Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քրիստոֆեր Ալդեր. «Հայկական սիմֆոնիաներում արտացոլված է հայոց պատմությունը, հայերի պայքարը, և ինձ համար հաճելի է այն աշխատանքը, որ կատարում եմ Հայաստանում»

Հուլիս 22,2019 16:27

Հուլիսի 16-19-ը երաժշտական պրոդյուսեր, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրեց Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։ Քրիստոֆեր Ալդերն ինքը չի հաշվել իր ձայնագրած ստեղծագործությունների թիվը։ Ոմանք ասում են, թե այդ թիվը հասնում է 350-ի։ Ալդերը ստացել է «Գրեմմիի» 10 մրցանակ։ Նա համագործակցում է աշխարհի լավագույն արտիստների հետ, և Ալդերի մասնակցությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրմանը ապահովում է ձայնագրման բարձր որակ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից հայ հեղինակների սիմֆոնիաների ձայնագրումը հնարավոր է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Քրիստոֆեր Ալդերի հետ։

-Պարոն Ալդեր, Դուք մեծ շփումներ ունեք երաժշտական աշխարհում։ Հետաքրքիր է իմանալ՝ դասական երաժշտությունը զարգացման ի՞նչ միտումներ ունի։ Հանրությունը ի՞նչ է ուզում այսօր լսել։

-1980-2000-ական թվականներին «Դոլչե գրամոֆոնի» հետ որոշ ուսումնասիրություններ էի կատարում, և արդյունքում պարզվեց, որ մինչև 40 տարեկան լսարանը նախընտրում էր ունկնդրել բարոկկո և վերածննդի դարաշրջանի երաժշտություն, ինչին այսօր շատ ավելի քիչ ենք ականատես լինում։ Այժմ, օրինակ, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում գումար են ծախսում, օպերային թատրոն գնում՝ օպերային բեմականացումներ դիտելու։ Այսօր ունենք շատ երիտասարդ դիրիժորներ, ովքեր փորձում են կատարել ժամանակակից ստեղծագործություններ, որպեսզի նոր լսարան ներգրավեն։ Իրականում այսօր կյանքի ռիթմն այնքան արագ է, որ մարդիկ չեն կարողանում ժամանակ տրամադրել երաժշտություն լսելու, գիրք կարդալու համար։ Այդ ամենը ժամանակ է պահանջում, ինչը մարդիկ չունեն։ Գերմանիայի ռադիոկայանները դասական երաժշտության շատ փոքր հատվածներ են եթեր սփռում։ Միայն երեկոյան ժամերին է ամբողջ ստեղծագործությունը հեռարձակվում։ Ես ապրում եմ Համբուրգում, այստեղ Էլբֆիլհարմոնիան, որ նոր է կառուցվել, իր դիզայնով, նոր ոճով գրավում է մարդկանց, և համերգները ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում։ Այսինքն՝ դահլիճը, կառույցն ինքնին գրավիչ են ունկնդիրների համար։ Այսօր մարդկանց գրավում են համերգների ոչ ստանդարտ կազմակերպման ձևերը՝ համերգներ դղյակներում, բաց տարածքներում, նույնիսկ՝ գործարաններում։

-Արդեն մի քանի տասնամյակ մեզանում չեն ծնվում Մոցարտներ, Շոստակովիչներ, Պրոկոֆևներ, Մալերներ, նման մակարդակի կոմպոզիտորներ։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, գուցե ասելիք չկա՞։

-Պատմությունը դիտարկելիս կարելի է տեսնել, որ միևնույն ժամանակաշրջանում ստեղծագործել են բազմաթիվ կոմպոզիտորներ, սակայն քչերն են հասել հաջողության։ Բացի այդ, ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնում։ Այնպես չէ, որ Բեթհովենն իր ժամանակաշրջանում քննադատությունների չի ենթարկվել, Բեթհովենի երաժշտությունն իր օրերում չի ընդունվել, նույնը կարելի է ասել այլ կոմպոզիտորների մասին։ Եվ միայն ժամանակ անց են մարդիկ սկսել հասկանալ ու գնահատել նրանց արվեստը։ Օրինակ, ժամանակակից կոմպոզիտոր Ջոն Ադամսին գուցե այսօր այնքան էլ շատ չեն լսում, բայց չի բացառվում, որ տասնամյակներ անց նա ունենա նույն համբավը, ինչ Շոստակովիչը։ Չեմ կարծում, թե սա միայն կոմպոզիտորի հարցն է։ Սա նաև նվագախմբերի խնդիրն է, քանի որ այսօր շատ նվագախմբեր գերադասում են կատարել ստեղծագործություններ, որոնց համար հեղինակային իրավունքի գումար չեն վճարի. այստեղ կա նվագաբաժինների, պարտիտուրների խնդիր։ Իսկ ժամանակակից կոմպոզիտորի գործեր կատարելը ֆինանսական ներդրում և ժամանակ է պահանջում։ Բացի այդ, ժամանակակից ստեղծագործությունը միշտ է քննադատության առարկա դառնում։ Իհարկե, սրան զուգահեռ կան ժամանակակից ստեղծագործողներ, որոնք ունեն մեծ պահանջարկ ու լսարան, օրինակ` Սոֆյա Գուբադուլինան և այլք։

-Պարոն Ալդեր, Դուք համագործակցել եք ամենահայտնի արտիստների ու կոլեկտիվների հետ։ Ո՞ւմ կառանձնացնեք այդ ցանկից։

-Ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու դիրիժոր Կլաուդիո Աբադոյի հետ։ Վերջինիս հետ համագործակցությունն այնքանով էր հետաքրքիր, որ ես կարողանում էի նաև աշխատելով նրա հետ՝ ծանոթանալ որոշ առանձնահատկությունների, շատ բան սովորել։ Հիշում եմ մի դեպք, երբ Աբադոն Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախմբի հետ փորձի ժամանակ երկու ժամ աշխատեց թավջութակահարների խմբի հետ՝ լավագույն արդյունք ստանալու համար։ Աշխատել եմ Դոմինգոյի, բազմաթիվ այլ հայտնի արտիստների հետ։ Առաջին հայացքից թվում է, թե նրանց հետ հեշտ է, սակայն իրականում նրանց հետ աշխատելիս բազմաթիվ վարիացիաներով փորձում ենք, նոր միայն ձայնագրում։ Շատ բան կա նաև նրանցից սովորելու։ Նվագախմբերից կառանձնացնեմ Լոնդոնի սիմֆոնիկ, Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ, Լոս Անջելեսի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Եվրոպայի կամերային նվագախումբը և այլն։

-Հայկական երաժշտության հետ ե՞րբ և ինչպե՞ս եք ծանոթացել։ Ձայնագրում եք հայ կոմպոզիտորների 3 գործերը, Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են։

-Իմ ծանոթությունը հայ կոմպոզիտորական արվեստի հետ սկիզբ է առնում Արամ Խաչատրյանից։ Երբ ծանոթացա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, ինձ սկսեց հետաքրքրել հայկական երաժշտությունը, Սերգեյն ինձ ուղարկեց հայ կոմպոզիտորների գործեր, սկսեցի լսել։ Այնուհետև Սերգեյի հետ կրկին հանդիպելուց հետո սկսեցինք խոսել հնարավոր ձայնագրությունների մասին, քննարկեցինք, թե որ գործերը կարող ենք ձայնագրել։ Որոշեցինք անդրադառնալ այնպիսի ստեղծագործությունների, որոնք ձայնագրված չեն եղել, և դրանց ձայնագրությունը հնարավորություն կտա հայկական արվեստը հանրայնացնելու Հայաստանի սահմաններից դուրս։ Ընտրվեց Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիան, քանի որ այն երաժշտական առումով ավելի հետաքրքիր է։ Պետք է ասեմ, որ այս գործերը հետաքրքիր են, խորը բովանդակային առումով, էմոցիոնալ են, ասելիքով լի։ Այդ զգացմունքայնությունը կարելի է համեմատել իտալական ստեղծագործությունների հետ։ Ձայնագրվող սիմֆոնիաներում արտացոլված են հայոց պատմությունը, հայերի պայքարը, և ինձ համար հաճելի է այն աշխատանքը, որ կատարում եմ Հայաստանում։

-Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելը հե՞շտ է։

-Թե՜ նվագախմբի, թե՜ Սերգեյ Սմբատյանի հետ աշխատանքը բավականին հետաքրքիր ու հեշտ է։ Սերգեյին վաղուց եմ ճանաչում, ակտիվ ու աշխատասեր անձնավորություն է։ Ձայնագրման աշխատանքներից երևում է, որ նվագախումբը պատրաստված է եկել, ծանոթ էին ստեղծագործություններին, բազմաթիվ փորձեր են կատարել մինչ ձայնագրումը։ Երաժիշտները երիտասարդ են, երևի դա է պատճառը, որ նվագախումբն ավելի արդյունավետ է աշխատում, և այն նվագախմբերից չէ, որ սպասում է, թե երբ կգա ընդմիջման ժամը։

Զրուցեց Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031