Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ճամփորդությունները չխախտեք, ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայություները…». Սվիտալսկին՝ վիզաների ազատականացման մասին

Հուլիս 22,2019 18:35

Հնչում են տեսակետներ, որ դուք ԵՄ-ի ամենակողմնապահ դեսպանն եք, ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսքերին: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում այսպիսի հարց ուղղեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Նա պատասխանեց. «Ես դիվանագիտորեն կարող եմ մոտենալ հարցին: Իհարկե, մենք մեծ ուշադրությամբ հետեւում ենք ԶԼՄ հրապարակումներին, հայտարարություններին: Ես կարող եմ հետեւել ասածներին, հիմնական հարցս հետեւյալն է՝ ինչքանով պրոֆեսիոնալ եք դուք, դեպքերի մեծ մասում լրատվական աղբյուրները շատ պրոֆեսիոնալ են՝ մի կողմ թողնելով, իհարկե, դժվարությունները»:

Հարցին՝ երբ Տուսկն այստեղ էր, հայտարարեց, որ ՀՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը երկու անգամ ավելացել է, թե ի՞նչ նկատի ուներ նա՝ Սվիտալսկին բացատրեց. «Նախագահ Տուսկը նկատի ուներ հետեւյալը՝ անցած տարիներին տարեկան աջակցության միջին մակարդակը երկկողմանի ծրագրավորման համար 35 մլն եվրո է կազմել: 2019-ին աջակցության մակարդակը կհասնի այս ուղղությամբ 70 մլն եվրոյի, խոսքը միայն երկկողմանի հատվածի մասին է, որովհետեւ կա նաեւ բազմակողմանի ուղղություն: Մենք կառավարության հետ բավականին կառուցողական երկխոսություն ենք վարում այն մասին, թե փողը որտեղ օգտագործենք»:

Հեղափոխությունից հետո շատերը ՀՀ-ում ակնկալում էին, որ ԵՄ-ի աջակցությունը կլինի ավելի մեծ, ինչպես եղավ Վրաստանի՝ Վարդերի հեղափոխությունից հետո, բայց մենք դրա ականատեսը չեղանք, հարցին՝ ի՞նչ է սա նշանակում, հնարավո՞ր է առաջիկայում ԵՄ դիրքորոշումը փոխվի՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված ծրագրերի մասով առաջ են շարժվում. «ԵՄ պատվիրակությունից եւ Բրյուսելիս երկարատեւ քննարկում են ունեցել գործընկերներս, առաջ ենք շարժվում՝ գտնելու լավագույն ճանապարհները՝ ֆինանսավորելու ու իրականացնելու համար»:

Նա ասաց, որ մեծ առաջընթաց ունեն: Ինչ վերաբերում է աջակցության մակարդակին՝ նա ասաց. «Մեզ պետք են միջոցներ, որոնք հասանելի են, ճիշտ օգտագործվող: 150 մլն եվրոն չի օգտագործվել, մնացել է չօգտագործված, եթե ՀՀ-ն հետաքրքրված է աջակցության բարձր մակարդակով, ապա գալիք տարիներին ավելի կլանող եղեք, հատկացված միջոցները կարող են օգտագործվել: Լավատեսության հույս կա»:

Վիզաների ազատականացման մասին խոսելով՝ Սվիտալսկին ասաց. «Նախագահ Տուսկը բավականին երկարատեւ քննարկում է ունեցել, հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել՝ արագացնելու երկխոսությունը վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար: Գիտեմ, որ վրացիների հետ է խոսում հայկական կողմը՝ վրացիների փորձին ծանոթանալու նպատակով: Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ-ի կողմից, այլապես պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքեր ուղղել այս ուղղությամբ: Առանց ջանքերի ոչ մի բան տեղի չի ունենա: Եթե ճամփորդությունները չխախտեք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայություները, ապա ամեն ինչ կշարժվի այլ ուղղությամբ: Իմ առաքելության ավարտից հետո իրավիճակը չի փոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031