Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ է` ի՞նչ դիմում ենք ներկայացրել». Արամ Վարդեւանյանի պատասխանը

Հուլիս 22,2019 15:37

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան իրավունք է տալիս դիմող պետությունների բարձրագույն դատական ատյաններին դիմել Եվրոպական դատարան կարծիք կամ տեսակետ ստանալու համար միմիայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավունքների բովանդակության և դրանց կիրառման պրակտիկայի հարցերով: Հիմա՝ էստեղ ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին այդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է այստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն`անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով`ՍԴ-ի`ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված դիմումին:

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի տեսակետին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը նախ նկատեց, որ պարոն Ջհանգիրյանը քրեագետ է, բայց ոչ սահմանադրագետ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնագետ, առավել ևս, որ տվյալ պարագայում ինքը ՄԻԵԴ-ի վճիռների հակառակ կողմում է հայտնվել`իրավունք խախտողների շարքում:

Պաշտպանը նաեւ նկատում է`2019 թվականի մայիսի 7-ից հետո, երբ առաջին անդամ ՍԴ-ի կողմից ճանաչվեց Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը (խոսքը Վճռաբեկ դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ ուղարկելու մասին է-Ն. Գ.), Հ1-ի եթերում պարոն Ջհանգիրյանը առաջին անգամ խոսեց, որ ՍԴ-ում խնդիրներ կան, այնուհետեւ այդ մտքին միացավ պարոն Վահե Գրիգորյանը եւ այլն: Սա Արամ Վարդեւանյանը տարակուսելի է համարում պարոն Ջհանգիրյանը օբյեկտիվության տեսանկյունից: Ապա հարցնում է`արդյոք պարոն Ջհանգիրյանը տեղյակ է`ի՞նչ դիմում ենք ներկայացրել եւ մանրամասնում`նաեւ պարոն Ջհանգիրյանի համար. «Մի քանի խնդիր ենք ներկայացրել`որոշակիություն, կանխատեսելիություն, անձի անձնական ազատության իրավունք, արդար դատաքննության իրավունք: Եթե նորմն այնքան անհստակ է, ինչպես այս դեպքում 300.1 հոդվածն է, այն զուտ սահմանադրականության համապատասխանության խնդիր չէ, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 եւ 6-րդ կետերի խախտման ռիսկ կա: 6-րդ հոդվածն առավել ևս, քանի որ արդար դատաքննություն ակնկալել, երբ անորոշ նորմ կա`հնարավոր չէ: Այո, ՄԻԵԴ դիմումում կոնվենցիոնալ հարց կա: Նաեւ`2015-ի սահմանադրական փոփոխությունների առանցքը մարդու իրավունքներն էին, եւ ստանդարտները` մեր Սահմանադրության ու Մարդու իրավունքների կոնվենցիայի, պետք է սինխրոնիզացված լինեն»:

ՄԻԵԴ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից պատասխաններն ակնկալվում են 5-6 ամսվա ընթացքում: «Առավել ևս, այս պարագայում, երկրորդ նախագահը չի կարող կալանքի տակ գտնվել»,- ասում է պաշտպանական խմբի անդամը` հավելելով, որ նրա ազատ արձակման համար օրենսդրական բաց չկա: Տվյալ դեպքում, թերացումը առաջին ատյանի դատարանի կողմից է արձանագրում պաշտպանը: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ է արգելափակվում գրավի միջնորդության հարցը:

Նա չի հասկանում նաեւ, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս պետք է այդ միջնորդությունը քննվի, որոշումը կայացվի, երբ դատավորը արձակուրդից վերադառնա, քանի որ խորհրդակցական սենյակը`դատավորի աշխատասենյակը, կնիքված է: Ի դեպ, Դատախազության հաղորդագրությունը, նրա համար առնվազն տարակուսելի է, քանի որ դրանում ասվում է`Գրիգորյանը որեւէ դատավարական կարգավիճակ չունի եւ պարտավոր ենք հարգել նրա անմեղության կանխավարկածը: «Բա այդ դեպքում ո՞նց ենք կնիքում դատավորի աշխատասենյակը, որը նաեւ խորհրդակցական սենյակ է եւ փաստաբանական խմբի`առաջին ատյան ուղարկված նյութերն առգրավվել են: Անհասկանալի է դատախազության մեկնաբանությունը, որ խոսքն այլ գործի արձանագրության մասին է, քանի որ արձանագրությունները դատավորի կողմից չեն կազմվում»,- ասաց նա:

Պաշտպանական խմբի ֆրանսիացի անդամ Սեւակ Թորոսյանն էլ հույս ունի, որ ՍԴ-ն որոշում կընդունի, որն այս «կատակերգության վերջը կտա»: Նա զգուշացնում է`եթե որեւէ մեկը 300.1 հոդվածով հիմա դատապարտվեց, վաղը լրագրողները, փաստաբանները եւ քաղաքական գործիչները կդատապարտվեն` սահմանադրական կարգը խախտելու համար: Քրեական հանցագործությունը, Սեւակ Թորոսյանի պնդմամբ, պետք է հստակ բանաձեւի, ինչը Քոչարյանին առաջադրված մեղադրանքում չկա: Ֆրանսիայում մի շարք բարձրակարգ մասնագետների հետ էլ է ինքը խորհրդակցել, նրանք էլ չեն հասկանում այս հոդվածի հիմքը, այն կամայական են համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031