Այսօր «Մեդիա կենտրոնում» ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասուլիս էր հրավիրել՝ նվիրված Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում դիվանագիտության առաքելության ամփոփմանը:
Aravot.am-ը ԵՄ դեսպանին հարցրեց՝ կարո՞ղ եք մատնանշել, թե ինչի՞ց եք ապրել ամենամեծ հիասթափությունը եւ ամենամեծ հիացմունքը, զարմանքը Հայաստանում՝ կլինի կառավարության ծրագրերի, ֆինանսավորման, թե այլ հարցերի հետ կապված:
Նա պատասխանեց. «Գնահատականս ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Ես շատ եմ ճամփորդել, հանդիպել եմ բազմաթիվ հրաշալի մարդկանց, երիտասարդների: Նրանք, հավանաբար, իմ դիվանագիտական աշխատանքի ամենակարեւոր մասն էին կազմում: Առաջին հերթին նրանց եմ պարտական՝ սովորական քաղաքացիների, ովքեր ինձ ընդունել են, զրուցել ենք տարբեր առիթներով, մասնավորապես, երիտասարդ հայերի մասին է խոսքը: Երկու խումբ է եղել, որ ինձ ամենաշատն են տպավորել: Այն մարդիկ են, ովքեր պատրաստ են բելու փոփոխություններ՝ հայ երիտասարդներն են ու հայ կանայք: Վստահ եմ, նրանք ինձ չեն հիասթափեցնի, նրանք հանդիսացել են փոփոխության շարժիչ ուժը, երիտասարդները, երիտասարդ կանայք մասնավորապես, ովքեր պահանջատեր են եղել փոփոխության: Դա է եղել իմ դիվանագիտական առաքելության կարեւոր մասը, նրանց հետ հաղորդակցվելը: Ես դրանում հաջողել եմ: Անակնկալները բազմաթիվ են եղել՝ մի քանիսը դրական, մի քանիսը՝ բացասական: Ես երբեմն զարմացած եմ եղել որոշ դեպքերում՝ բացասականորեն, որոշ դեպքերում՝ դրականորեն: Շատ տեղեկատվություն չբացահայտեմ: Միգուցե ամենամեծ անակնկալը թիմս է եղել՝ որպես ՀՀ լավագույն քաղաքացիներ հեղափոխության օրերին, իմ անմիջական գործընկերները ԵՄ պատվիրակությունից եւ կրկին կարող եմ հրապարակայնորեն ասել՝ ես ՀՀ-ում աշխատել եմ լավագույն թիմի հետ՝ իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում: Առանց այդ մարդկանց հաջողության հասնել չէի կարող: Լավագույն թիմն եմ ղեկավարել: Եթե կենսագրությունս կարդաք, կտեսնեք,որ ես միգուցե շատ խոշոր ղեկավար չեմ եղել, բայց ղեկավար եմ եղել, բայց ինձ համար առաքելությանս գոհացնող հատվածը հայերին հանդիպելն է: Շնորհակալ եմ գործող իշխանությանը, նրանք հանդիսացել են իմ հիմնական կապող օղակը հանրության հետ»:
Սվիտալսկին հիացմունքով էր խոսում հայերի մասին. «Հայերն ունեն մի շարք առանձնահատկություններ: Դուք խելացի ժողովուրդ եք, ես այդ հրաշալի զգացումը միշտ ունեցել եմ, երբ խոսել եմ մարդկանց հետ, ում ինտելեկտուալ կարողություններն ավելի բարձր են, քան իմը: ՀՀ-ում հանդիպել եմ շատ ինտելեկտուալների, տաղանդավորների, որեւէ այլ երկրում չեմ հիշի, որ այսքան տաղանդավոր լինեին, այսքան հաճախ հանդիպեմ ինտելեկտուալ մարդկանց: Դուք բարի մարդիկ եք, քաղաքավարի, բարեկիրթ, հյուրընկալ, հյուրասեր, դա կարող է լինել յուրաքանչյուր զբոսաշրջիկի կարծիքը, բայց ես պրոֆեսիոնալ գնահատական եմ տալիս: Ձեր իշխանությունը բաց է քննարկման համար: Յուրաքանչյուր սովորական քաղաքացի, երբ գնում ես խանութ, թանգարան, մարդիկ բարի կամեցող են, հյուրընկալ, լավ են վերաբերում օտարերկրացիների: Երրորդը՝ դուք մշակույթ ունեցող ժողովուրդ եք, ունեք հստակ պատկանելություն հինավուրց քաղաքակրթության ու դա պահպանում եք: Դա ձեզ դարձնում է յուրահատուկ, դուք պահպանել ու փայփայել եք մշակույթը՝ չնայած մարտահրավերներին: Խնդրում եմ, հաշվի առեք, որ սրանք պարզապես կոմպլիմենտներ չեն, ես սա ասում եմ, երբ դուք ձեր տեսախցիկները անջատում եք: Մի՛ փոխվեք, մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»:
Կարդացեք նաև
Լրագրողները հարց ուղղեցին ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին: Սվիտալսկին ասաց. «Իմ ախտորոշումը այս խնդրին հետեւյալն է՝ կանայք այս երկրի չբացահայտված, չօգտագործված պոտենցիալն են ներկայացնում: Դեռ երկար ճանապարհ կա գնալու, օրինակ` կառավարությունում, խորհրդարանում շատ քիչ ներկայացված կին կա՝ քաղաքապետ, գյուղապետ: Ես խրախուսում եմ կանանց ակտիվությունը: Երեք տարի առաջ ես մի փոքր գյուղ էի գնացել, որտեղ գյուղապետը կին էր, հարցրեցի՝ ի՞նչ է պետք անել, որ կանայք ավելի բարձր մակարդակով մասնակցեն, ասեցին՝ մանկապարտեզներ բացեք, ես շատ լրջորեն վերաբերվեցի, այդ գործով զբաղվում ենք,կանանց ներգրավվածությունը բարձրացնելու համար ԵՄ-ն մանկապարտեզներ է կառուցում: Հաջորդը բիզնես տիրույթն է: Ինչ վերաբերում է ստամբուլյան կոնվենցիային, ԵՄ-ի համար կարեւոր է օրենքը հասցնել իրականացման, միջոցներ ենք հատկացնում,որ օրենքի դրույթները իրականանան, դա շատ կարեւոր փաստաթուղթ է ձեզ համար: Իհարկե, ՀՀ-ում կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն գործընթացը դանդաղեցնել: Ես ինձ համարում եմ մի մարդ, ով շատ ուժեղ ընտանեկան արժեքներ ունի, անհամատեղելի բան չկա շատ ամուր ընտանիք ունենալու եւ կանանց ներգրավվածությունը խթանելու: Կանանց նկատմամբ բռնությունը նողկալի, քայքայող երեւույթ է: Վստահ եմ, որ ճանապարհ ունեք գնալու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ