Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը Summit of Minds-ի քույր կոնֆերանսը Դիլիջան է բերում

Հուլիս 22,2019 15:45

Ֆրանսիական Շամոնի քաղաքը եւ Դիլիջանը կքույրանան: Լուրը Դիլիջանի քաղաքապետարանում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը մեծ ներդրում է ունեցել այս նախաձեռնության մեջ: «Սա շատ լավ քայլ է: Summit of Minds-ը` Մտքերի գագաթնաժողովն, ամեն տարի կայանում է Շամոնիում, հիմա էլ քույր կոնֆերանսը կկայանա Հայաստանում: Հիմնադիրները համաձայնել են մեզ հետ համագործակցել: Շամոնիում գագաթնաժողովն աշնանն է լինելու, իսկ մենք այն Հայաստանում որոշել ենք իրականացնել ամռան սկզբին»,-հայտնեց նախագահը: Հավելեց, որ Շամոնիի քաղաքային խորհուրդը որոշել է ավելի սերտ համագործակցել Դիլիջանի հետ: Մտքերի գագաթնաժողովի քույր կոնֆերանսի` Հայաստանում անցկացվելու վերաբերյալ բացառիկ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2018 թ. սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Մանրամասն` տեսանյութում

Արմեն Սարգսյանն ասաց, որ Շամոնին դասական լավագույն օրինակ է, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ: Վերջինս ընդամենը 10000 բնակչություն ունի, բայց տարեկան 5 մլն զբոսաշրջիկ է ընդունում: «Շամոնին նաեւ շատ գեղեցիկ վայր է, համարյա նույնքան գեղեցիկ, որքան Դիլիջանը: Ամենամեծ գեղեցկությունը այստեղ Մոնբլանն է… Քաղաքը գտնվում է 1000-4000 մետր բարձրության վրա»,-հավելեց նա:

Նախագահը նշեց, որ Շամոնիի կողմից առաջարկություն կա, որ Դիլիջանի ներկայացուցիչները մոտ ժամանակներն այցելեն իրենց քաղաք եւ քննարկեն համագործակցության հեռանկարները. «Ծրագիրը փոխանցում եմ ձեզ: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կծառայի եւ մարզին, եւ քաղաքին, եւ ընդհանրապես Հայաստանին…Եթե փոքրիկ Շամոնին 5 միլիոն զբոսաշրջիկ է ունենում, Դիլիջանն ինչո՞ւ չի կարող գոնե 1 միլիոն ունենալ»:

Մանրամասն` տեսանյութում

Արմեն Սարգսյանի ձեւակերպմամբ, Դիլիջանը հին ու գեղեցիկ ավանդույթներ ունեցող քաղաք է, որտեղ այժմ նոր ավանդույթներ էլ են ձեւավորվել: Նա մարզպետին ու քաղաքապետին ասաց, որ մարզի ստրատեգիան պետք է կարողանալ ճիշտ ձեւակերպել` չձախողելու համար: «Դիլիջանը մշակութային եւ ինտելեկտուալ քաղաք պետք է լինի զբոսաշրջիկների համար»,- նշեց ՀՀ նախագահը: Նաեւ հույս հայտնեց, որ Շամոնիի հետ համագործակցությունը չի սկսվի ու ավարտվի միայն քաղաքների քույրանալու մասին փաստաթուղթը ստորագրելով:

Մանրամասն` տեսանյութում

Նախագահի խոսքով, Տավուշը միշտ տվել է գիտության ու մշակույթի մարդիկ, մեծ անուններ, նաեւ մեծ անունների է հյուրընկալել: Հավելեց, որ եթե Բենջամին Բրիտտենը, Ռոստրոպովիչը, Շոստակովիչը գալիս էին Դիլիջանի կոմպոզիտորների տուն, ի նշան շնորհակալության համերգներ էին ունենում Հայաստանում. «Շոստակովիչը միանգամից երեք համերգ էր տալիս, որովհետեւ նա եւ իր տիկինը` Գալինա Վիշնեւսկայան սիրահարված էին Դիլիջանին»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն հայտնեց իր ձեւակերպմամբ, նվերի համար, նաեւ այն բանի, որ ՀՀ նախագահը Դիլիջանը դիրքավորում է իբրեւ ինտելեկտուալ քաղաք: Տեղեկացրեց, որ առաջիկայում կկայանա Բերդի փառատոնը, «Ջազը սահմանի» վրա ծրագիրը, որի արդյունքում երկու կողմի զինվորներն էլ երաժշտություն կլսեն: Նա ընդգծեց, որ մարզի 24 համայնք սահմանապահ է, եւ շուրջ 300 կմ սահման ունեն: Նաեւ հպարտությամբ շեշտեց, որ մարզում 40 Արմաթ լաբորատորիա ունեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031