Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Մանուկյան. «Սեպտեմբերին հնարավոր տրանսպորտային կոլապսի պայմաններում հեծանիվը փրկության հիանալի տարբերակ է»

Հուլիս 23,2019 10:14

Հուլիսի 21-ին՝ UNDP-ի (United Nations Development Programme) և Ամերիաբանկի աջակցությամբ տրվեց YerevanRide ծրագրի մեկնարկը ։ Նախագծի հեղինակների խոսքով YerevanRide- ը հեծանիվների շեյրինգ համակարգ է, որի նպատակն է մաքուր, մատչելի և էֆեկտիվ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր քաղաքացու համար, հեծանվարությունը դարձնել մարդկանց առողջ ապրելակերպի և առօրյայի մաս:

ErevanRide-ի համահիմնադիր Ալբերտ Մանուկյանն Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց. «Գաղափարն այն է, որ փորձում ենք Երեւան քաղաքում ներդնել տրանսպորտի այլընտրանքային փոխադրամիջոց, որը մեր քաղաքացիների համար ոչ միայն Երեւանում տեղափոխվելու մաքուր եւ առողջ, այլեւ տնտեսապես ավելի մատչելի միջոց կդառնա»:

Հարցին, թե ինչպե՞ս առաջացավ գաղափարը, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Վերջին յոթ տարում բնակվել եմ ԱՄՆ-ում՝ Նյու-Յորքում: Երբ աչքերս փակում եւ մտածում էի Երեւանի մասին, պատկերացնում էի, որ նստած եմ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում եւ ավտոմեքենաներ չկան: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեւանցի է դա տեսնել ցանկանում: Ամենամեծ խնդիրը, որ ունենք մեր քաղաքում, ոչ միայն աղբն է ու ընթացիկ մյուս խնդիրները, այլեւ այն, որ ցանկանում ենք տեղափոխվել ավելի արժանապատիվ, արագ ու մատչելի եւ չհայտնվենք այն խցանումների, նյարդային իրավիճակների մեջ, ինչին ամեն օր ականատես ենք լինում: Եթե անգամ հանրային տրանսպորտը շտկվի, խնդիրը միեւնույն է, չի լուծվի: Մենք երեւանցիներին այլընտրանքային փոխադրամիջոց ենք առաջարկում: Հեծանիվը կարող է լավացնել նաեւ մետրոյի աշխատանքը: Մարդը հեծանվով կհասնի մինչեւ մետրոյի կայարան, կօգտվի ստորգետնյա տրանսպորտից, վերադարձին նորից կվերցնի հեծանիվը ու կհասնի տուն կամ իր ցանկացած վայրը: Հեծանիվը անփոխարինելի է նաեւ քաղաքի կենտրոնում կարճ տարածությունները առանց խցանման մեջ հայտնվելու եւ արագ անցնելու համար: Այն փաստը, որ այսօր Երեւանում պաշտոնապես գրանցված է կես միլիոնից ավելի ավտոմեքենա՝ չհաշված շրջակա մարզերից եկածները, արդեն հուլիս ամսվա դրությամբ շուրջ 70 հազար նոր մեքենաների ներկրումը, ինչը ֆանտաստիկ վատ ցուցանիշ է, որն արդեն սեպտեմբերին կարող է տրանսպորտային կոլապսի պատճառ դառնալ, հեծանիվը փրկության մի հրաշալի տարբերակ է»:

Հետաքրքրվեցինք, թե քանի՞ հեծանվի մասին է խոսքը: «Այսօրվա միջոցառմանը տրամադրել ենք 120-ից ավելի հեծանիվ, սակայն ունենք 200-ից ավելի, որոնցից 30 տոկոսը՝ էլեկտրական: Մենք այդ հեծանիվները նախագծել ենք հատուկ Երեւանի ռելիեֆի համար: Այսինքն, այդ հեծանիվներից օգտվողները 10% ֆիզիկական ջանք գործադրելով կհասնի 100 % արդյունքի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031