«Մեկ Հայաստան» կուսակցությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այս ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ։ Վերջերս էլ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ-ի հետ, ներկայացրել իրենց նպատակները։
Տեղեկություններ են շրջանառվում, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը պաշտպանում է այն տեսակետը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սխալ է, ու նա կարող է ազատության մեջ գտնվել, իսկ իրավապահները իրենց գործառույթն իրականացնեն առանց Քոչարյանին կալանքի տակ պահելու։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ՝ պարզելու՝ արդյոք իրատեսական են այդ տեղեկությունները։
–Պարոն Ղազինյան, Ձեր ղեկավարած կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, հանդիպել եք նաեւ ՀՅԴ-ի հետ։ Ի՞նչ նպատակով են այդ հանդիպումներն իրականացվում։ Տեղեկություններ կան, որ համագործակցում եք ՀՅԴ-ի հետ։
Կարդացեք նաև
–Մենք համագործակցում ու հանդիպումներ, շփումներ, քննարկումներ ունենում ենք բոլոր կուսակցությունների, քաղաքական միավորների ու քաղաքական ուժերի հետ։ Մենք քաղաքական դաշտում հակառակորդներ, թշնամիներ չունենք, «Դաշնակցության» հետ հանդիպում էլ կայացել է իրենց նախաձեռնությամբ։ Դա չի նշանակում, որ մենք բացառապես համագործակցում ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, դա շատ թյուր ընկալում է։ Բնականաբար, մենք Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար։ Մենք բոլորի հետ ենք աշխատում։
Հիմա մեզ համար անհանգստացնող է վերջին ժամանակներս իշխանության որդեգրած քաղաքականությունը դատական համակարգի վերաբերյալ: Մենք ասել ենք, որ խնդիրը համալիր է ու չի կարող տեղային լուծումներ ունենալ, պետք է լինի համալիր լուծում։ Պետք է լինի նոր դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում է իրականում կառուցողական եւ թիրախային նպատակին միտված աշխատանք, այլ ոչ հեղափոխական եւ վիրահատական միջամտության։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի խառնվելու ոչ մի դատական գործընթացի, ու որեւէ ուղղորդում չի լինելու։ Ըստ վարչապետի՝ իշխանությունն ամեն ինչ անում է դատաիրավական համակարգի ՝ բուժման համար։ Դա արդյոք նշանակո՞ւմ է միջամտություն։
–Իսկ միջամտությունը էլ ինչպե՞ս է լինում։ Իր խոսքերով ասեմ՝ պոզով-պոչով կենդանի՞ է միջամտությունը։ Եթե ասում է՝ այս դատավորները չպետք է աշխատեն, եթե ասում է, որ այն դատավորը, որ ընդունում է մեզ համար ոչ այդքան հաճելի որոշում, մենք պետք է աշխատանքի մեջ պլագիատ գտնենք եւ այլն, բա, ձեր կարծիքով միջամտությունը էլ ո՞նց է լինում: Այսինքն՝ մենք չենք միջամտում, դուք դեռ մեզ համար հաճելի որոշումներ եք ընդունում. որ պահին ձեր ընդունած վճիռները մեզ համար կլինի տհաճ, անպայման դուք կզգաք դրա հետեւանքները։ Փաստացի այսօրվա իշխանության ձեռագիրը դա է։ Այսինքն՝ պետք չէ կոնկրետ գործերով միջնորդել, այսինքն՝ ըստ իշխանությունների, չպետք է լինի դատավոր, որ չի անի այսօրվա իշխանությունների ցանկացածը։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում