Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն լրագրողները հարցրեցին Դոնալդ Տուսկի՝ ղարաբաղյան հակամարտության թեմայով մտահոգիչ հայտարարության վերաբերյալ:
Սվիտալսկին պատասխանեց. «Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել. կարիք չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխել է»: Նա դա որակեց որպես շահարկում, որ տարբեր ԶԼՄ-ներում տեղ է գտնում. «ԵՄ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շահարկումների սխալներ են: Սա շահարկումների տեղ չէ, ԵՄ-ն չափազանց հետեւողական է, երբեմն այդ նույն դիրքորոշումը տարբեր ձեւակերպումներով է արտահայտվել, բայց դիրքորոշումը չի փոխվել»:
Լրագրողները նաեւ հարցրեցին մամուլի ազատության մասին՝ Հայաստանում հեղափոխությունից հետո այս առումով փոփոխություն տեսե՞լ եք, անկողմնակալ ու ազա՞տ է մամուլը: Սվիտալսկին պատասխանեց. «Դուք ձեր կարծիքն ասեք, ես կասեմ՝ համաձայն եմ, թե ոչ: Մամուլի ազատությունը չափազանց կարեւոր է, մենք ԵՄ-ում առանձին նախաձեռնություն ենք իրականացնում ԶԼՄ-ներին աջակցելու՝ նոր ծրագիր կլինի, նոր ծրագրային հայտերի ընդունման հրավեր…Կարծում էինք, որ հետհեղափոխական ժամանակահատվածում հասարակության ժողովրդավարացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը հենց անկախ մամուլի միջավայրն է, պիտի լինի պատշաճ օրենսդրություն, կարգավորման դաշտ, հեռուստատեսությունը, ազատ մամուլի այլ բաղադրիչները շատ կարեւոր են: ԵՄ-ն միտված է մամուլի համար ազատ միջավայր ստեղծելու համար: Մամուլը զարգացել է, հեղափոխությունից հետո մամուլի ազատության մակարդակը աճել է: Իհարկե, տեղյակ ենք որոշ քննադատական գնահատականներից, որ հնչել են որոշ ԶԼՄ-ների կողմից, բայց ընդհանուր միջավայրը բարելավվել է: ՀՀ-ին անհրաժեշտ է առավել ամուր կայունություն տնտեսական տեսանկյունից: ԵՄ-ն պատրաստ է աջակցել, մնացածը ձեր ձեռքերում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ