Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իրենց կյանքից դժգոհող քաղաքացիներին տալիս է բառացիորեն նույն պատասխանները, ինչ նախկինները՝ թող գնան աշխատեն. «Հրապարակ»

Հուլիս 23,2019 11:37

Ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած ու վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը սկսել է սեփական ժողովրդին վերաբերվել այնպես, ինչպես իր կողմից մերժված նախկինները։ Նա իր վարքուբարքով սկսել է նմանվել Սերժ Սարգսյանին ու մյուս վարչապետերին, որոնք երբ հայտնվում էին ժողովրդի մեջ ու որոշում տետ ա տետ շփվել հասարակ մահկանացուների հետ, մուննաթ էին գալիս նույն ժողովրդի վրա, չէին լսում իրենց մոտեցած քաղաքացիներին, կոպտում էին նրանց, արհամարհական վերաբերմունքի արժանացնում։ Սա իշխանություն ունեցողներին հատուկ, կարելի է ասել՝ կայսրական հիվանդություն է, որով շատ արագ վարակվեցին մեր նորաթուխ իշխանավորները՝ վարչապետի գլխավորությամբ։ Նա իրենց կյանքից դժգոհող քաղաքացիներին տալիս է բառացիորեն նույն պատասխանները, ինչ նախկինները՝ թող գնան աշխատեն։ Իսկ թե որտեղ աշխատեն եւ ինչպես՝ պատասխան չկա։ Թող անասուն պահեն՝ ասում էր Սերժ Սարգսյանը։ Թող անասունի տեղը շինշիլա պահեն՝ հորդորում էր Կարեն Կարապետյանը, հիմա էլ Փաշինյանն է կոչ անում՝ թող ոչխար պահեն։

Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի է կտրվում ժողովրդից ու իրականությունից։ Իր վարչապետության առաջին օրերին նա կառավարության շենք էր մտնում գլխավոր մուտքից՝ չխորշելով պատասխանել իրեն մոտեցած քաղաքացիների հարցերին, թիկնապահներին էլ դիտողություն էր անում, որ հանկարծ չարգելեն /քաղաքացիներին մոտենալ իրեն։ Անգամ, երբ կառավարության դռանն էին խփել մարդիկ, վարչապետն ասել էր՝ իրենց դուռն է, կուզեն՝ կխփեն։ Այսօր պարոն Փաշինյանն ավելացրել է թիկնապահների քանակը, որոնք բարդացնում են վարչապետին մոտենալը։ Հիմա նա ժողովրդի մեջ հայտնվում է հազվադեպ, քաղաքացիների հետ շփվում է մի քանի շարքով իրեն շրջապատած թիկնապահական կուռ պատնեշի արանքից, իսկ իրենց չարքաշ կյանքից դժգոհող հասարակ քաղաքացիներին էլ տալիս է մոտավորապես այն պատասխանները, որոնք տալիս էին Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը կամ ՀՀԿ-ի մյուս կարկառունները։

Օրինակ՝ հուլիսի 20-ին Գյումրի կատարած այցի ժամանակ թիկնապահների արանքը ճղելով՝ մի կերպ Փաշինյանին էր մոտեցել ամուսնուն կորցրած, հինգ երեխա մեծացրած մի կին ու կիսվել իր դարդերով։ Նա կառավարությունից աջակցություն էր խնդրում իր տան նորոգման համար՝ նշելով, որ որդին բանակից եկել է, երկու տարի է՝ սոսկալի վիճակում են գտնվում, եւ հիմա իր տղան պիտի գնա Ռուսաստան՝ աշխատելու, որ տունը պահի։ Վարչապետը, սակայն, վրդովվել էր դրանից՝ «խի ստեղ ինչի՞ չի աշխատում»։ Կինը պատասխանել էր. «Չկա հարմար գումարով աշխատանք»։ Վարչապետն ավելի էր զայրացել։ «Հասուն տղա ա, պետք ա աշխատի, հերիք ա, հա՞, իմ տղան էլ ա բանակում»,– ասել էր Փաշինյանն ու շուռ եկել-նստել մեքենան՝ այլեւս չլսելով տիկնոջը։ Վերջինս էլ գարմացել էր, թե «էսպե՞ս է պատասխանը Փաշինյանի»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031