Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ից հստակ ուղերձ է ուղարկվում Ադրբեջանին, որ քաղաքացիական ինքնաթիռ խոցելն էժան չի նստի իր վրա». Տարոն Հովհաննիսյան

Հուլիս 22,2019 17:48

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու բանաձևերն էլ կարևոր քաղաքական նշանակություն ունեն»,- «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ վերջերս ընդունած բանաձևերին, այսպիսի կարծիք հայտնեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Փորձագետն առանձին-առանձին ներկայացրեց բանաձևերը. «Բանաձևերից մեկը վերաբերում է նրան, որ ԱՄՆ նախագահը պետք է Կոնգրեսին հավաստիացնի, որ Ադրբեջանին ցանկացած սպառազինություն վաճառելիս դրանում չի լինի այնպիսի զինատեսակ, որով կկարողանան խոցել քաղաքացիական ինքնաթիռներ: Երկրորդ բանաձևը վերահաստատում էր 2015-ի աշնանը կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի ներկայացրած նամակը. դա վերաբերում էր հրադադարի մեխանիզմների կիրառմանը, որով վերահաստատում էին, որ պետք է շփման գծում հրադադարի հետաքննության մեխանիզմներ կիրառվեն, որոնք պետք է օգնեն պարզելու, թե կողմերից որն է խախտել հրադադարը»:

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ քաղաքացիական ինքնաթիռներ չխոցելու վերաբերող բանաձևը ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք հասնել նրան, որ գործարկենք Ստեփանակերտի օդանավակայանը. «Իվանյանի և Ստեփանակերտի մեջտեղում տեղակայված է Ստեփանակերտի օդանավակայանը, որը տարիներ առաջ վերանորոգվել էր և պատրաստ ինքնաթիռներ ընդունելու: Սակայն ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ եթե ինքնաթիռները մտնեն քաղաքային օդային տարածք, որը նրանք պնդում են, թե ադրբեջանական օդային տարածքն է, ադրբեջանական կողմը խոցելու է: Բացահայտ կերպով այդ ուղերձը հնչեցվում էր իրենց պետության ամենաբարձր մակարդակով՝ անգամ Ալիևի մակարդակով: Առհասարակ քաղաքացիական ինքնաթիռ խոցելը նոնսենս է. նման գործելաոճը նորմալ պետությանը հատուկ գործելաոճ չէ, այլ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ: Փաստացի ԱՄՆ-ից հստակ ուղերձ է ուղարկվում Ադրբեջանին, որ քաղաքացիական ինքնաթիռ խոցելն էժան չի նստի իր վրա: Սա որոշակի հնարավորություն է ստեղծում ՀՀ կողմից այս ուղղությամբ ավելի լավ աշխատելու պարագայում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկել: Նվազագույն է այն հնարավորությունը, որ Ադրբեջանը կանտեսի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ուղերձը»:

Երկրորդ բանաձևում ԱՄՆ կողմից ուղերձ կա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին. «Այս բանաձևը վկայում է այն մասին, որ այդ պայմանավորվածություններն օրակարգից դուրս չեն եկել, և անհրաժեշտ է այդ մեխանիզմները կիրառելը: Սա պետք է իր շարունակությունն ունենա, և հայկական կողմը բանակցային գործընթացում ևս պետք է այդ խնդիրն անընդհատ բարձրացնի, փորձի ձևավորել այնպիսի իրավիճակ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն ազդեն Ադրբեջանի վրա»:

Հուլիսի 17-ին Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին Տարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես առհասարակ չեմ կարող ասել՝ ինչպես է պատահել, որ Ելփին գյուղի ուղղությամբ հասել է իրենց արձակած գնդակը: Քանի որ իրենք այդտեղ չունեն գերիշխող դիրքեր, որտեղի՞ց պետք է տեսականորեն դիտարկեին Ելփինը: Այդ դիրքերը զբաղեցնում են հայկական զինված ուժերը: Հնարավոր է փոխհրաձգության արդյունքում պատահական գնդակ լինի, հնարավոր է միտումնավոր դիվերսիոն գործողություն է եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031