Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը իրավունքի խախտում է. անհապաղ պետք է նիստ հրավիրվի եւ խափանման միջոցը փոխվի: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում բանախոսն հիմնավորեց իր պնդումը`անդրադառնալով նաեւ ՍԴ-ի`Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու համար ուղարկված դիմումների շուրջ առաջացած աղմուկին:
Նման դիմումները, բանախոսի պնդմամբ, hայաստանյան պրակտիկայում նորարարություն են, բայց միջազգային փորձի տեսանկյունից`ոչ: Միջազգային պրակտիկայից նա օրինակներ բերեց, երբ այդ գործիքներն իրացվում են եւ նկատեց, որ թե ՍԴ-ն, թե Վճռաբեկ դատարանը կարող են դրանցից օգտվել: Հակադարձելով ընդդիմախոսներին, որոնք արտառոց էին որակել այդ քայլը, ասաց. «Որեւէ արտառոց բան այստեղ չկա: Միգուցե հարյուրավոր դիմումներ ներկայացվել են, բայց վերջին երեք տարիների ընթացքում, Մոլդովայի, Լեհաստանի, Վրաստանի ՍԴ-ներն են նմանատիպ իրավիճակներով դիմել Վենետիկի հանձնաժողովին: Սա որեւէ կերպ չի նշանակում, որ այդ բարձր դատարանները չունեին կարողություն կամ ունակություն`այդ որոշումները կայացնելու`առանց այդ խորհրդատվական կարծիքների: Սա ԵՄ անդամ երկրների համար հավելյալ գործիք է, որն օգտագործվել է»: Այս իմաստով, ծավալված դիսկուրսը նա տարակուսելի է համարում:
Քննադատություններ եղան նաեւ, որ առանց ԱԺ-ից բացատրությունը ստանալու ՍԴ-ն այդ քայլին դիմեց: Արամ Վարդեւանյանը այստեղ ևս հակասություն չի տեսնում: Ավելին, հարց է հնչեցնում`իսկ որտե՞ղ էր գրված, որ միայն այդ բացատրությունից հետո պետք է ՍԴ-ն դիմեր Վենետիկի հանձնաժողով:
«Իսկ որտե՞ղ է գրված, որ վերաքննիչ դատարանի բեկանումը որեւէ ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի որոշման վրա»,- այս հռետորական հարցադրումն էլ ուղղված է այն քննադատություններին, թե Վերաքննիչ քրեական դատարանի`առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելուց հետո ինչպե՞ս ՍԴ-ն այն վարույթ ընդունեց: «Պարզ ճշմարտություն կա. ՍԴ-ն կաշկանդված է մեկ իրավական ակտով`ՍԴ-ի մասին Սահմանադրական օրենքով: ՍԴ մասին օրենքով որեւէ տեղ չի նշվել եւ չի էլ կարող նշվել, որ ՍԴ դիմումները ՍԴ-ն պետք է դիտարկի`արդյո՞ք բեկանվել են, թե վճռաբեկության կարգով քննության առարկա են դարձել: Եթե նման կարգավորում լիներ, դատարանների կողմից միայն Վճռաբեկ դատարանը կարող էր ՍԴ դիմել»,- ասաց նա`հավելելով, որ կանխելու համար իրավական քաոսը, երբ Վճռաբեկ դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը ճիշտ կհամարի եւ ՍԴ-ն նորից, ամիսներ անց պետք է սկսի դիտարկել դիմումը, այս դրույթը ամրագրված է:
Կարդացեք նաև
Նաեւ բանախոսը հիշեցնում է, որ խոսքն այստեղ ոչ միայն առաջին ատյանի դատարանի դիմումի մասին է, այլ նաեւ փաստաբանական թիմի ներկայացված դիմումի, որոնք երկուսն էլ վարույթ էին ընդունվել ՍԴ-ի կողմից: Դրանք երկուսն էլ 300.1 հոդվածի սահմանադրականությանն են վերաբերվում եւ այդ երկու գործերով էլ վարույթը ՍԴ-ում կասեցվել է`մինչեւ խորհրդատվական կարծիքները ստանալը:
Սելեկտիվ քննադատություններ են հնչել, ըստ նրա, որոնք ամբողջական պատկեր չեն արտացոլում:
Նա պնդում է, որ երբ հուլիսի 8-ից, աշխատակարգային որոշմամբ առաջին ատյանի դատարանի դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունվեց`300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ, անձը կալանավորված չի կարող լինել, քանզի հիմնավոր կասկած եւ կալանավորման պայմաններ առկա չեն: Տվյալ պարագայում, ըստ նրա, կալանավորման հիմք է մի հոդված, որը սահմանադրականության խնդիր ունի. «Այդ օրվանից, երբ կալանավորումը խափանման միջոց է, դա իրավունքի խախտում է, ինչը զուտ կարծիք չէ, այլ եվրոպական դատարանի նախադեպից բխող եզրակացություն: Անհապաղ պետք է նիստ գումարվի եւ անձն ազատ արձակվի: Եթե լինեինք եվրոպական մի երկրում, գիշերը նիստ կգումարվեր` հիմնավոր կասկածի դադարեցման մասով եւ անձը ազատ կարձակվեր: Կարծում եմ բոլորդ նկատում եք, թե ինչ հետաքրքիր բաներ են կատարում վարույթն ընդունած դատավորի նկատմամբ, որը տարածաշրջանում աննախադեպ է»: Խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ