Անկախացած Հայաստանում, որքան էլ ցավալի է, չնչին բացառությամբ, ձևավորվել է ոչ բարենպաստ վերաբերմունք դեպի գիտությունը, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ): Գիտության հետ գրեթե կապ չունեցող որոշ տարրեր տարիներ շարունակ աշխատում են Ակադեմիան ներկայացնել որպես մեկուսացված մի համաստեղություն, որը չունի էական ներդրում արդի գիտության և ոչ մի բնագավառում, չի համագործակցում ԲՈՒՀ-երի, Պաշտպանության նախարարության և այլ կարևոր գերատեսչությունների հետ, դարձել է մի ծանր բեռ հանրապետության ուսերին: Այս ամենում առաջին հերթին մեղադրվում է ԳԱԱ Նախագահությունը, որպես հետևանք առաջարկվում է ռադիկալ գործողություններ՝ բոլոր ինստիտուտները տեղափոխել բուհական համակարգ և այլ գերատեսչություններ, առանց հաշվի առնելու օբյեկտիվորեն գոյություն ունեցող առկա իրական վիճակը:
Ստեղծված իրադրության համար, անշուշտ, մեղավոր է նաև ԳԱԱ-ն, քանզի ոչ պատշաճ ձևով է հանրությանը ներկայացրել ակադեմիայի նվաճումները: Վերջինս երևի պայմանավորված է նրանով, որ ամեն տարի ԳԱԱ-ն հրատարակում է լայնածավալ «Հաշվետվություն. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ» վերտառությամբ, ուր շահագրգիռ ընթերցողը կարող է գտնել իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, մասնավորապես, ԳԱԱ ցանկացած գիտաշխատողի գիտական աշխատանքների վերաբերյալ: Ակադեմիան ամեն տարի հրատարակում է նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների գործունեության համառոտ Հաշվետվությունը»: Փորձենք մամուլում և կայքերում չարչրկվող հիմնական հարցերի պատասխանները գտնել 2018թ. Հաշվետվությունների գրքերում (անալոգ ձևով նրանք առկա են նաև նախորդ տարիների հաշվետվություններում):
Համաձայն ԳԱԱ մասին ՀՀ Օրենքի (ընդունված է 2011թ. ապրիլի 14-ին, նրա ընդունումն արդեն կարևորում է ակադեմիայի առանձնահատուկ դերը Հանրապետության համար) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ՀՀ հիմնադրած՝ հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է (Հոդված 2):
ԳԱԱ-ն կազմակերպում, իրականացնում և համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար և կիրառական հետազոտությունները (Հոդված 3):
Կարդացեք նաև
Ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները քննարկում են կառավարությունը և պետական կառավարման համապատասխան մարմինները (Հոդված 4):
Ակադեմիայի խնդիրներն են՝ հայագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և սոցիալական գիտությունների կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպումն ու համակարգումը (Հոդված 9):
Ակադեմիայի բաժանմունքը պատասխանատվություն է կրում տվյալ բնագավառում կատարվող աշխատանքների կազմակերպման, գիտական ծրագրերի պատրաստման և կատարված աշխատանքների որակի համար (Հոդված 14):
Ակադեմիայի բաժանմունքը՝ գիտության միևնույն բնագավառում գործող Ակադեմիայի ակադեմիկոսների, թղթակից անդամների և արտասահմանյան անդամների, գիտաշխատողների և գիտական կազմակերպությունների միավորումն է (Հոդված 2):
ՀՀ ԳԱԱ -ն ունի հինգ բաժանմունք՝
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների,
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի,
Բնական գիտությունների,
Քիմիայի և երկրի մասին գիտությունների
Հայագիտության և հասարակական գիտությունների:
Առ 01.01.2019թ. ԳԱԱ համակարգում աշխատում են 2206 գիտաշխատողներ (326 գիտության դոկտորներ, 1029 գիտության թեկնածուներ, 851 առանց գիտական աստիճանի):
Գիտական ուսումնասիրությունները կատարվել են 6 նպատակային, 45 բազային, 148 թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում: Կատարվել է 126 տնտպայմանագրային աշխատանք:
Հրատարակվել են՝ 156 մենագրություն (22-ը արտասահմանում), 28 ուսումնական ձեռնարկ, 2140 հոդված (953-ը արտասահմանում):
Հաշվետու տարում ԳԱԱ-ն աչքի է ընկել միջազգային միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ, որի արդյունքում կնքվել և վերակնքվել են մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Նշենք մի քանիսը՝
Նոյեմբերին Պեկինում (Չինաստան) տեղի է ունեցել միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան: ՄԳԿԴ-ի համահիմնադիր է դարձել նաև ԳԱԱ-ն:
Մայիսին ՀՀ ԳԱԱ և Ռուսաստանի Դաշնության ԳԱ նախագահները Մոսկվայում ստորագրել են գիտատեխնիկական համագործակցության զարգացման նոր համաձայնագիր, որը միտված է երկու երկրների ակադեմիական ավանդական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:
ԳԱԱ-ն շուրջ 10 տարի համագործակցում է Ֆրանսիայի տարբեր համալսարանների և գիտական կառույցների հետ, ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի նախատեսվում է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը քվանտային օպտիկայի, ատոմային ֆիզիկայի, օպտոէլեկտրոնիկայի, նանոկառուցքավորված նյութերի, բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի, ավտոմատացման և այլ ուղղություններով:
Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական համագործակցության շրջանակներում շարունակվել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի և ՌԴ «Ռուսկոսմոսի», ՌԴ ԳԱ հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակով օգտագործման ասպարեզում համագործակցությունը:
Ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը (ASNET-AM) համաեվրոպական GEANT գիտակրթական ցանցային միջավայրում ներկայացնում է Հայաստանը որպես ազգային գիտակրթական ցանց: ASNET-AM ցանցի ծառայություններից 2018թ. ընթացքում օգտվել են հանրապետության հինգ քաղաքում տեղակայված հանգույցներից օգտվող գիտնականներ, գիտատեխնիկական աշխատողներ, ասպիրանտներ, ուսանողներ և այլ օգտագործողներ:
2018թ.ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունները մասնակցել են 105 միջազգային դրամաշնորհներով իրականացվող աշխատանքներին՝ 529.379,9 Euro ընդհանուր գումարով, իսկ այդ դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմում է 1.758.283,4 Euro:
ԳԱԱ ինստիտուտներն անցկացրել են 85 հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սիմպոզիումներ, կլոր սեղաններ և գիտական այլ միջոցառումներ, որոնք ունեցել են 4459 մասնակիցներ՝ 862-ը արտասահմանից:
ԳԱԱ կազմակերպությունները կրթության և գիտության ոլորտում համագործակցում են 80 ԲՈՒՀ-երի և գիտատեխնիկական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՃՇԱՀ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, ՀՀ Ամերիկյան համալսարան, ՀՀ Ֆրանսիական համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Մ.Հեռացու անվան ՊԲՀ, Հայկական ատոմային էլեկտրակայան, Միջազգային և ռադիացիոն անվտանգության ԳԿ, Արցախի ԳԿ և այլ: ԳԱԱ-ից համատեղում են 313 մարդ, ունեն համատեղ հրատարակություններ 165 հոգի:
ԲՈՒՀ-երից և գիտատեխնիկական այլ կազմակերպություններից ԳԱԱ համակարգում համատեղության կարգով աշխատում է 434 մարդ:
ԳԱԱ-ն ունի՝ Մոսկվայի Կուրչատովի անվ. ինստիտուտի հետ հայ-ռուսական գիտակրթական և արտադրական միջազգային լաբորատորիա, հայ-իտալական գիտակրթական միջազգային լաբորատորիա (Ֆրասկատ, X-Lab), Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի հետ՝ «Ֆոտոնների և տարրական մասնիկների օպտիկա», հայ-ռուսական լաբորատորիա և այլ համատեղ լաբորատորիաներ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Արցախի գիտական կենտրոնների հետ:
Առ 01.01.2019թ. ԳԱԱ կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս և 56 թղթակից անդամ, որոնցից 22 ակադեմիկոս և 26 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս: Նրանցից յուրաքանչյուրն, ընդգրկված լինելով ԳԱԱ մասնագիտական նեղ ուղղվածության համապատասխան բաժանմունքում, առաջին հերթին համակարգում է այդ ուղղությամբ տարվող գիտահետազոտական աշխատանքներն այն կազմակերպությունում որտեղ նա աշխատում է, հաշվետու է տվյալ բաժանմունքի բյուրոյի և ընդհանուր ժողովի առաջ: Այս իմաստով նրանք ապահովում են ԲՈՒՀ-երի և գիտատեխնոլոգիական կազմակերպությունների սերտ կապը ԳԱԱ-ի հետ: ԳԱԱ ակադեմիկոս և թղթակից անդամ ընտրվում են մինչ ընտրման պահն ունեցած գիտական ծանրակշիռ վաստակի համար:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակնառու նվաճումները աննկատ չեն մնացել Միջազգային նշանավոր գիտական կենտրոնների կողմից: Բերենք վերջերս հրատարակված միայն երկու փաստաթուղթ:
ա) Webometrics Ranking of World`s Research Organizations
Ըստ որի աշխարհում ամենահայտնի 10 հազար գիտական կազմակերպությունների ցանկում Հայաստանից ընդգրկված են 14-ը, որից 12-ը ԳԱԱ-ից: Համեմատության համար նշենք, որ այդ ցանկում Վրաստանից և Ադրբեջանից ընդգրկված են մեկական կազմակերպություններ: Բնական է հարցնել՝ որտե՞ղ են ՀՀ այն ԲՈՒՀ-երը, գիտատեխնիկական կենտրոնները, որոնցում մեր ազգի «խելոքները» պլանավորում են տարալուծել ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտները:
բ) Նախկին ԽՍՀՄ Հանրապետությունների ԳԱ-ների, Թուրքիայի, Իսրայելի, Իրանի ԳԱ-ների հետ միասին (թվով 16) տարակարգումն է ըստ միջազգային ցուցանիշների: ՀՀ ԳԱԱ-ն այդ ցուցակում չորրորդն է:
ՀՀ ԳԱԱ հանդեպ բարոյական և ֆինանսական բնույթի առկա վերաբերմունքի դեպքում ԳԱԱ-ն որքա՞ն կարող է գոյատևել:
Ակադեմիկոս Լենսեր Աղալովյան