Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի` ներարցախյան քաղաքական ակտիվությունն օգտագործել սահմանադրական կարգը խաթարելու համար, դավաճանական կլինի. Արմեն Աշոտյան

Հուլիս 23,2019 11:10

«Արցախում Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան` այնպես, ինչպես որոշել է 1988-ին, այնպես, ինչպես որոշել է` ընդունելով Արցախի Սահմանադրությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն`անդրադառնալով առաջիկայում Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին եւ այդ առիթով առաջացած ներքաղաքական խմորումներին:

Հիշեցնենք, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները ստորագրահավաք են նախաձեռնել` Արցախում սահմանադրական փոփոխություններ կատարելու: Նպատակը` Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, Արցախում վերջին տասը տարվա բնակության պարտադիր նորմը փոփոխելն է, որպեսզի Սամվել Բաբայանը հնարավորություն ունենա մասնակցել 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին: Ստորագրահավաքն արդեն ավարտվել է, փաստաթղթերը հանձնվել են ԿԸՀ, հետագա քննարկումները կշարունակվեն Արցախի գերագույն դատարանում, ապա` խորհրդարանում: Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` Սամվել Բաբայանի համակիրների նախաձեռնած ստորագրահավաքը, իրավական տեսանկյունից, խնդրահարույց էր համարել:

«Իրականում, միայն ուրախ կլինեի, եթե Արցախի ներքաղաքական խնդիրների զարգացումների շուրջ ՀՀ իշխանության եւ մեր, իբրեւ հիմնական ընդդիմադիր ուժի, տեսակետներն ամբողջովին համընկնեին»,- ասաց Արմեն Աշոտյանը` բացատրելով. «Որովհետեւ, անկախ քաղաքական օրակարգի գերակայություններից, կա մշտական խնդիր` Արցախի անվտանգության պահպանության, Արցախի շարունակական ժողովրդավարացման, Արցախի սահմանադրականության զարգացման: Այս ամենի համատեքստում գովելի կլիներ, եթե ՀՀ գործող իշխանությունների տեսակետները թելադրված չլինեին ներհայաստանյան զարգացումների տրամաբանությամբ, եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեսակետն ամբողջությամբ համահունչ լիներ ՀՀ գործող ղեկավարության տեսակետին»:

Արցախում քաղաքական ջրերը պղտորելու եւ այդ ջրերում ձուկ որսալու մոլուցքը, մեր զրուցակիցը ՀՀ-ի եւ Արցախի ապագայի համար շատ վտանգավոր եւ դավաճանական կհամարի. «Չեմ ցանկանում հավատալ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կարող է իր քաղաքական հաշվարկների մեջ, մտացածին ղարաբաղյան վտանգները Հայաստանում կանխելու պատրվակով` փորձել օգտագործել Սամվել Բաբայանի ներարցախյան քաղաքական ակտիվությունը` Ղարաբաղի սահմանադրական կարգը, քաղաքական գործընթացների օրինականությունն ու տրամաբանությունը խաթարելու համար: Եթե նման փաստեր լինեն, ես դա առնվազն քաղաքական հանցավոր կարճատեսություն կհամարեմ»:

Ըստ Արմեն Աշոտյանի, Արցախի ոչ միայն ներկան, այլ նաեւ ապագան, պետք է կերտվի Արցախի բնակիչների քաղաքական կամքով. «Ջուր պղտորելու եւ ձուկ որսալու ցանկությունները կարող են բերել կործանարար հետեւանքների եւ դրա պատասխանատվությունը կկրեն այն ուժերն ու շրջանակները, որոնք կանգնած կլինեն Արցախում սահմանադրականության, կարգուկանոնի խախտման հետեւում: Արցախի ժողովուրդը իմաստուն, քաղաքական առումով ինքնուրույն եւ թելադրանքները մերժող ժողովուրդ է: Հետեւաբար, մեծ վստահություն ունեմ Արցախի ժողովրդի քաղաքական հոտառության եւ իմաստնության հանդեպ: Հայաստանից ցանկացած միջամտություն, բայցի այն գործողություններից, որոնք պետք է ամրացնեն եւ ամրապնդեն Արցախը, կհամարեմ դավաճանական քաղաքականության արտահայտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    ՀՀ վարչապետի երկրպագուն չեմ, սակայն օբյեկտիվ պետք է լինել. Հայաստանից միջամտությունը՝ բացասական հետևանքներով, դեռ տասնյակ տարիներ առաջ է սկսվել։ Հետևապես, այդ արարքի բարդումը ՀՀ ներկայիս իշխանությունների վրա՝ ազնիվ չէ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031