Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ թե շատ ճիշտ եմ եղել, երբեմն սխալվել եմ, բայց հիմնականում մանրուքների մեջ եմ սխալվել». Սվիտալսկին՝ իր սխալների մասին

Հուլիս 22,2019 16:07

Այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում դիվանագիտության առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն հարցրեցին՝ երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ, քաղհասարակության կառույցները հայտարարությամբ հանդես եկան, որ պետք է վերանայել ԵՄ-ՀՀ կապերը, ավելի սերտացնել՝ հաշվի առնելով,որ նոր իշխանություն է, որը փորձում է ԵՄ-ին համահունչ նոր բարեփոխումներ իրականացնել, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը փոփոխության ենթակա չէ՞ այս առումով:

Սվիտալսկին պատասխանեց. «Ես բոլորիդ հրավիրում եմ համաձայնագրի իրականացման գործընթացը մշտադիտարկել, ուրախ եմ, որ եվրաինտեգրման հանձնաժողովը նիստ է արել, քննարկել համաձայնագրի իրականացումը: Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները պետք է հետեւեն համաձայնագրի իրականացման ընթացքին: Ճյուղային նախարարությունները մշակում են կոնկրետ գործողություններ ճանապարհային քարտեզի մասով, ինչը նույնպես շատ դրական է: Խորհրդանշանական է, որ մենք նշանակալիորեն ավելացրել ենք ՀՀ-ի զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցությունը, 25 մլն եվրո ստացել է ՀՀ-ն հայեցողական հիմնադրամի շրջանակներում: Թե ինչպես են ծախսվում այդ գումարները, որոշվում է ըստ կատարողականի: Ես կարող եմ ցանկանալ, մաղթել ՀՀ-ին հաջորդ տարի դուք նույնչափ հաջողության հասնեք ու կարողանաք հիմնադրամի միջոցներն ավելացնել: ՀՀ-ԵՄ համագործակցությունը ճիշտ ճանապարհին է, վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է դա»:

Դեսպանը նշեց, որ բարձր մակարդակի վստահություն կա ԵՄ-ին, հայերի 60%-ից ավելի դրականորեն են ընկալում ԵՄ-ն:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է մատնանշել ՀՀ կառավարության սխալները վերջին երկու տարիներին եւ կոնկրետ իր սխալները: Սվիտալսկին պատասխանեց. «Իմ կատարողականի գնահատականները թողնում եմ ձեզ, դուք որոշեք, թե քանի սխալ եմ ես արել: Գիտենք, մենք բոլորս էլ մարդ ենք, իսկ մարդը սխալական է: Երբ ես հետ եմ նայում ու փորձում պատկերացնել, թե ինչ եմ արել, ձեռքբերումները եղել են պարզ: Իսկապես, շատ գոհացնող ժամանակահատված է եղել, ուրախության ժամանակահատված, պրոֆեսիոնալ բավարարվածության: Եթե իմ դատողական կարծիքը հարցնեք, քիչ թե շատ ճիշտ եմ եղել, երբեմն սխալվել եմ, բայց հիմնականում մանրուքների մեջ եմ սխալվել: Շատ դժվար է լույս սփռել մեր գործունեության այն հատվածների վրա, որոնք հանրության համար տեսանելի չեն, թեեւ առաքելության ընթացքում ես փորձել եմ հնարավորինս թափանցիկ լինել: Դեռ բազմաթիվ նյութեր կան, որ հանրությանը հասանելի չեն դառնում ու դա բնական է: Միգուցե վաղ է ամփոփելը այն ամենը, ինչ ՀՀ-ում տեղի է ունեցել իմ ժամկետում: Իմ առաքելության ընթացքում բազմաթիվ են եղել իրադարձությունները՝ թավշյա հեղափոխությունը, բացի դրանից «Սասնա ծռերը», ապրիլյան պատերազմը, յուրաքանչյուր դիվանագետի համար կհամարվի մարտահրավերներով լի ժամանակահատված: Բայց ընդհանուր առմամբ, բավարարված եմ զգում, նույնիսկ եթե ինչ-որ իրավիճակներում սխալ եմ եղել, հիմա ճամփորդելով ՀՀ-ում, հանդիպելով հայերի, կարծում եմ, գնահատում են … Ինձ համար այդ ժամանակահատվածը անձնական ու պրոֆեսիոնալ տեսանկյունից եղել է շատ բավարարող, գոհացնող»:

Սվիտալսկին անդրադարձավ նաեւ կառավարության սխալներին, մանրամասները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031