը հանձնելուց հետո քաղաքապետարանից տեղեկացրին՝ կպատասխանեն տասն օր հետո:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ֆեյսբուքյան էջի