Գլենդելում գործող հայկական մանկական ֆուտբոլային ակումբներից մեկի մարզիչը հայ համայնքի հետ հանդիպմանը եկել էր իր սաներից մի քանիսի հետ: Նա ասաց, որ իրենց ակումբում կան հայ եւ օտարազգի տաղանդավոր շատ երեխաներ, որոնք ոգեշնչվելով Հենրիխ Մխիթարյանով, փորձում են առաջ գնալ, եւ ֆուտբոլիստից հարցրեց, թե երեխաներն ինչո՞ւ պետք է ընտրեն Հայաստանի հավաքականը եւ ի՞նչ պետք է անեն, որ հասնեն այդ մակարդակին:
«Ցանկացած հայ պետք է ձգտի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, այլ ոչ թե մեկ այլ երկրի: Ինչի՞, որովհետեւ դու հայ ես ու պիտի խաղաս Հայաստանի հավաքականում: Սա իմ կարծիքն է: Ինձ ոչ-ոք չի ստիպել: Ես այդպես եմ դաստիարակվել, այդպիսի դաստիարակություն եմ ստացել: Ինքս եմ զգացել, որ երբ մեծանամ եւ ընտրության հնարավորություն ունենամ, դա լինելու է Հայաստանի ազգային հավաքականը: Նույնն էլ ձեզ եմ ասում սիրելի երեխաներ: Եթե ձեզ իսկապես հայ եք համարում եւ ցանկություն ունեք, խաղացեք Հայաստանի ազգային հավաքականում: Իսկ եթե այլ հավաքական ընտրեք, դա կլինի ձեր անձնական որոշումը»,-ասաց հավաքականի ավագը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից