Հետհեղափոխության շրջանում ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ նոր իշխանությունների առջև բարձրացնում են բավականին հիմնարար քաղաքական պահանջներ․
1․Գնահատական տալ նախորդ տարիներին, որպես պետության զավթման շրջան,
2․Իրականացնել լյուստրացիա,
3․Իրականացնել անցումային արդարադատություն, ինչպես նաև դատաիրավական ոլորտում՝ վեթթինգ։
Կարդացեք նաև
Արդյոք այս պահանջները նորությու՞ն են Հայաստանի հանրային կյանքում։ Իհարկե՝ ոչ։ Նախկին կոմունիստական ռեժիմին քաղաքական գնահատական տալու և լյուստրացիա իրականացնելու պահանջները սկսվեցին հատկապես 1990թ․։ Նույն թվականին նորընտիր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ լյուստրացիայի հարցը դրվեց քվեարկության և Հայաստանի առաջին ազատ, ժողովրդավարական ընտրված , առաջադեմ հայացքներ ունեցող ԳԽ-ն ձայների ահռելի մեծամասնությամբ մերժեց նախաձեռնությունը։
Հաջորդ նման պահանջները դրվեցին 1998թ․ իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ նույնիսկ հատուկ մարմին ստեղծվեց, տարբեր քաղաքական ուժերի ներգրավմամբ և կարծեմ ինչ-որ անատամ հայտարարություն ընդունվեց։ Եվ այժմ, հեղափոխությունից հետո այդ պահանջները նորից վերակենդանացան։
Արդ, ո՞րն էր պատճառը․ որ և նախկինում և այժմ իշխանությունները խուսափում են այդ հարցերից, համազգային համերաշխություն հաստատե՞լը, թե՞ ամեն անգամ նոր, առաջադեմ իշխանությունների մտավախությունը յուրայիններին, որպես գործակալներ չբացահայտելու հարցը։
Եթե հարցն, իսկապես, համազգային համերաշխություն հաստատելն էր և է, ապա Հայաստանի անկախության ողջ ժամանակաշրջանում ականատես չէինք լինի իշխանությունների, մեղմ ասած, անհանդուրժողականությանը, բռնություններին ընդդիմության, լրագրողների և այլոց նկատմամբ։
Արդյոք պատճառը յուրայիններին, որպես գործակալներ չբացահայտե՞լն էր և է՞։ Թերևս այստեղ ճշմարտություն կա։ Չէ՞ որ դեռևս ԽՍՀՄ տարիներին քչերն էին կարողանում դիմադրել ամենակարող ԿԳԲ-ին, պաշտոնի, առաջխաղացման և վերջապես արտասահման մեկնելու՝ աշխատելու կամ շրջագայելու հարցեր կային։ Իսկ անկախության տարիներին․․․ երբեմն որևէ բացատրություն չես գտնում , երբ երեկվա թունդ ռուսամետ, կոմկուսի նախկին անդամ գործիչը հանկարծ դառնում է թունդ արևմտամետ և հակառակը․․․ որոշ ժամանակ անց էլի «հիմնարար տեսակետների» փոփոխություն և այսպես շարունակ։ Վերջերս իշխանության կարծիքն արտահայտող թիվ մեկ լրատվամիջոց, «Հայկական ժամանակը» , փաստորեն պաշտոնական հիմնավորումներ է ներկայացնում լյուստրացիայի անհեռանկարության վերաբերյալ։
Կարծում եմ վերոնշյալ հարցերն ունեն բոլորովին այլ պատասխաններ։
Այսպես, փորձենք քննարկել, թե ի՞նչ է նշանակում «պետության զավթում» (State capture) հասկացությունը ։
Պետության զավթում ․ համակարգային քաղաքական կոռուպցիայի տեսակ, որի շրջանակներում մասնավոր շահերը էապես ազդում են պետության կողմից որոշում կայացնելու գործընթացին՝ հօգուտ այդ մասնավոր շահերի:
Պետության զավթում հասկացությունը առաջին անգամ կիրառել է Համաշխարհային բանկը (ՀԲ) 2000 թվականին Կենտրոնական Ասիայի մի շարք պետություններում խորհրդային բռնապետությունից շարունակվող իրավիճակը նկարագրելու համար: Մասնավորապես, հասկացությունը կիրառվել է այն իրավիճակներին, երբ սակավաթիվ կոռուպցիոն խմբավորումները օգտագործում էին իրենց լծակները պետական պաշտոնյաների նկատմամբ վերջիններիս կողմից առաջինների համար նախընտրելի որոշումներ կայացնելու՝ այդ սակավաթիվ կոռուպցիոն խմբավորումների տնտեսական դիրքերի ամրապնդման նպատակով: Նման կոռուպցիոն խմբավորումների անդամները հետագայում հայտնի են դարձել որպես օլիգարխներ:
Կարծում եմ, որ ՀԲ-ն սահմանել է միայն «պետության զավթում» հասկացությունը , որպես հետևանք։ Սակայն «պետության զավթում» իրականացնելու համար նախ անհրաժեշտ է ոչնչացնել պետական անկախ կառույցները և ստեղծել անվերահսկելի միապետական իշխանություն։ Այսինքն` պետության զավթման պատճառը իշխանության թևերի տարանջատման բացակայությունն է։
Այո, հետհայաց գցելով շուրջ 30 տարիների պատմությանը, կարելի է պնդել, որ ՀԲ-ի բնորոշումը լիովին արտահայտում է նաև Հայաստանի իրավիճակը։ Ուստի, ո՞րն է պատճառը, որ նորօրյա հեղափոխական իշխանությունները, կարծես թե խուսափում են անցյալին գնահատական տալուց։
Կարծում եմ այստեղ առկա են երկու պատճառներ․ առաջնային և երկրորդական։
Սկսենք երկրորդականից․ եթե նոր իշխանությունը «պետության զավթման» գնահատական է տալիս անցյալին, երբվանի՞ց է սկսվելու հաշվարկը․ 1990թ․, 1995թ, թե՞ 1998 թվականից։ Սա, հավանաբար , ամենալուրջ հարցերից է, քանի որ տարբեր նախկին և առավել երիտասարդ գործիչներ անընդհատ կրկնում են «քսան տարիների ընթացքում, վերջին քսան տարիներին, ռոբա-սերժական ժամանակաշրջանը և այլն»։ Չգիտես ինչու 90-ականները չի բնորոշվում որպես առնվազն լևոնա-սերժական ժամանակաշրջան, չէ՞ որ Սերժ Սարգսյանը 1993թ․ զբաղեցրել է առանցքային պետական պաշտոններ՝ ՊՆ, ՆԳ, ԱԱԾ նախարարների։ Ես, որպես ոչ միայն ականատես, այլև «դրսից» մասնակից (ինչու «դրսից», քանի որ երբեք պետական պաշտոն չեմ ունեցել) Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքին, կարող եմ պնդել (եթե անհրաժեշտ է՝ հաստատել փաստերով), որ «պետության զավթումը» սկսվել է 90-ականներից և «վավերացվել» 1995թ․ սահմանադրությամբ։
Հիշեցման կարգով․ 1995թ․ սահմանադրությամբ հանրապետության նախագահը ստանում էր միջնադարյան միապետի լիազորություններ, նրա կողմից էին նշանակվում և նրան ենթարկվում և օրենսդիր (եթե հրաշքով ԱԺ-ն փորձեր դիմադրել, ապա ամենակարող նախագահը վեց ամիս մի կերպ դիմանալով, այն կցրեր) և գործադիր (այդ թվում Երևանի քաղաքապետը) և դատական «իշխանությունը»։ Այդ պարագայում էլ հենց սկսվում է ՀԲ-ի կողմից բնորոշված քաղաքական կոռուպցիան, երբ գոյություն չունի որևէ պետական կառույց, որ դիմադրի անօրինականություններին։ Որպես հետևանք , ընտրությունների կեղծումը, հանրային ողջ ունեցվածքի «սեփականաշնորհումն» ու մսխումը, է լ չեմ խոսում 90-ականների պատվիրված, կիսաբացահայտված և չբացահայտված հարյուրավոր, այո՝ հարյուրավոր սպանությունների մասին (նկատի ունեմ ոչ միայն պատվիրված ու չբացահայտված սպանությունները, նաև հրադադարից հետո խաղաղ պայմաններում բանակում հարյուրավոր զոհերը)։
Կոնկրետ ինձ համար, եթե 2000-ականները եղել են անպատժելիությունների, անօրինականությունների տարիներ, ապա 90- ականները՝ այդ ամենով հանդերձ , նաև՝ մղձավանջային։ Այս ամենը հաճախ «դուրս է գրվում» որպես արցախյան պատերազմին ուղեկցող գործոններ։ Դեռ մի կողմ թողնենք, որ պատերազմը պահանջում էր առավել համախմբվածություն և կարգուկանոն, բայց ընդդիմախոսներիս ասեմ, որ մղձավանջային ասելով՝ նկատի չունեմ արցախյան պատերազմին ուղեկցող «ցուրտ ու մութ» տարիները, այլ նույն շրջանում տեղի ունեցած պատվիրված սպանությունները, ինչպես նաև 1994թ․ հրադադարից հետո տեղի ունեցած բազմապիսի և բազմաթիվ անօրինականությունները։
Բացարձակապես միտք չունենալով արդարացնել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, կարծում եմ, որ նրանք, ինչպես և հավանաբար ցանկացած այլ անձ, ունենալով անվերահսկելի իշխանություն, կամովին այն չէր սահմանափակի, եթե չի գործում հասարակական պահանջը։ Ես չեմ հավատում «քաղաքական կամք» ձևակերպմանը։
Արդ, եթե տրվելու է « պետության զավթման» քաղաքական գնահատական, և իրականացվելու է «անցումային արդարադատություն», այն ներառելո՞ւ է 90-ականները։ Դժվար թե, չէ՞ որ այսօրվա իշխանության մեջ և նրա ուղեծրում բազմաթիվ դեմքեր հենց 90-ականների առանցքային պաշտոնյաներից են, իսկ վարչապետը, 2008թ․ այդ ամենի հիմնադիրի աջակիցներից է։ Այսպիսով, կարծում եմ, որ քաղաքական գնահատականից առայժմ խուսափելու պատճառը, նաև այս անորոշությունն է։
Բայց, համոզված եմ, որ առկա է առավել հիմնավոր՝ առաջնային պատճառ։
Եթե նոր իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, իսկապես գիտակցում է ողջ նախորդ շրջանի «պետության զավթված» լինելու փաստը և անկախ իր նախորդ շրջանի համակրանքներից ու հակակրանքներից, որոշում է քաղաքական գնահատական տալ, ապա բացի գնահատականից, կամ մինչ այդ, կամ դրան զուգահեռ, պետք է «պետության զավթման» ապագա վտանգը բացառելու համար սահմանադրական-օրենսդրական ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի, զրկելով ինքն իրեն իշխանության մենաշնորհից։ Իսկ իշխանության մենաշնորհը, ինչպես վերևում նշեցինք Հայաստանում սահմանադրական-օրենսդրական է։ 2015թ․ սահմանադրական փոփոխություններով, ընդամենը միապետ նախագահի պատմուճանը փոխանցվեց միապետ վարչապետին։ Այս մասին առավել մանրամասն տես «Պետություն, թե՞ իշխանություն» և «Երեկ ես , այսօր դու, վաղը նա․․․» հոդվածներում։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի, թերևս ողջ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ իշխանությունը՝ խորհրդարանական աննախադեպ մեծամասնություն, համարյա առանց լուրջ ընդդիմության (թող ներեն ինձ ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստանը՝ գուցե խիստ գնահատականի համար) , միանձնյա կառավարվող գործադիր իշխանություն, իրեն կից ուժային , քննչական, հարկահավաք գվարդիաներով (ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ՊԵԿ ) և , առայժմ հասարակական մեծ աջակցություն։ Սա մի կողմից նրա համար հիանալի հնարավորություն է ստեղծել կառուցել իրապես իրավական պետություն, բացառելով ապագայում պետության զավթումը, մյուս կողմից․․․
Մյուս կողմից սահմանադրական-օրենսդրական բարեփոխումները ոչ միայն սկսված, այլև հիմնականում ավարտված պետք է լինեին։ Կարելի էր, չէ՞, արդեն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերակազմավորել որպես նախարարություններ, քննչական մարմիններն ու ՊԵԿ-ը օրենքով դարձնել ինքնուրույն, անկախ մարմիններ։ Բայց՝ ոչ, ոչ միայն սույն պարզ լուծումները չարվեցին, այլև Սփյուռքի նախարարությունը լուծարվեց և դարձավ վարչապետին ենթակա անհասկանալի կառույց, ի դեպ կարծես նույնքան աշխատակազմով։
Եվ ընդհանրապես անհասկանալի է վարչապետի աշխատակազմի ուռճացումը ։ Ի վերջո` գոյություն ունեն տարբեր ոլորտներ կարգավորող նախարարություններ և ո՞րն է իմաստը վարչապետի աշխատակազմում, հավանաբար, «կրկնանախարարություններ» ստեղծելու։ Անվստահությո՞ւնը նույնիսկ յուրայինների նկատմամբ, թե՞ կա այլ բացատրություն։ Միայն չասեք կառավարության աշխատանքն առավել արդյունավետ դարձնելը։
Այս համատեքստում կասկածելի են թվում նաև վարչապետի հռչակած դատական բարեփոխումները։ Ի դեպ՝ դատական, այլ ոչ դատաիրավական։ Չէ՞ որ իրավական ողջ շղթան, բացի դատարաններից, նրա անմիջական ենթակայության տակ է , ուստի և այս ոլորտների բարեփոխումների, վեթթինգի, ավելի ստույգ՝ տեր փնտրելու կարիք չկա, նրանք գտել են արդեն իրենց տիրոջը։ Եվ եթե վարչապետի խոսքերով, դատավորները տեր են փնտրում, արդյոք վարչապետը նրանց չի՞ առաջարկում․ «Էստի համեցեք» (ինչպես հավանաբար առաջարկել և համաձայնությունը ստացել է նույն «նախորդ կոռումպացված ռեժիմին» անմնացորդ ծառայած Գլխավոր դատախազի) և «համեցողներին» այլևս վեթթինգ չի սպառնում։ Արդյոք այդ բարեփոխումների հայեցակարգի՞ց էր բխում, որ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեցին իրապես քաղաքականապես չեզոք իրավաբան գիտնականները և միայն երկրորդ փորձից հետո ՍԴ «խցկվեց» քաղաքական գործիչ, մասնագիտությամբ իրավաբան, յուրային Վահե Գրիգորյանը։
Ահա և, կարծում եմ, հենց սա է նախորդ շրջանին քաղաքական գնահատական տալուց խուսափելու հիմնական պատճառը, քանի որ գնահատական տալ՝ նշանակում է չկրկնել նախորդների գործած «սխալները»։
Իսկ առկա՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանի բազմահազարանոց աջակիցների կողմից պահանջ ոչ միայն «նախորդ, կոռումպացված ռեժիմին» պատժելն ու քաղաքական գնահատական տալն, այլև իրական բարեփոխումներ իրականացնել՝ սեփական լիազորությունները կրճատելով և ամրացնելով անկախ պետական կառույցների գործառույթները։ Թե՞ ոմանք հույսը դնում են չարաբաստիկ «քաղաքական կամքի» վրա։ Իսկ հիմնականում մեր հասարակությանը թվում էր և շատերին դեռևս թվում է, թե գտել են իրենց «բարի թագավորին»։
Այսպիսով, կարծես թե կրկնվում է 90-ականների սցենարը և իշխանության գայթակղությունը բերում է մենիշխանության ամրապնդմանը, որն էլ «պետության զավթման» կամ «վերազավթման» նախակարապետն է։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.07.2019