Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր՝ որպես ֆուտբոլիստի կայացման մասին, ներկաների հարցին պատասխանելով՝ ասաց, թե ինչպե՞ս կարելի է անվանի մարզիկ դառնալ: «Ես դեռ Հայաստանի ազգային հավաքականի անդամ եմ, գործող ֆուտբոլիստ: Եվ առայժմ այսպես եմ օգտակար լինում իմ երկրին ու հայկական ֆուտբոլին: Հին ու նոր ֆուտբոլ չկա: Կա ֆուտբոլ, որը եղել է եւ կլինի: Պարզապես, պետք է կարողանանք այսօր մարզվող երեխաներին ճիշտ ուղու վրա դնել, որ նրանք հասկանան՝ կապ չունի, թե դու որտեղ ես ծնվել՝ Հայաստանո՞ւմ, թե այլ երկրում: Դու պետք է կարողանաս քո ուժերին հավատալ, քո երազանքներին հավատալ ու շարժվել առաջ: Չկա մի բան, որ անհաղթահարելի լինի:
Հիմա շատ մարդիկ հարցնում են՝ ոնց է ստացվել, որ հանդես ես եկել Մանչեսթերում, խաղում ես «Արսենալում»: Ուղղակի ես նպատակ եմ ունեցել, երազանք եմ ունեցել: Ոչ մեկի ուղին էլ հեշտ չի: Այստեղ նստած Արարատ-73-ի ֆուտբոլիստներն ել կարող են ասել, թե ինչ դժվարությունների միջով են անցել, թե ֆուտբոլն ինչ դժվար խաղ է: Մարդիկ կարող են մտածել, թե ֆուտբոլում ուղղակի գնդակի հետեւից ես վազում, գոլ են խփում՝ ուրախանում են: Բայց դրա հետեւում հսկայական աշխատանք կա դրված ու ամեն ինչ սկսվում է հենց այդ աշխատանքից»,-սկսնակ ֆուտբոլիստներին խորհուրդ տվեց Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից