Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանն ու թաղապետարանները եթե ժամանակին հնձեն ու ջրեն՝ հրդեհները քիչ կլինեն

Հուլիս 22,2019 16:18

Այս տարի հրդեհների թիվն աճել է. նախորդ տարվա 6 ամիսների համեմատ, այս տարվա 6 ամիսներին գրանցվել են 2,1 անգամ ավելի հրդեհներ: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» ակումբում ասաց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոս, ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը: Նրա ներկայացմամբ՝ խոտածածկ տարածքների հրդեհները ավելացել են 4 անգամ, միայն հուլիսին 1200- ից ավելի հրդեհ է տեղի ունեցել, մեծ մասը խոտածածկ տարածքներում:

Հայրապետյանն ասաց, որ 2018-ի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ այս տարվա նույն ժամանակահատվածում այրված տարածքների մակերեսը 5,7 անգամ ավելի շատ է եղել:

«Հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ հիմնականում ծխախոտի մնացորդը նետելը, հանգստյան գոտիներում աղբ թողնելը և այլն: Այդ իսկ պատճառով ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,- ասաց Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալը:

Նա նաև շեշտեց, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հրդեհային պահպանությունը ոչ միայն ԱԻՆ հրշեջ-փրկարարների գործն է, այլև՝ տեղական ինքնակառավարման, պետական մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համատեղ ուժերի:

Վերջին շրջանում պարբերաբար հրդեհներ են բռնկվում տարբեր այգիներում, հանգստի գոտիներում, օրինակ՝ Հաղթանակի այգում: Aravot.am-ի հարցին՝ արդյոք անվտանգության կանոնները չեն պահպանվում, այս հրդեհներից հնարավո՞ր է խուսափել, Հայրապետյանը պատասխանեց. «Հանրային տարածքներում քաղաքապետարանի սուրբ պարտականությունն է այդ տարածքներում նախ խոտը հնձել, հետո ոռոգել: ՏԻՄ-երը, կազմակերպությունները այդ տարածքներում պետք է ժամանակին հնձեն խոտը»:

Հրդեհների հիմնական պատճառը, ըստ Հայրապետյանի, մարդկային գործոնն է:

Մանրամասն՝ տեսանյութում

ԱԻՆ փորձագետի ներկայացմամբ՝ մայրաքաղաքում կան վարչական շրջաններ, որտեղ համեմատաբար ավելի քիչ է հրդեհ լինում, քանի որ այդ հատվածներում ոռոգումը նորմալ է կազմակերպվում եւ չոր ու հրդեհավտանգ խոտ քիչ է լինում:

«Գրեթե բոլոր համայնքներում էլ լինում են հրդեհներ. Մի տեղ շատ՝ մի տեղ՝ քիչ: Օրինակ Դավիթաշենում ավելի քիչ է լինում, ավելի շատ Էրեբունիում է լինում: «Տրադիցիոն» Հրազդանի կիրճում եւ Էրեբունիի Մուշավան թաղամասում են ավելի շատ հրդեհներ լինում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031