Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանը օրեր առաջ Բախի, Բեթհովենի, Վագների, Մենդելսոնի և Ռ․ Շտրաուսի հայրենիքում էր՝ Գերմանիայում։ Հայ երգիչը այնտեղ էր հայ օպերային կատարողական արվեստի հանրահռչակման առիթով։
Հուլիսի 6-ին Գերմանիայի հայտնի Ռուսսելշեյմի օպերային թատրոնում հայ երգիչը ներկայացավ համերգային շքեղ համարներով, իսկ հուլիսի 7-ին և 8-ին միջազգային հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նրան ծափահարելու Դրայռիխ քաղաքի Բուրգֆեստշպիլլե Դռայնռիխենհայն (Burgfestspiele Dreieichenhain Italienische Opernnacht 2019) միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված «Իտալական օպերային երեկո 2019» բացոթյա օպերային համերգներին։
Հայկ Տիգրանյանի կատարմամբ Զեգեդի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և աշխարհահռչակ դիրիժոր Հելգե Դորշի ղեկավարությամբ հնչեցին Ջ․Վերդիի «Սիցիլիական ժամերգություն», Գ․ Դոնիցետիի «Դոն Պասկուալե» և Վ․ Բելլինիի «Պուրիտաններ» օպերաներից բասի հայտնի արինաերը և զուգերգերը։ Դիրիժոր, ում հետ ելույթ է ունեցել նաև օպերային մեգա-աստղ երջանկահիշատակ Լուչանո Պավարոտին․․․
Համերգների ընթացքում թե՛ միջազգային հանդիսատեսը, և թե՛ երաժշտաքննադատները հայ երգչին ջերմորեն ընդունեցին՝ բուռն ծափահարություններով։ Նրա հաջողված կատարումներին են անդրադարձել գերմանական հայտնի պարբերականներ․ “Հայազգի ծագմամբ բասը Ջ․ Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայից “O, tu Palermo” արիայում իր հնչեղ ձայնով գովերգում էր սիցիլիացուն, գովերգում էր զորեղ և արժանավայել։
Կարդացեք նաև
Իսկ Դոնիցետիի «Դոն Պասկուալե» օպերայից Մալատեստայի և Դոն Պասկուալեի դուետը հայ երգչի և բարիտոնի կատարմամբ յուրահատուկ դեսերտ էր, որը հրամցվեց հանդիսատեսին, որը ո՛չ միայն հիացրեց և ոգևորեց նրանց, այլև փոխանցեց ստեղծագործության հումորային յուրահատուկ բնույթը։» Գերմանիայի հաջողություններից հետո իտալական բելկանտոյի կատարելագործման ճանապարհները տարան հայ երգչին դեպի Իսպանիա՝ Մադրիդ, որտեղ նա մեկ շաբաթյա վարպետության դասեր ստացավ վոկալի աշխարհահռչակ մասնագետ Դեյլ Ֆանդլինգի (Dale Fundling) մոտ, ով արդեն աշխատել է հայ օպերային երգիչների հետ Երևանում։
Վարպետ, ում «ձեռքի տակով» են անցել համաշխարհային մեծություններ Էլինա Գառանչան, Բարբարա Ֆրիտոլին և այլոք, նա այն մասնագետներից է, ով երկար տարիներ աշխատել է Metropolitran օպերային թատրոնի արտիստների հետ։
Եվ ահա արտասահմանյան հաջողված ստեղծագործական գործուղումից հետո հուլիսի 17-ին Հայկ Տիգրանյանը, չափազանցություն չէր լինի ասելը, փայլեց հայաստանյան բեմում՝ կատարելով Ֆերանդոյի հայտնի դերերգը Ջ․Վերդիի «Տրուբադուր» (Il Trovatore) օպերայից։
Ստեղծագործոթյուն, որը 150 տարի է, ինչ չի իջնում աշխարհի ամենահայտնի բեմերից, ստեղծագործություն, որի լեյթմոտիվները դարձել են աղոթքի նման մի բան։
Այս անգամ էլ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ՝ Կոնստանտին Օրբելյանի գեղարվեստական ղեկավարությամբ կրկին ապացուցեց, որ Հայաստանի օպերային արվեստը բարձունքում է գտնվում և շարունակում է իր թռիչքը։
Ընտրված էր արտիստական հիանալի կազմ․ Կոմս Դի Լունա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյան, Լեոնորա՝ Աննա Մնացականյան, Ազուչենա՝ ՀՀ վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյան, Մանրիկո՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյան, Ֆերանդո՝ Հայկ Տիգրանյան և այլոք։
Երգիչներից ամեն մեկը իր տեմբրային յուրահատկությամբ իր ասելիքն ասեց հանդիսատեսին, իսկ երկար ժամանակ չդադարող ծափահարությունները ապացույցն էին հանդիսատեսի հրճվանքի։ Ներկայացումը սկսվեց Հայկ Տիգրանյանի «Արթնացե՛ք» – «Allerta» հզոր կոչով, հաջորդ տեսարանում վերդյան հրաշալի երաժշտությունը նույնքան գեղեցիկ մեկնաբանեց Լեոնորան։ Օպերայում ՝տեսարանները հերթափոխելով միմյանց հանդիսատեսին էին ներկայացնում Ազուչենայի հնչեղ մեցցո-սոպրանոն, Մանրիկոյի փառահեղ տենորը և Կոմս Դի Լունայի կանտիլենային բարիտոնը։
Իսկ հերոսների դրամատիկական արտահայտիչ խաղի պատասխանատուն Մարինե Սարգսյանն էր։
Օպերային թատրոնի նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ կարողացավ ցույց տալ հավասարակշիռ, բայց երբեմն պոռթկուն և էմոցիոնալ երաժշտություն, ինչը հատուկ է միմիայն Վերդիին։
Այո՛, «Տրուբադուրը» կրկին լիովին հաջողվեց։
Գուրգեն Խաժակյան