Լրահոս
Օրվա լրահոսը

Սվիտալսկուն հարցրեցին, թե ինչ սխալներ է արել այս կառավարությունը, փոխարենը պատասխանեց, թե ինչքան հպարտանալու տեղ ունենք

Հուլիս 22,2019 16:34

Այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանում դիվանագիտության առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն լրագրողները հարցրեցին, թե վերջին երկու տարվա ընթացքում որո՞նք են եղել ՀՀ կառավարության սխալները, իր դիտարկմամբ:

Սվիտալսկին պատասխանեց. «Դուք պետք է լինեք ուսումնասիրողը, գնահատողը կառավարության գործողություների, ոչ թե ես: Կրկին շատ դիվանագիտորեն պետք է մոտենամ ասածներիս, բայց այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում անցած տարվա ընթացքում, շատ կարեւոր երեւույթ է: Դա, որպես ժառանգություն, դուք իբրեւ հայեր պետք է փորձեք պաշտպանել: Արդեն շատ դրական բաներ են տեղի ունեցել, դրանց մասին խոսել եմ, այն է՝ հստակ առաջընթացը դեպի ժողովրդավարություն: Առանձին քայլը ընտրություններն են ու ՀՀ-ն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման՝ մասնավորապես վերջին ընտրություններում»:

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ժողովրդավարական երկիր դառնալու այլ բաղադրիչներ էլ կան, բայց ամեն ինչ սկսում է ընտրություններից ու կարող ենք հպարտանալ այն ամենով, ինչ տեղի է ունեցել վերջին ընտրություններին:

Հաջորդ հպարտանալու պատճառը, ըստ ԵՄ դեսպանի, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ամուր քաղաքական կամքն է. «Դա անհրաժեշտ պայման է, մի բան, որ առանց դրա հնարավոր չէ: Դուք չափազանց կարեւոր քայլը արդեն ձեւավորել եք, այդ քաղաքական կամքը անհրաժեշտ է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքներով: Հաջորդ կարեւոր ձեռքբերումը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, անպատժելիության վերացումն է, որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են: Դա շատ կարեւոր է ՀՀ քաղաքացիների համար, նրանք վերջապես ձերբազատվել են դրանից, որ կան մարդիկ՝ օրենքից վեր, նման վարք ունեցող մարդիկ: Հավասարությունը օրենքի առջեւ առաջին քայլն է, այժմ ժամանակն է կառուցելու անկախ, անբիծ դատաիրավական համակարգ, ինչը լուրջ քայլ է»:

Սվիտալսկին ասաց, որ յուրաքանչյուր կառավարություն, իշխանություն աշխարհում սխալներից, սխալ քայլերից երաշխավորված չէ, կարեւորն այն է, որ այդ սխալները ճանաչեն, ընդունեն ու ուղղեն: Դիմելով լրագրողներին՝ Սվիտալսկին ասաց. «Եթե դուք լուրջ եք վերաբերվում ձեր դերին՝ ձեր իշխանությանը օգնելու սխալները տեսնելու, ճանաչելու եւ ուղղելու, ապա կարող եք ասել, որ ապագան անվտանգ է: Ձեր կառավարությանն էլ է անհրաժեշտ ազատ մամուլ, օբյեկտիվ, անկողմնակալ ԶԼՄ, որոնք իրենց պրոֆեսիոնալ դերը կստանձնեն՝ որպես իշխանության չորրորդ ճյուղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031