Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդգնում է հակադարձել ՀՀ վարչապետին՝ խրատներով, խորհուրդներով «չի կարելի»–ներով համեմելով իր խոսքը։ Նախահեղափոխական քոչարյանասարգսյանական իշխանական համակարգի պայմաններում անգամ անհնար էր պատկերացնել, որ Սահմանադրական դատարանի նախագահը կարող էր սեփական տեսակետ հայտնել, այն էլ՝ հրապարակավ։
Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ-ի մասին հնչեցրած կարծիքը, Թովմասյանն ահա թե ինչ է ասում. «Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին՝ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»։ Բայց հետո շարունակում է. «Գայթակղությունը մեծ է քաղաքական ամբիոն ստանալու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել»։ Ու չնայած այս ամենին՝ այնուամենայնիվ Սահմանադրական դատարանի նախագահը չի դիմանում գայթակղությանն ու պատասխանում է ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարին։ Նա գործի է դնում իր վաղուց բթացած վիրավորանքի զգացողությունը ու ասում. «Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին, եւ որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի եւ դատակաև իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին»։
Նկատեցիք ՍԴ նախագահի խրատները ՀՀ վարչապետին։ Բա ասում են՝ դատական իշխանությունն անկախ չէ։ Թերեւս շատ անկախ է, ավելին, քան կարելի է պատկերացնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում